Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը պատրաստվում է նոր շահավետ բիզնես անել Ադրբեջանում». Հովսեփ Խուրշուդյանը` ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք նոր սպառազինության մասին

Մայիս 23,2017 22:11

«Միջազգային քաղաքական եւ տնտեսական որոշակի մեկուսացման պայմաններում Ռուսաստանը նման կերպ փորձ է անում վերականգնել իր քաղաքական կշիռը տարածաշրջանում, նաեւ մեծացնել իր պաշտոնական դաշնակիցների կախվածությունը իր ռազմական արդյունաբերությունից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարեց, որ Ռուսաստանը ծրագրում է նոր սպառազինություն մատակարարել ՀԱՊԿ իր գործընկերներին, այդ թվում Հայաստանին: Խոսքն ուղղաթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի մասին է: Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեցինք` սա ուժերի հավասարակշռո՞ւմ է, քաղաքական պարտավորությունների իրագործո՞ւմ, թե հատուկ ուղերձ ուղղված Ադրբեջանին:

Փորձագետը նշեց, թե նախ պետք է հասկանալ` Հայաստանին մատակարարվելիք տեխնիկայի քանակական եւ որակական հատկանիշները, բայց ամեն դեպքում, կարծիք հայտնեց, որ նշված պատճառներից եւ ոչ մեկն է. «Պատճառներն այլ են: Նախ, միջազգային քաղաքական եւ տնտեսական որոշակի մեկուսացման պայմաններում Ռուսաստանը նման կերպ փորձ է անում վերականգնել իր քաղաքական կշիռը տարածաշրջանում, նաեւ մեծացնել իր պաշտոնական դաշնակիցների կախվածությունը իր ռազմական արդյունաբերությունից: Հայաստանի դեպքում դա հատկապես արդիական է, քանի որ Ադրբեջանին մեծածավալ սպառազինությունների մատակարարումներից հետո Հայաստանը սկսել է ռազմական տեխնիկայի այլընտրանքային մատակարարների, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն անհրաժեշտ գործընկերների շատ ավելի ակտիվ փնտրտուքներ:

Մյուս պատճառը շատ ավելի վտանգավոր է մեզ համար, քանի որ նման մատակարարումները կարող են տեղի ունենալ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի նոր արկածախնդրությունների մեջ մեր երկիրը ներքաշելու վերաբերյալ՝ Հայաստանի դե ֆակտո բարձրագույն ղեկավարության տված հնարավոր համաձայնության արդյունքում: Հիշում ենք Հայաստանում ռուսական բազայի՝ Սիրիայում տեղի ունեցող մարտական գործողություններին ներգրավվելու մասին խոսակցությունները:

Վերջապես, մեկ գրամ կարելի է չկասկածել, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր շահավետ բիզնես անել Ադրբեջանում՝ մատակարարելով մեր հակառակորդ պետությանն էլ ավելի զորեղ սպառազինություններ եւ այսպիսով նաեւ փորձ է արվելու կանխել հակառուսական նոր դժգոհության ալիքը Հայաստանում: Վերջապես, նորից եմ կրկնում, պետք է տեսնել, թե ինչ սպառազինություններ են մատակարարվելու: Արդյո՞ք դրանք նորագույն սպառազինություններ են, թե Ռուսաստանը պարզապես ազատվում է իր զինված ուժերի սպառազինությունների արդիականացման ծրագրի իրագործման արդյունքում դուրս գրվող զինատեսակներից»:

Հարցին` սա կմեղմի՞ այն հակառուսական տրամադրությունները, որոնք տևական ժամանակ առկա են Հայաստանում: Հովսեփ Խուրշուդյանը նշեց, եթե անգամ չմեղմի՝ Մոսկվայում արդեն վաղուց վստահ են, որ նման տրամադրությունները որեւէ կերպ չեն կարող ազդել Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածության թուլացման վրա. «Ընդհանրապես, որեւէ երկրի հասարակական կարծիքը կարող է նշանակություն ունենալ այն դեպքում, երբ այն ազդում է իշխանության ձեւավորման վրա: Սակայն եթե երկրի ամենամերժելի ուժը կարողանում է բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում եւ կառավարությունում, ապա Կրեմլին մնում է միայն բանեցնել իր լծակները անհատապես՝ որոշ բարձրագույն պաշտոնյաների վրա եւ ցանկացած բան, որ պետք է իրեն, նա կստանա Հայաստանից, ցանկացած մեր պետական շահ կզոհաբերվի հօգուտ Ռուսաստանի մեր իսկ դե ֆակտո իշխանությունների կողմից»:

Իսկ թե Ռուսաստանի` նոր սպառազինություն մատակարարելու փաստն ի՞նչ արձագանք կստանա Ադրբեջանի կողմից, արդյոք սահմանում` առանց այդ էլ լարված իրավիճակն ավելի կթեժանա՞, Հովսեփ Խուրշուդյանն արձագանքեց. «Ադրբեջանն ու Ռուսաստանն այնքան խորը դաշնակցային համագործակցություն են հաստատել վերջին տարիներին ե՛ւ ազատագրված տարածքները Բաքվին հանձնելու, ե՛ւ ընդհանրապես Հայաստանի ազգային-պետական շահերը զոհաբերելու հաշվին Ադրբեջանին` Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող աշխարհաքաղաքական ձեւաչափերում ներգրավվելու ծրագրերն այնքան հստակ են ու տեսանելի, որ եթե անգամ Ադրբեջանը արձագանքի այս ամենին, դա ընդամենը հռետորաբանություն է լինելու, եւ չեմ կարծում, որ կկարողանա ազդել ռուս-ադրբեջանական հեռահար համագործակցության վրա: Առավել եւս, սահմանային իրավիճակի վրա ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական առումով որեւէ ազդեցություն սա չի ունենա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031