«Կնիկ առնելն ավելի հեշտ է, քան տուն առնելը». Շիրակի մարզպետի կատակը՝ ԲԳՎ բաժանելիս (Տեսանյութ)

«Կնիկ առնելն ավելի հեշտ է, քան տուն առնելը». Շիրակի մարզպետի կատակը՝ ԲԳՎ բաժանելիս (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում բաժանեցին բնակարանների գնման ամենավերջին վկայագրերը։ Այսինքն՝ պետությունն այսուհետ ավարտված է համարում Գյումրի քաղաքում երկրաշարժից անօթևան մնացած մարդկանց բնակարաններով ապահովելու իր պարտականությունը։

Այս տարի, Շիրակի մարզպետի տեղեկացմամբ, ԲԳՎ ծրագրի համար պետությունը հատկացրել է 546 միլիոն դրամ։ «Սրանով մենք Գյումրի քաղաքում ավարտում ենք երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը։ Իհարկե, մենք ունենք անօթևաններ, բայց կոնկրետ 2008 թվականին ֆիքսված, շահառու ճանաչված բոլոր ընտանիքների որոշ մասը ստացել են բնակարաններ, որոշները՝ վկայագրեր, այսօր մեր վերջին վկայագրեր են, որ տալիս ենք։ Հիմա այս տարի, 83-ն արդեն ֆիքսված է, որոշակի գումար մնում է, հետագայում դատական կարգով եթե որևէ մեկը իր իրավունքը կվերականգնի, մենք ունենք փոքրիկ գումար, որ նաև էդ միջոցով մեր բնակիչներին օգտակար կլինենք։ Այս տարվա ընթացքում 83-ով մենք ընդհանրապես ավարտում ենք Գյումրի քաղաքում երկրաշարժից անօթևանների խնդիրը»,-ասաց Շիրակի մարզպետը։

Նա, բնականաբար, շեշտեց, որ սրանով չի ավարտվում Գյումրիում անօթևանության խնդիրը. դեռ կան տնակներում ապրող բազմաթիվ մարդիկ, որոնք, սակայն, երկրաշարժից անօթևան չեն։ Ըստ Հովսեփ Սիմոնյանի, իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ իրականացնել անօթևանների հաշվառում։

Այսօր ԲԳՎ-ներ տրամադրվեցին 23 ընտանիքների, առաջինը վկայագիր տրամադրվեց ամենատարեց շահառուին՝ Ռոզա Ասատրյանին։ 29 տարի շարունակ փտած տնակներում բնակվող ու բազմաթիվ հիվանդություններ ձեռք բերած անօթևաններից մի քանիսը հուզվեցին, արտասվեցին, եղան մարդիկ, որոնք կատակով բնութագրեցին կառավարության անտարբեր վերաբերմունքն իրենց հանդեպ։

Նշենք, որ բնակարանների գնման վկայագիր ստանալուց հետո բնակիչն ինքն է պարտավորվում տրամադրված գումարի սահմաններում բնակարան փնտրելու ու ձեռք բերելու։ Սակայն, ըստ շահառուների, բնակարանների շուկայական գները բարձր են, իսկ կառավարության՝ իրենց հատկացրած գումարը քիչ է։ Մեկ սենյականոց բնակարան ձեռք բերելու համար կառավարությունը տրամադրում է 4 միլիոն 923 հազար դրամ, երկու սենյականոցի համար՝ 6 միլիոն դրամ, երեք սենյականոցի համար 7 միլիոն 111 հազար դրամ։

Պայմանն էլ բավական խիստ է. անօթևանը պարտավորվում է վեց ամսվա ընթացքում ԲԳՎ-ով տուն ձեռք բերել, այլապես ընդմիշտ կզրկվի բնակարան ունենալու հնարավորությունից։ Այսօր ԲԳՎ ստացողների թվում էր նաև Սամվել Նիկոյան անուն-ազգանունով մի տղամարդ։ Նա ԲԳՎ ստանալիս ասաց, որ կնոջը դուրս էին գրել հաշվառումից, երբ նորից է հաշվառվել, կառավարությունը ընտանիքին հասանելիք բնակարանի սենյակների քանակը մեկով պակասեցրել է, այսինքն՝ կնոջը որպես անձ հաշվի չի առել։ Տղամարդը կատակեց՝ դահլիճում նստածներին ասելով. «ԲԳՎ-ն ստացա, թազա կնիկ պիտի առնեմ»։ Շիրակի մարզպետն էլ իր հերթին կատակեց՝ ասելով. «Կնիկ առնելն ավելի հեշտ է, քան տուն առնելը»։

Ըստ էության, Շիրակի մարզպետը նկարագրեց անօթևաններին սպասվող չլչլոցը, տանջանքը, երբ մարդիկ դռնեդուռ են ընկնում, որ կարողանան սեղմ ժամկետում սեղմ գումարով տուն գնել ու ընդմիշտ չզրկվել բնակարան ստանալու հնարավորությունից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք