Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Մայիս 23,2017 21:00

Մայիսի 23-ին  ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց մաեստրո Հովհաննես Չեքիջյանին բարձր պարգևի առթիվ, շնորհակալություն հայտնեց սփյուռքից ժամանած մասնակիցներին:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա ներկայացրեց զեկուցում ՀՀ Կառավարության 2016-17թթ. ծրագրի «Սփյուռք» բաժնում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ: Զեկուցողը նշեց, որ «ՀՀ կառավարության օժանդակությամբ նախարարությունում ստեղծվել է «Մեկ պատուհանի սկզբունքով» գործող կառույց` սփյուռքահայերին խորհրդատվական ծառայություններ տրամադրելու, բիզնես ծրագրեր առաջարկելու, ներդրումների սահուն իրականացմանն օգնելու համար:  Նախարարության պաշտոնական կայքի «Ներդրումներ Հայաստանում» բաժնում տեղադրվել են Հայաստանի Հանրապետությունում ներդրումների մասին, ինչպես նաև հարկային և մաքսային օրենսդրությունները, այդ թվում ներդրումներին առնչվող օրենսդրական արտոնությունները:

ՀՀ սփյուռքի նախարարություն են դիմել 842 սիրիահայեր, ովքեր ունեցել են տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ՝ բժշկական օգնության, աշխատանքի տեղավորման, բնակվարձի փոխհատուցման, կրթական, իրավական և այլ հարցերի վերաբերյալ: Համահայկական կառույցների հետ համատեղ մշակվել և իրականացվել են հայապահպան ծրագրեր ` հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և աջակցելով երիտասարդության հայոց լեզվի ուսուցմանը, կրթական այլ ծրագրերի մեջ նրանց ներգրավմանը»:

«2016թ. Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման ու առաքման ծրագրի արդյունքների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը: Նա նշեց, որ Սփյուռքի կրթօջախներին նախարարության կողմից առաջարկվող ցանկում 2016 թ. ներառվել է 219 անուն գրականություն: 37 երկրների 220 հայկական կրթօջախներին հատկացվել է շուրջ 50.000 կտոր գրականություն: 2017թ. մայիսի 22-ի դրությամբ 10.200 կտոր գրականություն է առաքվել Սփյուռքի կրթօջախներին: «Ամեն տարի թարմացվում է առաքվող գրքերի ցանկը, այս տարի ավելացել է արևմտահայերենով դասագրքերի թիվը», – հավելեց զեկուցողը: Ծավալվեց քննարկում արևմտահայերեն դասագրքերի, հեռուստահաղորդումների անհրաժեշտության վերաբերյալ:

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքները ներկայացրեց Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը: Նա նշեց, որ Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի նախաշեմին 2017թ. սեպտեմբերի 18-20-ին Երևանում անցկացվելու է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական 6-րդ համահայկական համաժողովը, որին հրավիրվել են մասնակցելու պետական, քաղաքական, հասարակական գործիչների, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների շուրջ 2500 ներկայացուցիչներ Սփյուռքից:

Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Նաիրի Մուրադյանը զեկուցեց «Հայկական Սփյուռք-2016» տարեգրքի հրատարակման աշխատանքների  մասին:

Ամփոփելով  նիստը՝ Հրանուշ Հակոբյանն  անդրադարձավ  մայիսի 28-ի տոնակատարություններին և նշեց, որ 2017թ. մայիսի 28-ից 2018թ. մայիսի 28-ը ՀՀ նախագահի հրամանագրով հայտարարվել է Հանրապետության տարի, որի շրջանակներում կկազմակերպվեն խոշոր ձեռնարկներ և տոնական միջոցառումներ:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031