Լրահոս
Օրվա լրահոսը

800 հազար եվրո փորձագետին, որ Երեւանի տրանսպորտային ցանցն ուսումնասիրի (Տեսանյութ)

Մայիս 23,2017 13:57

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում քաղաքային իշխանությունները հայտարարում էին տրանսպորտային նոր միասնական տոմսային համակարգ ունենալու մասին` վստահեցնելով, որ այն նախատեսում են ներդնել 2018-ին:

Այսօր Aravot.am-ը «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ, քաղաքապետարանի Տրանսպորտի հարցերով խորհրդի անդամ Կարեն Չիլինգարյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրատեսական այդ ժամկետը` հաշվի առնելով հասարակական տրանսպորտի ներկայիս վիճակը:

Պարոն Չիլինգարյանն ասաց, որ չի կարող ասել, քանի որ, երբ 2012-ին Երեւանի քաղաքապետարանին առաջարկել են ազատվել գերբեռնված պայմաններում երթեւեկող «գազելներից», քաղաքապետարանի պատասխանատուները հավաստիացրել են, թե 2013-ին «գազելները» փոխարինվելու են մեծ ավտոբուսներով, սակայն մինչ օրս դա այդպես էլ տեղի չի ունեցել:

Կարեն Չիլինգարյանի խոսքով, տրանսպորտային ցանցը բարեփոխելու նպատակով, Երեւանի քաղաքապետարանի հրավերով միջազգային փորձագետն այժմ ուսումնասիրում է հասարակական տրանսպորտի ոլորտը, որի համար 800 հազար եվրո է հատկացվել:

«2016-ին ծրագիր է ընդունվել, որի շրջանակներում բարեփոխումներ են սպասվում: Կազմվելու է նոր չվացուցակ եւ այլն»,-ասաց Կարեն Չիլինգարյանը:
Մեր հարցին, թե հաշվարկներ կա՞ն, նոր համակարգի ներդրումը հնարավո՞ր է թանկացնի ուղեվարձը, պարոն Չիլինգարյանը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը պարզ կլինի միջազգային փորձագետի ուսումնասիրությունից հետո:

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի կողմից փողոցներում տեղադրված էլեկտրոնային չվացուցակներին, Կարեն Չիլինգարյանն ասաց, որ դրանք անարդյունավետ ծախս էին, քանի որ դրանց մեծ մասը չի աշխատում, իսկ որոնք էլ որ աշխատում են, հիմնականում գովազդ են ցուցադրում եւ քաղաքացին չի կարողանում տեղեկանալ երթուղայինների չվացուցակի մասին:

Սպառողների պաշտպանն ասաց, որ խորհրդի կազմում գտնվելով հարց են բարձրացրել հասարակական տրանսպորտային ցանցը մեկ միասնական օպերատորին հանձնելու, «գազելներից» ազատվելու եւ ցանցը մեծ ավտոբուսներով համալրելու:

Մեր այն հարցին, թե քաղաքապետարանն այսօր էլ ունի ավտոբուսներ, որոնց համար չեն գտնվում վարորդներ. ավելի ճիշտ՝ մարդիկ չեն ուզում ավտոբուս վարել, քանի որ համարում են աշխատավարձը ցածր է, իրենց կատարելիք ծախսերը մեծ, ի՞նչ երաշխիք կա, որ նոր բերած ավտոբուսներն էլ չեն մատնվի պարապուրդի, Կարեն Չիլինգարյանը պատասխանեց, որ ամբողջ ցանցը ավտոբուսներով համալրելու դեպքում, վարորդները կուզեն ավտոբուս վարել, քանի որ «գազելների» թիվը կրճատվելու է եւ ուղեւորները ավտոբուսներից են օգտվելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031