ԴԱՍԱԳԻՐՔԸ

ԴԱՍԱԳԻՐՔԸ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ ութսունհինգերորդ

ԴԱՍԱԳԻՐՔԸ

Երբ Ֆելոյի լիքը բաժակ օղին ջրի պես վայրկենապես խմեցի, եւ երբ հայրս բարկացավ ու բաժակը խփեց արհեստանոցի հատակին, Ֆրունզիկն ապշահար նայեց ինձ, մի քիչ մտածեց ու ասաց՝ «գործ չունես, բալես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «սովորություն կդառնա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գոնե վրայից լիմոնադ խմի», եւ, հիշում եմ, Ֆրունզիկի խոսքի վրա Ֆելոն փռթկացնելով  ասաց՝ «իսկական խմողները լիմոնադով են զապիվատ անում», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու գոռաց՝ «գոնե դու մի խոսա», եւ Ֆելոն զարմացած նայեց հորս ու հարցրեց՝ «իմ մե՞ղքը որն ա», եւ հայրս մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «դու ես շիրա տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «անցած անգամ էլ դու շիրա տվիր, որ խմեց», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու փռթկացնելով հորս ասաց՝ «բայց անցած անգամ բաժակը չխփեցիր գետնին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ անցած անգամ բաժակը խփեիր, էս անգամ չէր խմի», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «զարմանալի ա, որ բաժակը չջարդվեց» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «խոսք տուր, որ էլ չես խմի», եւ ես ասացի՝ «խոսք եմ տալիս», եւ Ֆրունզիկն ինձ ասաց՝ «որ խոսքիդ տեր կանգնես, քո համար հեծանիվ կառնեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հեծանիվ չեմ ուզում», եւ Ֆրունզիկն ինձ հարցրեց՝ «բա ի՞նչ ես ուզում», եւ ես ժպտալով Ֆրունզիկին ասացի՝ «ուզում եմ, որ տոպրակը բացեք», եւ Ֆելոն ասաց՝ «տոպրակի մասին լրիվ մոռացել էինք», եւ Ֆրունզիկն ասաց՝ «ես էլ էի մոռացել» եւ ինձ նայելով ժպտաց ու ավելացրեց՝ «Արմենչոյի խմելը որ տեսանք, ամեն ինչ մոռացանք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարա՞ք գլխի ընկնեք՝ էդ տոպրակի մեջ ինչ ա», եւ Ֆելոն Ֆրունզիկին հարցրեց՝ «կարելի ա՞ դրսից շոշափեմ՝ ասեմ», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «շոշափելով պապս էլ կասի», եւ ես Ֆրունզիկին հարցրի՝ «ես ասե՞մ՝ ինչ ա», եւ Ֆրունզիկն ասաց՝ «ասա», եւ ես ժպտալով ասացի՝ «արաղ ա», եւ հայրս թարս նայեց ինձ, եւ Ֆրունզիկը փռթկացնելով հորս ասաց՝ «էս էրեխի ուշքն ու միտքն արաղն ա» եւ ժպտալով նայեց ինձ ու ավելացրեց՝ «գլխի չընկար, Արմեն ջան», եւ Ֆելոն Ֆրունզիկին հարցրեց՝ «ես ասե՞մ, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկն ասաց՝ «ասա, Ֆելո ջան», եւ Ֆելոն ասաց՝ «Արմենի համար ինչ-որ խաղալիք ա», եւ Ֆրունզիկն ասաց՝ «Արմենչոյի խաղալիքի տարիքը վաղուց ա անցել» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ինքը մեզնից լավ ա արաղ խմում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հուշելու կարգով ասեմ, որ էս տոպրակի միջինը գիրք ա», եւ Ֆելոն Ֆրունզիկին հարցրեց՝ «ի՞նչ գիրք ա», եւ Ֆրունզիկն ասաց՝ «դուք պիտի ասեք», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դասագիրք ա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «ահագին մոտեցար» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆելոյին հարցրեց՝ «ի՞նչ դասագիրք ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արմենի համար դասագիրք եք առել», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «էլի հեռացար» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դասագիրքը դասագիրք ա, բայց Արմենի համար չի»  եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ով որ գուշակի՝ էս  տոպրակի միջինն ինչ գիրք ա, էդ գիրքը նվեր կստանա», եւ ես Ֆրունզիկին հարցրի՝ «ես ասե՞մ՝ ինչ գիրք ա», եւ Ֆրունզիկն ինձ ասաց՝ «ասա, Արմեն ջան», եւ ես ժպտալով ասացի՝ «Ստանիսլավսկու գիրքն ա», եւ Ֆրունզիկն ապշահար նայեց ինձ, հետո հորս ասաց՝ «էս էրեխեդ տեղով մեկ հանճար ա» եւ մի քիչ մտածեց, հիացած նայեց ինձ ու ավելացրեց՝ «ինքը մեզ հավասար խմել ա, բայց տրամաբանությունը լրիվ տեղն ա», ու էդ ասելով Ֆրունզիկը տոպրակը բաց արեց, տոպրակի միջից Ստանիսլավսկու գիրքը հանեց ու տվեց ինձ, ու ես Ստանիսլավսկու գիրքը վերցնելով՝ զարմացած նայեցի  Ֆրունզիկին ու հարցրի՝ «բայց ինչի՞ եք ինձ տալիս», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «բա ո՞ւմ տամ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Ֆելո ձյաձյային» եւ ժպտալով ավելացրի՝ «էս իրա դասագիրքն ա», եւ Ֆրունզիկը  մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «ճիշտն ասած, ես էս գիրքը Ֆելո ձյաձյայի համար եմ առել, բայց որ դու գուշակեցիր, ստիպված պիտի քեզ տամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես ո՞նց կարամ իմ դրած պայմանը խախտեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու Ֆրունզիկին ասացի՝ «բայց էս գիրքն ինձ պետք չի», եւ Ֆրունզիկը բավական երկար մտածեց, նայեց Ֆելոյին, հետո նայեց ինձ ու փռթկացնելով ասաց՝ «եթե քեզ պետք չի, կարաս Ֆելոյին նվիրես»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք