Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐՕ կուսակցություն չի լինի. Րաֆֆի Հովհաննիսյանը նոր առաջարկ է անում՝ հրավիրելով նաեւ «Ելքին» (Տեսանյութ)

Մայիս 25,2017 15:15

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ուշագրավ հայտարարություն արեց: Ինչպես հայտնի է, վերջին շրջանում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ պետք է ստեղծվի ՕՐՕ կուսակցություն:

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք կողմ են խոշորացմանը, բայց կուսակցությունը ՕՐՕ չի կոչվի: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ մոտ 1 ամսից «Ժառանգությունը» համագումար է պատրաստվում անել եւ նոր առաջարկ անել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին. «Այն ժամանակ կիմանանք՝ պատրա՞ստ են մեր դաշինքի գործընկերները մտնել կուսակցական պայքարի մեջ՝ որպես մեկ կուսակցություն եւ դրանից բացի մենք կողմնակից ենք շատ ավելի լայն կոնսոլիդացիայի եւ համախմբման»:

Մենք ճշտեցինք՝ ՕՐՕ-ի անվան տա՞կ է լինելու նոր կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ: Ռեալ արդյունքի հասնելու համար, որը ժողովուրդն է ակնկալում, դե յուրե արդյունքի հասնելու համար այս օրենսգրքով պետք է թե՛ խորհրդարանում հայտնված ընդդիմադիր ուժերը, եւ թե՛ դրանից դուրս մնացած ուժերը համագործակցեն, եւ որքան հնարավոր է, որքան քաղաքական ընդհանուր հայտարար կա իրենց միջեւ, իրենք պետք է մեկ օրգան դառնան, մեկ կուսակցություն դառնան: «Ելքի» ներսում, եթե դա կարող են անել, կարծում եմ, պետք է անեն, որովհետեւ ապագայի ճանապարհը դա է ցուցանում: «Ժառանգությունը» գիտակցում է այդ բանը, շատ ուրախ է, որ «Ելքը» մտել է խորհրդարան, կարծում եմ, որ նրանք, ովքեր ընդհանուր մոտեցումներ ունեն ներքին եւ արտաքին հարաբերությունների, ՀՀ-ի շահի եւ ինքնիշխանության հարցում, պետք է համագործակցեն: Պետք չունենք 50 կուսակցության, պետք է ունենանք 5-7, 10 կուսակցություն, որոնք մեծ են, պայքարում են, ունեն ֆինանսական ռեսուրսներ եւ ունեն հնարավորություն՝ հակակշռելու այս իշխանությանը: Եթե դա չեղավ՝ հերթական անգամ կամ կասենք՝ հրապարակային պայքար, դուք կհարցնեք՝ փողոց պիտի իջնե՞ք, ժողովրդին ինչո՞ւ չեք կանչում եւ այլն, այսինքն, ամեն մեկն իր դերը կկատարի, բայց ոչ մի բան չի փոխվի»:

Կոնկրետ ՕՐՕ նախընտրական դաշինքի առումով Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը «դիսկոմֆորտ» է զգում, թեեւ իրենց վարչությունը հաստատել էր այն. «Այդ անվանումը նվազագույնը նախընտրական անվանում էր եւ իր տեղը չի գտնի հետընտրական շրջանում: Խոշորացումը պետք է լինի եղած, իր տեղն արդեն գրաված, տեսակը, արժեքը ապացուցած, քննադատություն, հարված ստացող, բայց նաեւ առաջարկ ներկայացնող կուսակցության անունով, կամ մեկ ուրիշ, որը կներկայացնի ավելի լայն շրջան»:

Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ «Մենք կամ անցյալի մեջ պիտի շարունակենք ապրել, ես էլ շատ անցյալին եմ նայում՝ երանելի օրեր, կորսված հնարավորություններ, կամ պիտի գնանք ռեալ իրականությունից դեպի ապագա»:

Նա ասաց, որ Սահմանադրական հանրաքվեն եւ ԱԺ վերջին ընտրություններն էլ ակնհայտորեն կեղծվեցին. «Բացառելու համար երկու ախոյանների մրցակցությունը նախագահական ընտրություններում՝ օրենքը փոխեցին: Շատ ուզում են կուսակցական պայքարի վերածել ամեն ինչ, որտեղ ամեն ինչ լղոզված է, փողային է, եւ որտեղ չկա ժողովրդի սպասած մենամարտը՝ ախոյանների միջեւ: Այս իշխանությունը վախ ունի դրանից, դրա համար ապօրինի փոխեց օրենքը: Կարող ենք ողբալ անցյալը եւ այն օրենսգիրքը, որը խորհրդարանական համակարգ չի բերել իմ կարծիքով, բայց մենք պիտի նայենք ապագան: Այս իրականությունը ենթադրում է կուսակցությունների խոշորացման անհրաժեշտությունը: Եթե վերլուծենք, նրանք, ովքեր մասնակցեցին վերջերս, կամ ունեին իշխանության դաբրոն, կանաչ լույսը, նյութական, բարոյական, մեդիայի զորակցությունը, կամ ունեին առանձին կայացած դրամագլուխ, որը կիրառեցին՝ տեղեր ապահովելու համար եւ կամ գնացին դաշինքի ու մի կերպ անցան 7 տոկոսանոց շեմը: Կարծում եմ, «Ժառանգությունը» պետք է գնա խոշորացման, կարծում եմ, «Ժառանգությունը» ավելի տեսակ է, քան բուն ավանդական կուսակցություն: Մեր տեսակը չի փոխվել՝ կլինենք փողոցում, հարվածի տակ գտնվող քաղաքացիների եւ ոստիկանի կողքին, քաղբանտարկյալների ազատ արձակման օգտին, եւ կշարունակենք համագործակցել ընդդիմադիր դաշտի հետ՝ թե՛ արտախորհրդարանական, թե՛ խորհրդարանում հայտնված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031