Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Սիրունյան. «Քեզ համար, Ազնավուր» համերգը անակնկալներ ունի»

Մայիս 22,2017 16:21

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, օպերային եւ էստրադային երգիչների մասնակցությամբ, հունիսի 1-ին եւ 2-ին հանդես կգա  «Քեզ համար, Ազնավուր» յուրատեսակ համերգով:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը. «Համերգի գաղափարը մշակույթի նախարարի կողմից է առաջարկվել: Նախարարը շատ էր  ուզում, որ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա հետ կապված համերգ ունենանք, եւ մենք էլ միանգամից համաձայնեցինք: Ձեւաչափը միասին ենք որոշել: Ազնավուրն իր ծննդյան տոնին այստեղ չէր լինելու եւ  ամսի 1-ին է Հայաստան գալու, դրա համար էլ համերգները նշանակվեցին ամսի 1-ին եւ 2-ին, որպեսզի շանսոնյեն նույնպես ներկա լինի որպես պատվավոր հյուր: Լիահույս ենք, որ հունիսի 1-ին ներկա կլինի համերգին»:

Տիկին Սիրունյանը ներկայացնելով համերգի ձեւաչափը, ասաց, որ օպերային եւ էստրադային երգիչների համատեղ զուգերգեր կլինեն:

Նրա խոսքերով. «Մի քանի երգ հայերեն է թարգմանվել եւ ֆրասիական կողմից ցանկություն է հայտնվել, որ անպայման հնչեն համերգին: Կհնչեն ֆրանսերեն, հայերեն եւ ռուսերեն երգեր: Օպերային երգիչներից, ի թիվս այլոց,  կմասնակցեն Գուրգեն Բավեյանը, Նարինե Անանիկյանը, Սիրանուշ Գալստյանը, Հայկ Տիգրանյանը, Նունե  Բադալյանը, իսկ էստրադային երգիչներից կլինեն Հայկ Պետրոսյանը, որը փոքրիկ գաղափարներով միացել է մեզ, Էմմա Պետրոսյանն ու Արամոն, Անդրեն, Ավո Խալաթյանը, Ֆորշը եւ այլք: Բեմադրող ռեժիսորն էլ Նաիրե Ստեփանյանն է…»:

Տիկին Սիրունյանը չցանկացավ «փակագծեր բացել», բայց վստահեցրեց, որ համերգը անակնկալներ ունի` սկսած էկրանայինից, ավարտած այլ  լուծումներով: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենը հայտնեց նաեւ, որ ֆրանսերենի մասնագետ է հրավիրվել  երգիչների ֆրանսերենի կատարելագործման վրա աշխատելու համար: Երկու ամիս է համերգի նախապատրաստական աշխատանքներն են գնում, իսկ ամսի 27-ից սկսած` 5-6 օր էլ նվագախմբի հետ կկայանան փորձերը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031