Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են մտածում Հայաստանում միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ

Մայիս 21,2017 20:36

Մայիսի 19-21-ը Երեւանի մամուլի ակումբը`«Ֆրիդրիխ Էբերտ»  հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, Աղվերանում կազմակերպել էր սեմինար`«Միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում» թեմայով:

«Նուվել դ’Արմենի» պարբերականի թղթակից Սեդա Մավյանը խոսեց Ֆրանսիայում նախագահական ընտրություններից, եւ զուգահեռներ անցկացվեցին հայաստանյան ընտրությունների հետ: Բավականին հետաքրքիր էր թուրքագետ Վարուժան Գեղամյանի զեկուցումը` «Հետընտրական Թուրքիան. երկրի ներպետական զարգացումների հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում, հետեւանքները Հայաստանի համար» թեմայով:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը եւ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի վարիչ Արա Մարգարյանն անդրադարձան ԵՄ-Հայաստան համաձայնագրի նախաստորագրմանը, նախկինում բանակցված եւ չստորագրված փաստաթղթերի հետ նմանություններին եւ տարբերություններին: Այս թեման եւս բուռն քննարկումների տեղիք տվեց:

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի` գիտության գծով տեղակալ, Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Բենիամին Պողոսյանի զեկուցումից հետո էլ բազմաթիվ հարցեր հնչեցին: Պարոն Պողոսյանը անդրադարձավ մասնավորապես աշխարհաքաղաքական կենտրոնների հակասություններին`որպես գլոբալ անվտանգության մարտահրավեր եւ այդ ամենի`Հայաստանի վրա ազդեցությանը:

Քաղաքագետ Միքայել Զոլյանը ներկայացրեց, թե հայաստանյան մամուլն ու սոցիալական ցանցերի հայաստանյան օգտատերերն ինչպես են անդրադառնում միջազգային հրատապ թեմաներին: Նրա ներկայացմամբ, առավել քննարկվածներից են` Բրեքսիթը`Միացյալ Թագավորության հեռացումը Եվրոպական Միությունից, Դոնալդ Թրամփի ընտրությունը, Ֆրանսիայի, Իրանի ընտրությունները, Թուրքիայի հանրաքվեն եւ այլն:

Քննարկումների ժամանակ կարծիքներ հնչեցին, որ հայաստանյան ԶԼՄ-ներից շատերը անդրադառնում են հիմնականում այն թեմաներին, որոնք շեշտադրված են ռուսական մամուլում: Խոսք գնաց նաեւ այն մասին, որ Հայաստանում կարծրատիպ կա, թե իսլամը վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար:

Վարուժան Գեղամյանի կարծիքով` Հայաստանում Թուրքիայի մասին տեղեկատվությունը հիմնականում հետեւյալ համատեքստում է` ա) Թուրքիայում ինչ-որ վատ բան է տեղի ունեցել, դիցուք գործարանի պայթյուն, որի մասին գրում են հայկական ԶԼՄ-ները, բ) դա տեղեկատվություն է, որին անդրադարձել է ռուսական մամուլը, գ) Թուրքիայի մասին տեղեկատվությունն առնչվում է Հայոց ցեղասպանության համատեքստում եղած որեւէ զգացմունքային թեմայի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը`  Հերիքնազ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031