Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմավարական տեսակետի բացակայությունը ոչ միայն Անկարայում է, այլեւ Երեւանում»

Մայիս 25,2017 12:00

Ըստ Ռիչարդ Գիրագոսյանի` «Էրդողանի համար Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումն ավելի բարդ էր, քան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է լինել»:

Մայիսի 22-ին «Քաղաքացիական համաձայնություն» Հ/Կ-ի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» ծրագրով սեմինարի վերջին օրը Ստամբուլից Երեւան ժամանած թուրք երիտասարդների, ինչպես նաեւ հայաստանյան քաղաքական ուժերի եւ ՀԿ-ների երիտասարդների առջեւ հանդես եկավ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Հիշեցնենք, որ մայիսի 20-22-ը Երեւանում էին Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի մեկ տասնյակից ավելի ուսանողները:

Ռիչարդ Գիրագոսյանը երիտասարդներին ներկայացրեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ դրանց հեռանկարների վերաբերյալ զեկույց` արձանագրելով, որ մտադիր է հավերժական լավատեսի դեր խաղալ, եւ շատ դեպքերում իսկապես լավատես է, քանի որ հիմքեր կան: «Հարավային Կովկասում Թուրքիայի ամբիցիաները սահմանափակված են` չնայած հայտարարված ամբիցիաներին: Երկու մարտահրավերներ կան այս համատեքստում: Առաջինը` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը եւ փակ սահմանները հավերժական սահմանափակում են դնում մեր տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր ձեռքբերումներին: Հաջորդ սահմանափակումն այն մտայնությունն է, թե Թուրքիայի քաղաքականությունը հավերժապես Ադրբեջանի գերին լինելն է, եւ այդպիսով փոքր եղբայրը վերահսկողություն եւ վետո ունի Թուրքիայի քաղաքականության նկատմամբ»:

Ըստ Ռիչարդ Գիրագոսյանի` մենք գործ ունենք քայլ առ քայլ գործընթացի հետ` հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմանը. «Դա ցեղասպանության, 1915թ. վերաբերյալ պատմական պինգպոնգի խաղ չէ, դա ավելի համեստ եւ ռեալիստական մոտեցում է: Ինչո՞ւ է Թուրքիան հետաքրքրված կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Առաջին հերթին դա Թուրքիայի համար եզակի հնարավորություն է ուղղելու ձախողված քաղաքականությունը: Մինչ այս պահը՝ սահմանի փակ պահելը, որեւէ փոխզիջման չգնալը որեւէ դրական արդյունք են ապահովել: Երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիան ավելի քիչ գերի լինի Ադրբեջանի քաղաքականությանն ու ազդեցությանը: Երրորդը` Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, հանրաքվեից հետո, կարելի է ասել՝ Թուրքիայի ներսում հեղափոխությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ եզակի հաջողություն, հաղթանակ արտաքին քաղաքականության մեջ»:

Էրդողանի համար Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումն ավելի բարդ էր, քան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է լինել՝ կարծում է Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա համոզմամբ` Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի համար: «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, անկախ նրանից՝ դա մեզ դուր է գալիս, թե ոչ, դա Թուրքիային մուտքի հնարավորություն է ընձեռում դեպի ավելի լայն շուկաներ: Նույնիսկ ռուս-թուրքական հարաբերությունների ամենալարված պահերին Թուրքիայի արտահանումը դեպի Ռուսաստան աճել է, որովհետեւ դրանք վերաարտահանվում էին նաեւ Հայաստանի միջոցով, իսկ մեր երկկողմ առեւտուրը Վրաստանի միջոցով մնում է կայուն ու շարունակական: Իհարկե, Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի մեծ է, ուստի երկկողմ տնտեսական խնդիրների մասին չենք կարող խոսել, պետք է խոսենք տարածաշրջանային տնտեսության մասին»,- նշեց բանախոսը:

Ի՞նչ ենք մենք անում բոլորս՝ հարցրեց Գիրագոսյանն ու հավելեց. «Մենք աշխատում ենք ամուր հիմք կառուցել` ճնշում գործադրել մեր կառավարությունների վրա, որպեսզի մենք նրանց տրամադրենք… Քաղաքացիական համագործակցության միջոցով մենք կարող ենք դառնալ ջահը, կարող ենք մեզ վրա վերցնել քննադատություն` համարձակ գաղափարների համար: Մենք այստեղ տեսնում ենք քաղաքական կամքի կատարյալ բացակայություն: Ինչո՞ւ էր կարեւոր այն, որ ժամանակին Թուրքիայի նախագահը եկավ Հայաստան: Գյուլի ժամանումը Երեւան Հայաստանի արտաքին քաղաքականության համար կարեւոր հաղթանակ էր: ՀՀ կառավարությունը հնարավորություն ստացավ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու Սփյուռքից եւ ինքնուրույն սահմանելու տարածաշրջանային քաղաքականությունը: Մինչ այդ Սփյուռքը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մեջ ամենամեծ խանգարող հանգամանքներից էր»:

