Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են քնաբեր դեղահաբերը հայտնվել սպանված կուրսանտի բարձի տակ

Մայիս 24,2017 21:45

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, պնդում է, որ իր տղայի բարձի տակ հայտնված քնաբեր դեղահաբերը եղել են գործով ամբաստանյալ Նորիկ Սահակյանինը:

Չնայած հենց վերջինիս մայրն էր, ըստ Արկադի Բարսեղյանի, դիմել գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ Հայկազի բարձի տակ քնաբեր են գտել:

«Նորիկ Սահակյանի մայրը՝ դատախազին ուղղված իր նամակում գրել էր, Հայկազը կուրսանտին ոչ վայել պահվածք է դրսեւորել՝ դեղ է ընդունել: Բայց այդ դեղերը հենց իր որդունն են եղել: Նորիկ Սահակյանի ծնողի հետ որդուս սպանությունից մի քանի ամիս հետո իմ նախաձեռնությամբ հանդիպել ենք, առաջարկեցի, որ Նորիկն ամեն ինչ պատմի, եթե նորմալ բնութագիր ունի, որ լավ  ու պարտաճանաչ ուսանող է եղել, ուղղակի Գնելի խելքին է  ընկել ու այդ քայլին է գնացել, թող պատմի ամեն ինչ: Նորիկ Սահակյանի մայրը ասաց՝ իր որդու համար ինչ վատ կլինի, եթե ամեն ինչ պատմի, բերդում իր հետ ինչ կլինի, մանավանդ որ ինքն էլ ոստիկանի տղա է: Իր այս ասածներին վկաներ են եղել, եթե հանկարծ հիմա հրաժարվի, վկաներ կան: Ես էլ ասացի՝ բան չի լինի, ամեն ինչ կանենք, որ լավ լինի,  չհամաձայնեցին…հետո Նորիկ Սահակյանի մայրը նաեւ ասաց, որ դեպքի օրն իր տղան քնած է եղել, ասաց՝ ինքը լավ չէր կարողանում քնել, քնաբեր է խմել, որ հանգիստ կարողանա քնել: Բայց չգիտես ոնց, հետո  պարզվում է՝ այդ դեղը Հայկազի բարձի տակ է հայտնվում, վարկած է՝ ասեն, թե տեսեք, խմել է, այս գրությունն է թողել, ինքնասպանություն է գործել»,- Aravot.am-ին պատմեց Արկադի Բարսեղյանը:

Նա նաեւ դժգոհեց, որ իր տղայի սպանության գործով նիստերն անընդհատ հետաձգվում են: Վերջին նիստը եղել է  մարտի քսանին, դրանից հետո տարբեր պատճառներով անընդհատ ձգձգվում են, տեղի չեն ունենում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:

Հիշեցնենք նաեւ, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031