Լրահոս
Օրվա լրահոսը

Բոստանջյանն ուզում է, որ 18 տարեկան բոլոր տղաները ծառայեն. «Տարկետման իրավունքը չեմ սիրում»

Մայիս 19,2017 19:45

Այսօր ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված Վարդան Բոստանջյանին ուշագրավ հարց ուղղեց:

Նա նախ հարցրեց, թե ի՞նչ քայլեր է Բոստանջյանը պատրաստվում ձեռնարկել այսպես ասած կեղծ գիտական աստիճան ստացածների հետ. «Մենք գիտենք, որ մեր երկրում տարբեր «հիվանդություններով» պայմանավորված՝ շատ մարդիկ ձեռք են բերել գիտական աստիճաններ եւ կոչումներ:

Ես այդ արատավոր պրակտիկան համարում եմ արհամարհանք այն մարդկանց հանդեպ, ովքեր դա ստացել են տքնաջան աշխատանքի, ատենախոսություններ պաշտպանելու շնորհիվ»:

Վարդան Բոստանջյանը վստահեցրեց, որ ինքը Ֆարմանյանի մտածածներից չէ. «Լավ գիտնական եմ, էլի»: Ըստ Բոստանջյանի, լավ գիտնականը գիտի, թե ինքը ով է, վատն էլ գիտի իր արժեքը. «Հիմա մարդիկ ձեռք են բերում, ստացվել է այդպես, մենք էլ ցցուն գիտենք, թե ովքեր են՝ որպես այդպիսին: Դրանից էությունը չի փոխվում»:

Բոստանջյանն ասաց, որ եթե որոշ մարդիկ շնչահեղձ են լինում գիտական կոչումի համար եւ դա նրանց երջանկացնում է՝ թող ունենան, բայց նրա արժանիքը մարդիկ, միեւնույն է, գիտեն. «Ես մտածում եմ, որ արհեստական միջամտություն անել հեռանկարային եւ ցանկալի չէ: Եթե մարդիկ իրենց հիմնական գործերը թողած՝ պետք է ուզենան գիտական աստիճան ստանան, թող ստանան»:

Ֆարմանյանը չհամաձայնեց, եթե գիտական աստիճանը որոշ մարդկանց երջանկացնում է, դրա համար են ձեռք բերում, թող իրենց համար երջանկության այլ աղբյուր գտնեն:

Սամվել Ֆարմանյանը նաեւ հարցրեց, թե գլխադասային համապատասխան հանձնաժողովի նախագահ է պատրաստվում լինել Բոստանջյանը, ինչպե՞ս է վերաբերում տարկետմանը, կո՞ղմ է, որ բոլոր տղաները ծառայեն, քանի որ ԶՈՒ-ի հետ կապված հիմա պատրաստվում են վերանայել որոշ նախագծեր:

Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ճիշտը որ ասեմ, տարկետման իրավունքը չեմ սիրում: Ես մտածում եմ, որ ցանկացած իգիթ, տղամարդ, պետք է ծառայի: Եթե ինքը չի հասցրել այդպիսին լինելու, թող դառնա այդ ճանապարհին այդպիսին»:

Ֆարմանյանը դարձյալ չհամաձայնեց՝ կողմնակից լինելով կրթության շարունակականությանը:

Բոստանջյանի խոսքերով՝ հայրենիքի պաշտպանությունը ոչ մի բանի հետ չի համեմատվում, տարկետման ինստիտուտով չի ուզենա, որ մեր պաշտպանները քիչ լինեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031