Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի դատարանի դատավորի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Մայիս 25,2017 16:04

Դատավորի կողմից կաշառք ստանալու փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հավաքված բավարար փաստերի համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանը ամբաստանյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար նրանից անձամբ կաշառք է պահանջել և ստացել:

Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ դատավոր Լ. Արազյանի կողմից 07.03.2017թ.-ին վարույթ ընդունած քրեական գործով, ինքնիրավչություն կատարելու համար Գրիգոր Շամասուրյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն դրանով նախատեսված սանկցիայի շրջանակներում առավել մեղմ պատժատեսակ` կալանքի փոխարեն 300.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու համար, դատավորն ամբաստանյալից պահանջել է 600 ԱՄՆ դոլարի կաշառք: Լ. Արազյանը Գ. Շամասուրյանի հետ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի վերջինս պահանջված գումարն իրեն հանձնի դատավճիռը հրապարակելուց հետո` մի քանի օր անց: Պայմանավորվածության համաձայն` դատավոր Լ. Արազյանն իր պահանջած կաշառքն ամբաստանյալից անձամբ ստացել է 11.05.2017թ.-ին` Վեդի քաղաքի իր նստավայրում գտնվող դատարանի շենքում:

Ինչպես արդեն Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, համապատասխան ընթացակարգի ավարտից հետո, դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով` ամբաստանյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար նրանից անձամբ կաշառք պահանջելու և ստանալու համար: Լ. Արազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Սույն քրեական գործով կազմվել է մեղադրական եզրակացություն, և գործը հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031