Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակին «Արդարություն» դաշինքով ունեինք տասնհինգ տեղ, ի՞նչ էինք անում: Նույնն էլ «Ելքը» կլինի». Արամ Սարգսյան

Մայիս 19,2017 18:20

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 6-րդ գումարման ԱԺ-ում հնչեցրած ուղերձը չի համարում վարչապետի ելույթ: Ըստ նրա` այն, ինչ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ նախագահը, հանգիստ կարելի էր իրականացնել մինչև այսօր:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սարգսյանը հարց բարձրացրեց` այդ ի՞նչ ռեսուրսներով ու մեթոդներով ենք դառնալու չորս միլիոն. «Տարեկան հիսուն հազարին մոտ մարդ է հեռանում երկրից անվերադարձ: Այդ ինչպե՞ս մենք միանգամից հանկարծ քսան տարվա մեջ երկու անգամ պիտի ավելանանք»:

Արամ Սարգսյանի համար սա իրատեսական կլիներ, եթե կազմաքանդվեր ՀՀ-ում գործող համակարգը, երբ իշխանությունն իսկապես մտածեր հանրության բարեկեցիկ կյանքի մասին, երբ օլիգարխները վերանան, արդարադատությունը լինի արդար, իշխանությունում լինեն ոչ կաշառակեր, ոչ կոռումպացված մարդիկ: Այդ դեպքում, ըստ ՀԴԿ ղեկավարի, 4 միլիոն չէ, 5 միլիոն էլ կդառնանք:

Մեր այն հարցին` ո՞րն էր Սերժ Սարգսյանի` շուրջ մեկ ժամ տևած ելույթի ուղերձը, պարոն Սարգսյանը պատասխանեց.  «Հեռանկար էր ուզում ներկայացնել, Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված կար ուղերձ, բայց կարծում եմ, որ էլի սխալ ճանապարհով ենք գնում: Համենայն դեպս, իրական արդյունքի դա չի բերելու: Կա մի կարևորագույն խնդիր, որն առ այսօր մեր դիվանագիտությունը չի ուզում ընկալել: Ադրբեջանցիներին  որքան էլ ուզում եք համոզեք ու պարտադրեք, երբեք չեն ընդունել ԼՂՀ անկախ կարգավիճակը:

Պետք է փոխենք այդ պարադիգմը ու նրանց ազատենք այդ դարդից: Բանակցային գործընթացում պետք է քննարկել իրենց կողմից հրահրված պատերազմի հետևանքների վերացումը` տարածքների, փախստականների և մի շարք այլ հարցեր: Եկեք դրա շուրջ բանավիճենք, ոչ թե կարգավիճակի: Դա նշանակում է, որ ՀՀ-ն պարտավոր է ճանաչել ԼՂՀ-ի`Ադրբեջանից անկախ կարգավիճակը, որ ճանաչի նրա գործողությունների օրինականությունը: Բայց մինչ այդ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը նախապատրաստված լինի այդ քայլին, բայց այդ դեպքում մեր ողջ դիվանագիտական կորուստը, սփյուռքի լոբբիստական կառույցները դրանով պետք է զբաղված լինեն: Մենք այդ ուղղությամբ չենք շարժվում, և ստիպված ենք Մամեդյարովի առաջարկությունը քննարկել` խաղաղություն տարածքների դիմաց: Դա աբսուրդ է»:

Հետաքրքրվեցինք` նորընտիր ԱԺ-ից ի՞նչ ակնկալիքներ ունեք, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Առանձնապես ոչ մի բան, քանի որ այնտեղ առնվազն մի քառասուն հոգի է հայտնվել, որոնք ընդհանրապես քաղաքական դեմքեր չեն: Նրանք են ապահովել ՀՀԿ ձայները մեծամասամբ, բայց նրանք անհայտ անձեր են քաղաքականությունում: Դեռ մի որոշակի լիկբեզ պիտի անցնեն, որ հասկանան, թե իրենք ինչով են զբաղված, ինչ է նշանակում լինել պատգամավոր»:

«Ելք»-ի դերակատարության մասին խոսելով` Արամ Սարգսյանը հիշեց «Արդարություն» դաշինքի պատգամավորներին. «Ժամանակին մենք Արդարություն դաշինքով ունեինք տասնհինգ տեղ, ի՞նչ էինք անում. ելույթներ էինք ունենում, քննարկումներ առաջարկում, բայց լռակյաց  մեծամասնությունը կոճակները սեղմում էր, ու հարցը վերջանում էր: Նույնն էլ «Ելքի» հետ կլինի: Համակարգը թույլ չի տալիս, որ ընդդիմությունը ռեալ գործոն դառնա»:

Արա Բաբլոյանի թեկնածությունը պարոն Սարգսյանը համարեց կոմպրոմիսային` երկկողմ պայմանավորվածության համաձայն ու նշեց, որ մեկ տարի հետո ով կհաղթի, նա էլ թիմը կձևավորի. «Դրա համար ԱԺ նախահագը պետք է լինի մի մարդ, որը քաղաքականացված չէ և հարգված է: Մեկ տարի հետո հունվարից սկսած պարզ կլինի` ով, ում հետ, ինչ ճանապարհ կանցնի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031