Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ հող վերադարձնել, ինչ բան». Վովա Վարդանով

Մայիս 15,2017 12:10

Հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովի դիտարկմամբ, 1993 թվականից մենք նույն սխալն ենք շարունակում՝ նահանջողական դիրքում:

«1993 թվականի աշնանից որոշեցինք՝ անելիք չունենք, թուրքն իրանը թող անի, դա սարսափելի սխալ է, դա նշանակում է նախաձեռնությունը տալ հակառակորդին»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Վարդանովը:

Ըստ նրա, պետք է դառնանք նախաձեռնող, պահանջող. «Ինչ հող վերադարձնել, ինչ բան: Հենց որ արտաքին քաղաքականությամբ զբաղվողները հայտարարում են հողերի վերադարձման մասին, բոլոր նախարարությունների հավաքարարները սկսում են հողերի վերադարձման մասին խոսել:

Հիմարություն են այդ խոսակցությունները, նշանակում է դառնալ անպաշտպան: Հլը տեսեք ինչ գումարներ են ծախսվում ազատագրված տարածքներում, դա նշանակում է, որ վերադարձնելու միտք էլ չկա: Այն ինչ հայտարարվում է արտաքին աշխարհի համար է:

Դա արվում է մանեւրելու տեղ թողնելու համար, արտաքին աշխարհի աչքին թոզ փչելու համար»:

Պարոն Վարդանովը վստահեցնում է՝ մեր ռազմաքաղաքական վերնախավը ոչ մի դեպքում հողեր հանձնելու քայլին չի գնա. «Մարտակերտից իջեք Վարդենիս, սաղ ձորը շինարարական աշխատանքներ են գնում, մեր ռազմաքաղաքական վերնախավը արտաքին խաղեր անելու հետ միասին չի պատրաստվում մեր հասարակությանը հակառակել»:

Aravot.am-ը պարոն Վարդանովից հետաքրքրվեց՝ ապրիլյան պատերազմի ժամանակ հեկտարների հասնող տարածքների կորուստը հանձնում չէ՞ր, եթե հաշվի առնենք, որ դուք էլ էիք ահազանգում, որ կորցրինք տարածքները վատ հետախուզության պատճառով, ի պատասխան պարոն Վարդանովը կրկնեց, որ ահռելի գումարներ են ծախսվում, դրանք չէին ծախսվի, եթե հանձնելու միտք լիներ. «Խոշոր շինարարական աշխատանքներ են տարվում, խոշոր ներդրումներ են արվում, որ համոզված չես, որ հողը պահելու ես, հիմարություն է փող ծախսել»:

Ասուլիսի վերջում էլ հավելեց, որ երբեք ՀՀ-ն Ադրբեջանի ունեցած զենք զինամթերքին համարժեք զենք չի ունեցել. «1991 թվականից սկսած՝ մենք միշտ իրենցից վատ ենք զինված եղել, իրենց մեծ փողերի հաշվին դիսբալանսը շարունակվում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031