Լրահոս
Օրվա լրահոսը

Եռատոնը Բերձորում (Ֆոտոշարք)

Մայիս 09,2017 14:30

25 տարի առաջ ազատագրվեց նաև Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորը՝ նախկին Լաչինը, որը դարձավ մեր 2 պետությունները միավորող հատվածը՝ կյանքի ճանապարհը: Մայիսի 9-ին Բերձորում ևս տոնական էր: Առավոտյան արդեն մարդաշատ էր քաղաքի Խաղաղության հրապարակը, որի հարևանությամբ է Արցախյան գոյամարտի մարտիրոսներին նվիրված հուշահամալիրը՝ 3 խոնարհված պատերով, որոնց վրա են քանդակված Քաշաթաղի շրջանի տարածքում մարտիրոսված 300-ից ավելի քաջորդիների անունները: Հուշահամալիրում կայացավ տոնական միջոցառումը, որին ներկա էին բերձորցիներ շրջանի այլ բնակավայրերի բնակիչներ, հյուրեր, շրջվարչակազմի ու տարբեր կառույցների աշխատակիցներ, դպրոցականներ, ուսուցիչներ, ազատամարտիկներ:

Հուշահամալիրի պատերի, 10-ից ավելի այլ հուշակոթողների մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցը տոնական միջոցառումը հայտարարեց բացված: Հնչեց Արցախի Օրհներգը, 1 րոպե լռությամբ հարգեցին մարտիրոսների հիշատակը:

Ներկաներին շնորհավորեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը:

-Մեր հաղթանակների փառքի պսակը դարձավ Շուշիի ազատագրումը, որը Մեծ Հայրենականում մեր պապերի տարած հաղթանակի շարունակությունն էր: Փառք այդ հաղթանակները կերտողներին, -ասաց Ա. Մխիթարյանը և կարևորեց մեր ժողովրդի սերունդների կապը՝ ուրախությամբ նշելով, որ մեկը գերազանցում է մյուսին:

Անդրադարձավ անցած տարվա ապրիլյան պատերազմական իրադարձություններին, երբ մեր 18-20 տարեկան ժամկետային զինվորները, նրանց հերոս հրամանատարները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայոց սահմանն անառիկ է:

Այնուհետև ելույթ ունեցան Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջն. դպրոցի սաները՝ անդրադառնալով մայիս ամսին տեղի ունեցած հաղթանակներին՝ սկսած Հայկ Նահապետից, Ավարայրից, Սարդարապատից ու Բաշ-Ապարանից: Իրենց խոսքում բերձորցի դպրոցականները մեծ տեղ հատկացրեցին Մեծ Հայրենականում մեր պապերի կերտած հաղթանակին՝ արտասանելով «Ռազմակոչ» բանաստեղծությունը:

Խոսեցին մեր ժամանակներից, երբ իրենց պապերը, հայրերը 25 տարի առաջ ազատագրեցին Շուշին ու Լաչինը, ողջ Արցախը: Հնչեցին նաև հայրենասիրական երգեր: Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, շնորհավորելով ներկաներին Եռատոնի առթիվ, կարևորեց Մեծ հայրենականում մեր ժողովրդի դերը և այն, որ այդ պատերազմից էր կախված նաև մեր ժողովրդի ճակատագիրը: Խոսելով Շուշիի ազատագրման մասին՝ ասաց.

-Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայ քաջարի ռազմիկներին: Դա մեր պատասխանն էր նրանց, ովքեր մեր ժողովրդի դեմ սանձազերծել էին Արցախի հայաթափում և պատերազմ:

Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի կառույցի նախագահ Քերոբ Մովսեսյանն իր շնորհավորական ելույթում կարևորեց մեր ժողովրդի միասնության գործոնը մեր հաղթանակներում.

–Այս տոնը բոլորինս է, որովհետև ձեռք ենք բերել ողջ ժողովրդի միասնության, անձնվիրության, սեփական կյանքն ու առողջությունն ազգային շահերին ստորադասելու շնորհիվ,-ասաց Ք. Մովսեսյանը և հավելեց.-1992թ. մայիսին Արցախի ինքնապաշտպանության ուժերը ծրագրեցին և իրականացրեցին Շուշիի ազատագրումը՝ կերտելով մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկը:

Օրվա առթիվ ԱՀ Նախագահի, վարչապետի, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի, Արցախի ազատամարտիկների միության ու ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի կողմից եղան պարգևատրումներ: «Մարտական ծառայություն», «ԱՀ վարչապետի հուշամեդալ», «Հայրենյաց պաշտպան», ԵԿՄ հուշամեդալներ ու պատվոգրեր, դրամական պարգևներ ստացան ազատամարտիկներ, 2016թ. ապրիլյան քառօրյայի մասնակիցներ, շրջանի կայացման գործում ավանդ ունեցողներ: Երեկոյան կայանալու է տոնական համերգ և հրավառություն:

 

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031