Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսը Վաշինգտոնում թուրքերի բռնությունը դատապարտող բանաձև է ներկայացրել

Մայիս 25,2017 15:07

Նշվում է, որ ցուցարարների դեմ դաժան հարձակում է եղել

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական,Կալիֆորնիա) ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի (դեմոկրատ, Նյու Յորք), Հանրապետական կուսակցության մեծամասնության խմբի ղեկավար Քևին Մըքքարթիի (հանրապետական, Կալիֆորնիա) և Դեմոկրատական կուսակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերի(դեմոկրատ, Մերիլենդ) հետ ներկայացրեց Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևը: Այս բանաձևը դատապարտում է ս.թ. մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը: Ներկայացուցիչների պալատի բանաձևը կոչ է անում«օրինազանցներին պատասխանատվության ենթարկել»:

Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևում նշվում է. «ժամեր շարունակ տևած խաղաղ բողոքի ցույցի ժամանակ բռնություն ծագեց, երբ Էրդողանի կողմնակիցները և Թուրքիայի դեսպանատնից անձիք մի կողմ հրեցին Վաշինգտոնի ոստիկաններին՝ դաժան հարձակման ենթարկելու ցուցարարներին»: Բանաձևում խորին մտահոգություն է արտահայտվում առ այն, որ «թուրք պաշտոնյաները բացահայտորեն ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված Միացյալ Նահանգների քաղաքացիների իրավունքները, և բազմաթիվ զինված թուրք անվտանգության աշխատակիցներ ծեծել, ոտքերով հարվածել ու խեղդել են անզեն ցուցարարներին»:

Բացի այդ բանաձևում նշվել է, որ Վաշինգտոնի կենտրոնական ոստիկանական բաժանմունքի և այլոց հաղորդագրություններում հաստատվում է, որ «ցուցարարները չեն հրահրել բռնությունը», և սա ԱՄՆ-ում բռնության երրորդ դեպքն է, որ իրագործվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի անդամների կողմից:

Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևում կոչ է արվում. «ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ.մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»:

Խիստ դեմ արտահայտվելով Թուրքիայում ռեպրեսիվ ավտորիտարիզմի աճող միտմանը՝ Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևում նշվում է, որ «ՄիացյալՆահանգները պետք է քայլեր ձեռնարկի՝ ամրապնդելու մամուլի և քաղաքացիական հասարակության ազատությունները երկրներում, ինչպես օրինակ Թուրքիայում, և պայքարի օտարերկրյա առաջնորդների՝ ազատ և խաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ»:

«Համագումարը երախտագիտություն է հայտնում կոնգրեսականներ Ռոյսին,Էնգելին, Մըքքարթին ու Հոյերին՝ վերջիններիս կողմից երկկուսակցական օրինագծի ներկայացման համար, որով դատապարտվում է թուրքերի կողմից կատաղի հարձակումը խաղաղ ցուցարարների դեմ և մեր ժողովրդավարական նվիրական արժեքների անարգումը», – նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Համագումարի անցյալ շաբաթվա հայտարարությամբ կոնգրեսականներին և Վարչակազմին կոչ էր արվում դատապարտել Թուրքիայի կողմից հիմնարար ազատությունների ոտնահարման վերջին դեպքը: Համագումարը նաև համայնքային քարոզչական արշավ սկսեց՝ հորդորելով Ներկայացուցիչների պալատի ու Սենատի անդամներին դատապարտել թուրքերի կողմից հարձակումը և պատասխանատվության ենթարկել այս բռնարարքներն իրականացնողներին:

Ի լրումն Ներկայացուցիչների պալատի բանաձևի, 28 կոնգրեսականներ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված երկկուսակցական նամակ են ստորագրել՝ վերջինիս կոչ անելով §հրապարակավ դատապարտել այս գործողությունները, և որ նույնքան կարևոր է, ապահովել, որ այդ մարդիկ լիակատար պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար»: Նախորդ օրը սենատորներ Լինսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) և Փեթրիք Լեյհին (դեմոկրատ, Վերմոնտ) նամակ էինհղել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին, որտեղ մասնակիորեն ասվում է. «Տեղական իրավապահ մարմիններին հորդորում ենք դատական գործ հարուցել այս հարձակումն իրականացնողների դեմ օրենքի լիակատար սահմանմամբ և աջակցել ներգրավված ցանկացած դիվանագիտական անձնակազմի արտաքսմանը Միացյալ Նահանգներից»: Այլ սենատորներ և կոնգրեսականներ ևս հանդես են եկել այս հարձակումները դատապարտող հայտարարություններով:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031