Ռ. Գիրագոսյանը նշեց, որ մտահոգված է Թուրքիայի ներսում տեղի ունեցող վերջին գործընթացներով, այս համատեքստում կարեւոր է հաջորդ հարցը` ինչպիսի՞ հարեւան մենք կունենանք: «Եթե Հայաստանը չշարունակի փորձեր անել կրկին կապեր հաստատելու Թուրքիայի հետ` արտաքին քաղաքականությունը չի շարունակվի: Օրինակ՝ վերջերս Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության կարեւորագույն գագաթնաժողովներից մեկն էր, որտեղ Հայաստանը բաց թողեց հնարավորությունը: Այսինքն՝ ռազմավարական տեսակետի բացակայությունը ոչ միայն Անկարայում է, այլեւ Երեւանում»,- ասաց նա:

Ռ. Գիրագոսյանի համոզմամբ` Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ձախողվեցին մեկ պատճառով` Թուրքիան ռազմավարական սխալ գործեց` ճիշտ չգնահատելով Ադրբեջանի ազդեցության մակարդակը եւ գերագնահատեց իր ազդեցության լծակները Ադրբեջանի նկատմամբ: «Պաշտոնապես Ադրբեջանի նախագահը երբեք չհակադրվեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, քանի որ Ադրբեջանի նախագահը չէր հավատում, որ թուրքերը կկարգավորեն հարաբերությունները, սակայն իրականում Ադրբեջանը կարողացավ իր լծակը կիրառել: Այս իրավիճակում առաջին հերթին պետք է պահպանել քաղաքացիական հասարակության կապերը»,- ասաց Ռիչարդ Գիրագոսյանը:

Կոնֆլիկտաբան, Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի շրջանավարտ Արտակ Այունցը հայ եւ թուրք երիտասարդներին ներկայացրեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի` ՀՌԿԿ Հայաստան հիմնադրամի 2014-2015թթ. սոցիոլոգիական հարցման միջոցով իրականացրած ուսումնասիրությունները, որոնք պատահականորեն ընտրված 1200 չափահաս քաղաքացիների շրջանում էին անցկացվել: Հարցվածները, օրինակ, հակադիր կարծիք են հայտնել սահմանի բացման մասին, նրանցից 51%-ը լիովին (15%) կամ ավելի շուտ (36%) հավանություն է տվել, իսկ 33%-ը բոլորովին կամ ավելի շուտ հավանություն չէր տվել սահմանի բացմանը:

Կովկասյան բարոմետրը 2010-ին հարցրել էր՝ «Որքանո՞վ եք հավանություն տալիս Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացմանը»: Սահմանի բացմանը հավանություն չտվածների բաժինը 2014-ին նկատելիորեն ավելի քիչ է (33%), քան 2010-ին (45%): Համեմատելով սահմանի բացմանը հավանություն տալու ցուցանիշն ըստ մարզերի` պարզվել է, որ Թուրքիային սահմանակից մարզերի բնակիչներն առավել հետաքրքրված են սահմանի բացմամբ, քան այդ երկրի հետ սահման չունեցող մարզերինը: ՀՀ բնակչությունը, ըստ հարցումների, լավատեսորեն էր գնահատել սահմանի բացման հավանական ազդեցությունը: 2014-ին հարցվածների 64%-ը եւ 2012-ին հարցվածների 61%-ը հավատացած են եղել, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

Հարցվածները կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծապես կազդի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության վրա: Թեեւ տնտեսական գործոններն առաջին տեղում են, սակայն Ցեղասպանությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նույնպես դիտարկվում են որպես կարգավորման ազդեցության գործոններ: 2015թ. հետազոտության եւ 2010թ. Կովկասյան բարոմետրով հավաքագրված տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ հարցվածների մեծ մասը (2010թ.-ին` 56%-ը եւ 2014թ.-ին` 60%-ը) հավանություն է տվել թուրքերի հետ բիզնես-գործունեությանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա հարցվածների 96%-ը հաստատել է, որ եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, ապա հավանություն կտա, որ Հայաստանի կառավարությունը եւ/կամ Սփյուռքը հատուցում պահանջեն Թուրքիայից: Հարցման մասնակիցներին խնդրել են դասակարգել հատուցման հնարավոր ձեւերն ըստ առաջնայնության, եւ պարզվել է, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ամենաառաջնային գործողությունն է, որն ակնկալվում է Թուրքիայից (բոլոր պատասխանների 42%-ում այն ամենակարեւորն է համարվել, մինչդեռ շրջափակման դադարեցումը հարցվածների ընդամենը 2 տոկոսն է կարեւորել):

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 24.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031