Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետը դժգոհ է նախագծից

Մայիս 25,2017 12:31

Հայաստանում կստեղծվի տեղեկատվության ազատության լիազոր մարմին: Դա անհրաժեշտ է «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի կենսագործման համար: Նախագիծը քննարկվում է: Այս մարմնի ստեղծումը միանշանակ չի ընկալվում: Այն բուռն բանավեճերի տեղիք է տալիս: Փոխնախարարը հայտարարում է` առանց կոնսեսուսի այս օրենքը Ազգային ժողով չի ներկայացվի: Այն պետք է ընդունելի լինի բոլոր շահագրգիռ կողմերի համար:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար այսօր կլոր-սեղան քննարկում էր կազմակերպվել: «Նախատեսվում է այդպիսի մարմին ստեղծել՝ Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակին առընթեր, խորհրդի տեսքով: Բայց ասեմ, որ մեզ համար լրացուցիչ պետական մարմին ստեղծելը ինքնանպատակ չէ: Եթե քննարկումների արդյունքում դա նպատակահարմար չհամարվի, այդ մարմնի համար նախատեսված լիազորությունները և պատասխանատվության կդրվեն ՄԻՊ-ի և դատական համակարգի կառույցների վրա»,- կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Անդրադառնալով արդեն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կատարելագործմանը, Սուրեն Քրմոյանը մանրամասնեց, որ նախարարությունը շուրջ երկու տարի է քաղհասարակության հետ աշխատում է այդ ուղղությամբ: Կառավարությունը եվս երկու ամիս ժամկետ է տվել: Գործող օրենքի կիրառման արդյունքում առաջացած հիմնական խնդիրն, ըստ բանախոսի, հետեւյալն է. «Ապահովել Սահմանադրությամբ ամրագրված՝ տեղեկություններ ստանալու մարդու իրավունքը և նաև ծառայեցնել տեղեկատվության ազատությունը որպես արդյունավետ պետական կառավարման համակարգ ունենալու գործիք, ինչու չէ՝ նաև հակակոռուպցիոն: Որքան թափանցիկ են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, այնքան կոռուպցիոն ռիսկերը ցածր են»: Թիրախներ են ընտրվել այն չկարգավորված հարաբերությունները, որոնք ի հայտ են եկել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում. «Մենք օրենքի նախագծում ամրագրել ենք օրինակ տեղեկատվության ազատության միասնական էլեկտրոնային հարթակի գաղափարը, որը թույլ է տալու քաղաքացիներին, կազմակերպություններին այդ հարթակի միջոցով բոլոր պետական մարմիններին հարցումներ կատարել և տեղեկություններ ստանալ»:
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Օտտո Լուխտերհանդթն էլ նկատում է`2003 թվականին Հայաստանում ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը բազմաթիվ թերություններ ունի: Փորձագետի դիտարկմամբ, գործող օրենքն ավելի շատ ձևական բնույթ է կրում: Բայց նոր նախագիծն էլ նրան չի գոհացնում: «Այն կրկնում է նախկին օրենքը: Սկզբունքային հարցերից մեկն այն է, որ պետք է հղում արվի Սահմանադրության 51-րդ հոդվածին, որը հենց վերաբերում է տեղեկատվության ազատությանը: 2015-ին բարեփոխված սահմանադրության 51-րդ հոդվածը շատ մանրամասն է կարգավորում քաղաքացիների համար պաշտոնական տեղեկատվության մատչելիությունը»,- ասաց փորձագետը: Նրա համոզմամբ՝ պաշտոնատար անձինք միշտ էլ ձգտել են սովորական քաղաքացիներից գաղտնի պահել տեղեկությունները, քանի որ, տեղեկություն ունենալը նշանակում է նաև իշխանություն ունենալ: GIZ փորձագետը նաեւ նկատում է`տեղեկատվության ազատության հիմնական իրավունքի մասին խոսելիս պետք է հաշվի առնել այն, որ հնարավոր են նաև բախումներ քաղաքացու և պետության շահերի միջև. «Նկատի ունեմ, որ կարող են լինել պետական, ծառայողական գաղտնիքներ, և վերջապես կան անհատական տվյալների գաղտնիքները, որոնք պետք է պահպանված լինեն: Բնականաբար, նախ և առաջ անվտանգության հետ կապված պետական մարմիններն են, բանակը, որոնք հիմնականում գաղտնի են պահում իրենց տեղեկությունները, բայց դա համատարած երևույթ է համաշխարհային մակարդակով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031