Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գյումրիում բացվել է մերօրյա հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքար

Մայիս 25,2017 16:13

Ապրիլյան պատերազմում հերոսացած գյումրեցիների հիշատակին նվիրված հուշաքար է բացվել Գյումրու «Կուրսկի» հրապարակում: «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացրել է «Փառքի պուրակը` որպես մերօրյա հերոսների հավերժացման խորհրդանիշ» ծրագիրը, որի շրջանակներում էլ կանգնեցվել է հուշաքարը: Հուշաքարի բացման պատիվը տրվեց հերոսների ծնողներին ու զավակներին:

Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, հյուրեր, գյումրեցիներ։

«Մեզ համար որքան ուրախալի է, որ հիշում ու հպարտանում ենք մեր հերոսներով, նույնքան ցավալի է, որ նրանք մեր կողքին չեն։ Սիրելի ծնողներ, դուք պետք է բարձր գլխով քայլեք առաջ, գիտեմ դժվար է, սակայն ձեր որդիներն անմահացել են, նրանք մեր երկրի համար տվել են ամենաթանկը` կյանքը: Հավերժ փառք նրանց»,- ելույթի խոսքում նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

«Արաքս կենտրոն» ՀԿ նախագահ Ալլա Խաչատրյանը վստահ է, որ հերոս շիրակցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրումը, քառօրյա պատերազմում նրանց սխրանքների մասին բարձրաձայնելն արդիական է և պահանջված, կարևոր է հայոց բանակի հանդեպ սիրո, վստահության, ռազմահայրենասիրական, հոգևոր-մշակութային դաստիարակության մակարդակի բարձրացման առումով:

«Արաքս կենտրոնի» կողմից Ապրիլյան պատերազմում նահատակված շիրակցի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարը տեղադրելու գաղափարը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհով: Ծրագրի շրջանակներում ՀԿ-ի հետ համագործակցել և աջակցել են Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանը, Գյումրիում տեղակայված զորամասերը, Գյումրու մի շարք կրթօջախներ, «Մշո տղեք» ՍՊԸ տնօրինությունը, ճարտարապետ Սուրեն Կուրազյանը:

Միջոցառման ընթացքում ներկաներին տրամադրվում էին զոհված զինվորների մասին պատմող սեղմագրեր, որոնց ստեղծման գործում «Արաքս կենտրոնին» աջակցել էր գրող-հրապարակախոս Գոհար Մարտիկյանը:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031