Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան` «Ելք»-ի համար նման զոհողությունն անիմաստ կլիներ (Տեսանյութ)

Մայիս 23,2017 14:13

Մինչ այժմ ՀՀԿ-ի եւ նախագահի խոստումները չեն կատարվել` հիմա ինչո՞ւ պիտի հավատանք, որ 2040 թվականին էական փոփոխություններ են լինելու:  Այս հարցն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողները տվեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին: Հիշեցնենք, այդպիսի փոփոխությունների մասին խորհրդարանի առաջին նիստում խոսեց  նախագահ Սերժ Սարգսյանը:

Խոսրով Հարությունյանը հիմնավորեց այսպես` 2007-ին ֆինանսատնտեսական ճգնաժամը թակեց մեր դուռը, դա ոչ ոք չէր կարող կանխատեսել: Իսկ հետայդու, նա կարծում է ՀՀԿ-ական կառավարությունները ձեռքբերումներ ունեցել են`այդ ճգնաժամի պայմաններում առեւտրաշրջանառության միջին տարեկան աճը 6 տոկոս է եղել: ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքներն էլ են իր համար նկատելի:   «Ես այսպես եմ մտածում, դուք կարող եք ասել`իսկ ի՞նչ եք արել, որ մինչեւ 2040 թիվը սպասենք: Է~ մի սպասեք»,- ասաց նա:

Խոսրով Հարությունյանը նաեւ նկատում է`Կարեն Կարապետյանի կառավարության 800 միլիոն ներդրումների արդյունքները շուտ չեն լինի: Ժամանակ է պետք, որ այդ ներդրումներն արտադրության վերածվեն: Լրագրողների դիտարկմանը`իսկ ինչպե՞ս բացատրել «ներդրողների ակումբի» անդամներից Ռուբեն Թաթուլյանի շուրջ ծավալված սկանդալը, տպավորություն է, որ վարչապետի դեմ արվող գործողություններ են, Խոսրով Հարությունյանն ասաց. «դուք ամեն ինչ բացատրեցիք, ես ի՞նչ ասեմ»: Առհասարակ, նա երբեմն չի ընկալում մեր իրականության շատ դրսեւորումներ, տպավորություն ունի, որ ինքներս մեր դեմ ենք աշխատում:

Aravot.am-ի հարցին`համագործակցելո՞ւ են «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ`Հայաստան ներդրումներ ներգրավելու համար: Հիշեցնենք, քարոզարշավի վերջին օրը Գագիկ Ծառուկյանը հայտարարեց 15 միլիարդ ներդրումների մասին: Խոսրով Հարությունյանը հիշեցրեց`Կոմկուսն էլ այդ շքերթից ետ չմնաց, ապա ավելացրեց, որ իրենք անպայման համագործակցելու են բոլորի հետ` ներդրումներ ներգրավելու համար, քանի որ դրանք բոլորիս են պետք:

Մանրամասները`տեսանյութում:

Խոսրով Հարությունյանը քաղաքական առումով հետաքրքիր չի համարում այն միտքը, որ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը փակվեց, որ «Ելք»-ը հանձնաժողովի նախագահ չունենա: Ասում է`եթե անգամ տնտեսական հանձնաժողովի նախագահը լիներ «Ելք»-ից, ապա որեւէ «հարց լուծել» չէր կարող, նա ընդամենը համակարգելու էր այդ հանձնաժողովում գտնվող պատգամավորների աշխատանքը, իսկ հանձնաժողովներում մեծամասնությունը ՀՀԿ-ական պատգամավորներ են:

Ավելին, «Ելք» -ին ինչ-որ մի հանձնաժողովի նախագահի պաշտոն չտալու համար գնալ նման զոհողությունների, ըստ նրա, անիմաստ կլիներ: Բանախոսը կարծում է`տրամաբանական է, որ պատգամավորների թիվը կրճատվել է մեկ երրորդով, կրճատվեր նաեւ հանձնաժողովների թիվը: Նա կիսում է այն տեսակետը, որ հանձնաժողով ունենալ-չունենալով չի որոշվում մարդու իրավունքների պաշտպանության որակը մեր երկրում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031