Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի մշակույթի նախարար. «Մենք զգայուն ենք ոչ միայն հայերի կրոնական կառույցների, այլև բոլոր փոքրամասնությունների կրոնական կառույցների հանդեպ» (Տեսանյութ)

Մայիս 22,2017 23:00

Անթալիայում իր աշխատանքներն է սկսել Միջազգային մեդիա ֆորումը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի 50 երկրներից:

Համաժողովի օրակարգում ոչ միայն մամուլին առնչվող հարցեր են: Մասնավորապես, համաժողովի աշխատանքի առաջին օրը ծավալուն անդրադարձի առիթ էին տնտեսական հարցերը: Թուրքիան ներկայացնող բանախոսների խոսքից ակնհայտ էր՝ նրանց համար մտահոգիչ է այն, որ ահաբեկչական հարձակումներից եւ միջազգային մամուլի  անբարենպաստ լուսաբանման հետեւանքով որոշակիորեն նվազել է զբոսաշրջիկների հոսքը եւ փոքր ինչ պակասել են ներդրումները: Ահա եւ Թուրքիայի ներդրումների եւ առաջխաղացման աջակցության գործակալության ղեկավար Արդա Էրմութն ասում էր, թե Թուրքիան ներդրումների համար ամենաապահով երկրներից է, իսկ Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըին հայտարարում էր, թե իր երկիրն այժմ էլ զբոսաշրջային ամենապոպուլյար ուղղություններից է, եւ Թուրքիան միայն ծովը, արեւը եւ ավազը չէ, այլ շատ ավելին:

Առանձին հանդիպում եղավ արտերկրի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Եվ «Առավոտի» թղթակիցը հարցրեց Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի (ի դեպ, նա նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականն է) տեսակետը Թուրքիայում հայկական եկեղեցիների վիճակի վերաբերյալ, հետաքրքրվեցինք նաեւ, թե կան արդյոք հայկական եկեղեցիների նորոգման եւ նման այլ ծրագրեր:

Ավջըի պատասխանը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Մեր նախարարությունը շատ սերտ հարաբերություններ ունի և աշխատում է Թուրքիայում ապրող մեր հայ քաղաքացիների հետ: Ժամանակ առ ժամանակ, երբ իրենց համար նշանավոր ինչ-որ օր է լինում, նրանք պահանջներ են ունենում (նկատի ունի այդ օրերի հետ կապված տարածք տրամադրելու, կամ պատարագ անցկացնելու և այլն.-խմբ), դրանք բավարարվում են: Մեր երկխոսությունը մեր հայ քաղաքացիների հետ, ինչպես և բոլոր ազգային փոքրամասնությունների հետ, շատ լավ վիճակում է: Այս թեմայի առնչությամբ ես ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել պատգամավոր Մարգար Եսայանին (նկատի ունի ԱԶԿ պատգամավոր, սյունակագիր Մարգար Եսայանին, ի դեպ` համայնքում ոչ միանշանակորեն ընկալվող, Էրդողանի կողմնակից.-խմբ), որը նաև Թուրքիայի հայկական համայնքի ընտրված անդամ է: Շնորհակալություն պարոն Մարգարին. հատկապես համայնքի պահանջների, կարիքների, խնդիրների մասով մշտապես կապի մեջ է մեզ հետ, հետևաբար երկխոսության պակասի մասին որևէ խոսք չկա: Ի դեպ, երբեմն, երբ Հայաստանից հյուրեր ենք ունենում, կրկին պարոն Մարգարի միջնորդությամբ` հանդիպումներ ենք ունենում: Հետևաբար` մենք Թուրքիայի հայ փոքրամասնության անդամներին, միաժամանակ աշխարհի հայերին դիտարկում ենք որպես բարեկամության կապ, մենք զգայուն ենք ոչ միայն հայերի կրոնական կառույցների, այլև բոլոր փոքրամասնությունների կրոնական կառույցների հանդեպ: Վերջերս Իզմիրում սինագոգների մասով մի աշխատանք ենք իրականացնում, այնտեղ մի թաղամաս կա` գիտեք: Իսրայել կատարած այցի ժամանակ Թուրքիայից այնտեղ մեկնած հրեա մեր քաղաքացիները… թուրքական ծագում ունեցող…(շփոթվում է, դադար է տալիս.-խմբ.) իրենց ծագումը իրենք էլ հստակ չգիտեն. ինչպե՞ս ասենք` ծագումով թուրք հրեանե՞րը, թե՞ ծագումով հրեա թուրքերը, նրանք էլ հստակ պատասխան չունեն սրա վերաբերյալ (ծիծաղում է.-խմբ), ինչևէ՝ Թուրքիայից գնացած հրեաների պահանջով այսօր Իզմիրում շարունակում ենք աշխատել: Ախթամար կղզու եկեղեցին գիտեք, այնտեղ տարվա որոշակի օրերին պատարագ է մատուցվում, բացի այդ, զբոսաշրջիկները շատ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում: Մեր հարաբերությունները լավ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031