Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էիք՝ պարոն Աշոտյան, ինչ գործ ունեք ֆեյսբուքներում, այսօր հացը ձեռիցս տարել է այդ գործընկերը». Արմեն Աշոտյան

Մայիս 19,2017 19:03

Արմեն Աշոտյանի թեկնածությունն է ՀՀԿ-ն առաջադրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Ելք»  դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը նրան հարցրեց. «Ես 5 տարի եղել եմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, մի տեսակ ձեր կերպարն ինձ համար այդ պաշտոնի հետ անհամատեղելի է»:

Նա ասաց, որ Աշոտյանը ընդդիմախոսների նկատմամբ անհանդուրժող է, ճիշտ է, եղել է ՀՀԿ-ի արտաքին կապերի պատասխանատուն, բայց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը ՀՀԿ-ի արտաքին հարաբերությունները վարող մարմին չէ, հանձնաժողովը ներկայացնում է խորհրդարանին. «Եթե ես ձեզ համեմատում եմ Արտակ Զաքարյանի հետ, բավականին լուրջ տարբերություններ կան»:

Մարուքյանը վստահ չէ, որ Աշոտյանի հետ կարող են աշխատել. «Խորը կասկածներ ունեմ, որ դուք կկարողանաք այդ հանձնաժողովը ղեկավարել»:

Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Երբ որ ես բժիշկ էի, 2005-ին մտա խորհրդարան, շատերն ասում էին՝ ինչ գործ ունի բժիշկը քաղաքականության հետ, այսօր տեսնում եք բժիշկներն ինչ բարձունքների են հասնում քաղաքականության մեջ: Երբ որ դառնում էի ԿԳ նախարար, ասում էիք՝ բժիշկն ինչ գործ ունի կրթության նախարար դառնա, այսօր էլ դուք այս ամբիոնից ինձ ասացիք Կրթության նախարար: Երբ որ նախարար էի, մտնում էի ֆեյսբուք, 2009-ին ձեր գործընկերներից մեկն ասում էր՝ ձեզ լրջանալ է պետք, պարոն Աշոտյան, ինչ գործ ունեք ֆեյսբուքներում, այսօր հացը ձեռիցս տարել է այդ գործընկերը»:

Ինչ վերաբերում է իրեն Արտակ Զաքարյանի հետ համեմատելուն՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ երբեք երկու տարբեր մարդկանց չի համեմատում. «Օրինակ, երբեք ձեզ չեմ համեմատի Նիկոլ Փաշինյանի հետ, որ հասկանամ՝ ինչու նա դարձավ ֆրակցիայի ղեկավար, դուք՝ ոչ: Ձեր քաղաքական որոշումն է: Մեր քաղաքական որոշումն է եղել ներկայացնել ինձ՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031