Լրահոս
Օրվա լրահոսը

Կրճատման եւ ուռճացման արանքում

Մայիս 23,2017 10:19

Օպտիմալացումը լավ բան է: Եթե, իհարկե, զուտ կուսակցական նպատակներ չի հետապնդում: Այնպես, օրինակ, ինչպես դա տեղի ունեցավ Ազգային ժողովի հանձնաժողովների հետ: Եթե դրանք լինեին 8, ապա ՀՀԿ-ին կհասներ հանձնաժողովի 5 նախագահի տեղ՝ ներկայիս 6-ի փոխարեն: Եթե լինեին 10, ապա հանձնաժողովի մեկ պաշտոն կհասներ «Ելքին»: Հետեւաբար «օպտիմալ» թիվը 9 է, քանի որ այդ դեպքում ՀՀԿ-ն ստանում է առավելագույնը, իսկ «Ելքին» ոչինչ չի հասնում: Ահա եւ ամբողջ թվաբանությունը: Մնացած «պետականաշինական» եւ «պատմափիլիսոփայական» բացատրությունները պարզապես մտավարժանքներ են: Իհարկե, ոչ մի «սարսափելի» բան տեղի չէր ունենա, եթե հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահների թիվը լիներ 5, կամ՝ եթե հանկարծ «Ելքի» ներկայացուցիչը դառնար խորհրդարանական հանձնաժողովի նախագահ: Հաստատ դրանից իշխող կուսակցության հիմքերը չէին սասանվի, բայց այստեղ գործում է ոչ թե քաղաքական, այլ՝ «կարո՞ղ ա պատահի՝ մենք տենց տղերք ենք» տրամաբանությունը:

Հիմա եկել է կառավարության «օպտիմալացման» հարցը: Այստեղ ամեն ինչ շատ ավելի գաղտնի է՝ հրմշտոցը տեղի է ունենում «գորգի տակ»: Արդյունքների մասին մեզ տեղյակ կպահեն՝ համապատասխան հիմնավորումներով: Կառավարության կառուցվածքն այնքան է փոխվել եւ այնպիսի հիմնավորումներով, որ մեզ արդեն ոչնչով չես զարմացնի: Ֆինանսների նախարարությունը չէր կարելի միացնել հարկայինի եւ մաքսայինի հետ՝ դա ակնհայտ էր: Բայց այն ժամանակ պետք էր գերլիազորություններ տալ Գագիկ Խաչատրյանին, որը, կարելի է ասել, մեր «ամենաթափով» օլիգարխներից է: Եվ հակառակը՝ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները կարող էին միաձուլված մնալ, բայց երբ պետք եղավ տեղ բացել Դաշնակցության համար, այդ երկու ոլորտները տարանջատվեցին:

Թե ինչու «կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» պաշտոնը քաղաքականից կդառնա հայեցողական՝ նույնպես կարելի է ենթադրել՝ Դավիթ Հարությունյանը նշանակվելու է այլ պաշտոնի, նրա տեղը զբաղեցնելու է ավելի շարքային մի չինովնիկ: Բայց եթե պետք լինի որեւէ մեկին պաշտոն տալ, աշխատակազմի ղեկավարի աշխատանքը դարձյալ հույժ կարեւոր քաղաքական նշանակություն է ստանալու:
Այդ առումով դասական օրինակ է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Սկզբում թվում էր, թե այն երկրի համար ճակատագրական նշանակություն ունի: Դա 2008-ին էր, երբ Արթուր Բաղդասարյանն ընտրություններից հետո որոշեց միանալ իշխանությանը: Բայց հետո, երբ ՕԵԿ նախագահը դուրս եկավ այդ գործից, պաշտոնը երկար ժամանակ թափուր մնաց, եւ հիմա էլ է թափուր Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո: Հավանաբար, այդ պաշտոնը նույնպես կարելի է «օպտիմալացնել»:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031