ՊՆ գումար է խնդրել, որ ռուսական 200 միլիոն վարկի մարման տարբերությունները վճարի

ՊՆ գումար է խնդրել, որ ռուսական 200 միլիոն վարկի մարման տարբերությունները վճարի

Զենք գնելու նպատակով Ռուսաստանից ձեռք բերված 200 միլիոն դոլար վարկի գումարները ՀՀ կառավարությունը սկսել է մարել: Երեկ կառավարության նիստի օրակարգում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մի նախագիծ էր ներկայացրել, որը սակայն չզեկուցվողների շարքում էր: ՊՆ-ն կառավարությանն առաջարկում էր փոփոխություն կատարել 2017 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին իր նախկինում ընդունված որոշման մեջ, որպեսզի վարկի մարման ընթացքում առաջացած տարբերությունները վճարի:

Հիշեցնենք , որ սպառազինության գնման համար հայկական կողմին տրամադրվել է 200 միլիոն դոլար վարկ եւ հայկական կողմը կարող է գնումը կատարելիս գումարի մինչեւ 90 տոկոսը վճարել վարկի միջոցներից` ռուսական ռուբլով:
Այս տարվա ապրիլի 18-ի դրությամբ, ՀՀ պետական բյուջեից կատարված հատկացումների դիմաց իրականացվել են 1,13 մլրդ ռուբլու վճարումներ: Մինչդեռ պայմանագրով պարտավորությունը 1,39 միլիարդ ռուբլու էր:

Այսինքն` տարբերությունը կազմում է 254 մլն ռուբլի:
Ըստ կառավարության որոշման, 18.04.2017թ. դրությամբ ուժի մեջ մտած պայմանագրերի մասով ՀՀ կողմից համաֆինանսավորման գծով կատարման ենթակա պարտավորությունների չափը կազմում է 212,7 մլն ռուբլուն համարժեք 1,9 մլրդ ՀՀ դրամ:
Ռուսական վարկով Հայաստանը պետք է ձեռք բերի  «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխմանլիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ), «Տիգր» զրահամեքենաներ, ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ եւ այլն, որի մի մասն արդեն Հայաստանում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք