Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մտադրություն չունի՞ առցանց տիրույթից հանել 4000 քաղաքացիների անձնական տվյալները

Մայիս 24,2017 21:30

ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է Կետրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) հանել առցանց տիրույթից 4000 քաղաքացիների անձնագրային տվյալները, որ դրանք հասանելի չլինեն երրորդ անձանց համար:

Ինչպես տեղեկացրել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանը, իրենք ստացել են արդարադատության նախարարության վարչական ակտը, որտեղ նախարարությունը հստակ առաջարկ է արել և պահանջել ԿԸՀ-ից, որ եռօրյա ժամկետում անձնական տվյալներն ուղեփակեն և հասանելիությունը կանխեն: Տաթևիկ Թոխյանի փոխանցմամբ՝ եռօրյա ժամկետը, որը տրամադրվել է ԿԸՀ-ին, արդեն անցել է.  «Պահանջը չկատարելու դեպքում պետք է հանձն առնենք վարչական ակտի կատարման վերաբերյալ ուշադրությանը և միջոցառումների ցանկին: Պատասխանատվության մեխանիզմը կա, կա անգամ քրեական պատասխանատվություն»:

Aravot.am-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց ի՞նչ քայլերի են պատրաստվում դիմել, պարոն Մուկուչյանը տեղեկացրեց, որ իրենք որևէ որոշում չեն ստացել: Նա պարզաբանեց. «Վարույթի շրջանակներում գործակալությունից դիմել էին ԿԸՀ, ԿԸՀ-ից պարզաբանումներ էին պահանջել, մենք պարզաբանումները գրավոր ներկայացրել ենք: Որևէ նոր փաստաթուղթ իրենցից չենք ստացել»:

Հետաքրքրվեցինք` ո՞րն է ԿԸՀ-ի դիրքորոշումը, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Օրենքում ամրագրված է հրապարակում, այդ ցուցակը հրապարակվել է: Մենք նոր որոշում` որպես այդպիսին չենք ստացել: Կստանանք, կտեսնենք`ինչ որոշում է»:

ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը մեզ տեղեկացրեց, որ մայիսի 17-ին` ժամը 15:20, որոշման էլեկտրոնային առաքում է եղել ԿԸՀ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031