Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Բրոկոլիով շատ համեղ աղցան

Մայիս 14,2017 12:30

Բրոկոլին, ասում են, ոչ միայն վիտամինների եւ հանքանյութերի հսկայական շտեմարան է, այլեւ բանջարեղենների մեջ չեմպիոն է` հակաօքսիդանտների պարունակությամբ, այդ թվում` հակաքաղցկեղային: Այնպես որ` որքան կարող եք հաճախ կերեք այս հրաշք բանջարեղենը: Սակայն պատրաստելիս նկատի ունեցեք, որ որքան կարճ ժամանակ այն ջերմամշակման ենթարկվի, այնքան քիչ օգտակար նյութեր կկորցնի: Եթե կարող եք հում վիճակում ուտել` շատ ավելի լավ: Բացի դա, հիշեք, որ պիտանի է միայն թարմ, վառ կանաչ գույնի բրոկոլին, եթե այն արդեն դեղնել է, առանց ափսոսելու դեն նետեք:

Այսօր առաջարկում եմ բրոկոլիով աղցան, որը եւ շատ արագ ու հեշտ է պատրաստվում, եւ շատ օգտակար է, եւ իսկապես շատ համեղ է:

Անհրաժեշտ մթերքները

Բրոկոլի- 1 գլուխ՝ մոտավորապես 0,5 կգ

Կիտրոն- 1 հատ

Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ

Մանանեխ (ցանկալի է դիժոնյան կամ որեւէ այլ քաղցրահամ)- 1 ճաշի գդալ

Սխտոր- 2-3 պճեղ

Աղացած կարմիր պղպեղ- մի պտղունց (ցանկալի է կծու չիլի, բայց եթե չեք սիրում, այդ դեպքում` քաղցրը վերցրեք)

Զարդարելու համար` 2-3 ճյուղ թարմ անանուխ եւ 1 ճաշի գդալ մաքրած, չբոված արեւածաղկի սերմ

Պատրաստման եղանակը

Բրոկոլին լավ լվանալ: Հիմքի ամենակոպիտ հատվածը կտրել գցել, մնացածը թողնել:  Ծաղկագլուխն առանձնացնել, սկզբում հիմքը բաժանել մի քանի մասի, ապա` ծաղկագլուխը:

Կաթսայի մեջ ջուր եռացնել, որին ավելացնել 1 ոչ լիքը ճաշի գդալ աղ: Կտրատած բրոկոլին լցրեք եռացող ջրի մեջ եւ ուղիղ երեք րոպեից հանեք ու անմիջապես ընկղմեք շատ սառը ջրի մեջ: Այդպիսով եւ վիտամինները կպահպանվեն` հնարավորինս շատ, եւ հյութեղ կանաչ գույնը: Որից հետո արագ ջրքամեք, կարող եք քամիչի վրա թղթե անձեռոցիկ դնել, որ մնացած խոնավությունն էլ կլանի:

Մինչ բրոկոլին «չորանում» է, պատրաստեք թանձրուկը: Մաքրած եւ լվացած սխտորը մանր կտրատեք կամ քերիչով մանրեք, լցրեք աղցանամանի մեջ: Լավ լվացած կիտրոնի կեղեւը նույնպես մանր անցքերով քերիչով քերեք, ավելացրեք սխտորին: Ավելացրեք նաեւ դիժոնյան մանանեխն ու սկսեք հարել: Գդալ -գդալ ավելացրեք ձիթայուղը, ինչպես նաեւ կես կիտրոնի հյութը: Կդառնա մածուցիկ զանգված: Ավելացրեք նաեւ աղացած պղպեղը: Ջրքամված բրոկոլին շուռ տվեք թանձրուկի վրա եւ լավ խառնեք, այնպես, որ բրոկոլիի ոչ մի կտոր անմասն չմնա թանձրուկից: Ապա պատրաստի աղցանը լցրեք այն ամանի մեջ, որով մատուցելու եք, վրան լցրեք արեւածաղկի մաքրած սերմերը եւ թարմ անանուխի տերեւները, որոնք, բնականաբար, պետք է նախապես լվանալ եւ չորացնել:

Վստահեցնում եմ` այս տարբերակով բրոկոլին կհավանեն անգամ նրանք, ովքեր այդ բանջարեղենի մասին լսել չէին ուզում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031