Լրահոս
Օրվա լրահոսը

Վահանաձեւ գեղձի հիվանդությունը համաճարակի է վերածվել. ահազանգում են բժիշկները

Մայիս 22,2017 16:00

ՄԻ շարք էնդոկրինոլոգներ ու վիրաբույժներ, որոնք գրեթե ամեն օր օրը մի քանի մարդու վահանաձեւ գեղձի հիվանդություն են ախտորոշում ու վիրահատություն անում, մտահոգություն են հայտնում, որ այս խնդիրը Հայաստանում գրեթե համաճարակի է վերածվել: Նրանց վստահեցմամբ՝ ամեն երրորդ քաղաքացին այսօր վահանաձեւ գեղձի խնդիր ունի: Բարձրացել է նաեւ վահանաձեւ գեղձի ուռուցքների հիվանդացության ցուցանիշը: Համեմատության համար նշենք, որ այսպիսի բարձր ցուցանիշներ ունի, օրինակ, Ուկրաինան` Չեռնոբիլյան վթարով պայմանավորված:

Հայաստանում այս հիվանդացության բարձր ցուցանիշը, ըստ մասնագետների, պայմանավորված է աղտոտված շրջակա միջավայրով, մեր երկրում յոդի պակասությամբ, կանանց ուշ ամուսնությամբ, ոչ առողջ սննդակարգով եւ այլ գործոններով:

Ըստ բժիշկների՝ վահանաձեւ գեղձն օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացների վրա ազդող հորմոններն արտադրող գլխավոր օրգաններից է: Գեղձն արտադրում է 2 կարեւոր հորմոն` թիրոքսին եւ տրիյոդթիրոնին, որոնք կարգավորում են ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի նյութափոխանակության գործընթացը, նպաստում սրտանոթային համակարգի, ստամոքսաաղիքային տրակտի, հոգեկան ու սեռական գործունեությանը: Նրանից են կախված մարմնի քաշը, տրամադրությունը, աշխատունակությունը, ինքնազգացողությունը եւ այլն:

Բժիշկների վստահեցմամբ՝ հիվանդության աճը միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է:

«Առավոտը» առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին փոխանցելով բժիշկների մտահոգությունը՝ հետաքրքրվեց, թե առողջապահական ծրագրերում արդյո՞ք այս խնդիրը տեղ է գտել, եւ ի՞նչ միջոցառումներ են կատարվում: Պարոն Ալթունյանն ասաց, որ կիսում է մտահոգությունը:

«Ցավոք սրտի, Հայաստանը դառնում է էնդեմիկ երկիր վահանաձեւ գեղձի համար: Պետք է մշակել ազգային ծրագիր այս եւ մի շարք այլ հիվանդությունների համար, որոնք էնդեմիկ են Հայաստանի համար: Մենք այսօր ուռուցքաբանության մասով արդեն սկսել ենք ազգային ծրագիր մշակելու գործընթացը: Ինչ վերաբերում է վահանաձեւ գեղձին, պրոֆիլակտիկ միջոցառումների ազդեցությունն այստեղ չափազանց մեծ է, բայց եւ դժվար ու երկար եկող հաջողություն է, որովհետեւ պայմանավորված է ապրելակերպով, սովորույթներով»,- մեզ հետ զրույցում ասաց Լեւոն Ալթունյանը:

Նախարարի խոսքով՝ դժվար է համոզել մեր քաղաքացիներին, որ իրենց սննդակարգում պարտադիր բրոկոլի ներառեն կամ ծովակաղամբ ու յոդ պարունակող այլ սննդամթերք. «Դժվար է, բայց պետք է, եւ մենք այդ ուղով գնալու ենք»:

Պարոն Ալթունյանը հայտնեց, որ նախորդ շաբաթ ՀՀ նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ մեկ անգամ եւս երկրի նախագահից հորդոր են ստացել, որպեսզի առողջ ապրելակերպի եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխման ուղով նախարարությունն ավելի համարձակ եւ արագ շարժվի: Ըստ նրա՝ մոտակա երկու ամսվա ընթացքում այդ ուղղությամբ ազգային ծրագիրն արդեն պատրաստ կլինի:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

20.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031