Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակի» ֆուտբոլիստների ֆանտաստիկ խաղն ու գյումրեցիների նուրբ հումորը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 25,2017 22:07

Գյումրեցի ֆուտբոլասերները երեկվանից աննկարագրելի բարձր տրամադրության մեջ են․ այն երկրպագուները, որոնք չէին կարողացել գնալ մայրաքաղաք ու լինել սիրելի թիմի հետ, խաղի ամբողջ ընթացքում իրենց զգացմունքները կիսում էին սոցիալական ցանցերում։ Իսկ երբ «Շիրակը» հինգ տարի անց երեկ Գյումրի վերադարձրեց գավաթը, «ֆեյսբուքը» լցվեց գյումրեցի երկրպագուների «ճիչերով»։  Գյումրեցուն հատուկ նուրբ հումորով օգտատերերից մեկը ինքն իրեն հարց  էր տվել ու պատասխանել․«Ծնունդիս էդքան շնորհավորանք չէի ստացել, ինչքան «Շիրակի» գավաթակիր դառնալու կապակցությամբ, վա՞տ է, ծո ի՞նչ կխօսա, հպարտ եմ»։

Հիշեցնենք, որ երեկ «Շիրակ» ֆուտբոլային թիմը, Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցավեճում խաղալով Երևանի «Փյունիկի» հետ, դարձավ Հայաստանի կրկնակի գավաթակիր։ Հետաքրքիրն այն է, որ «Փյունիկը» Հայաստանի գավաթը նվաճելու մեծ փորձ ուներ վերջինիս 8 անգամ հաջողվել էր դառնալ Հայաստանի գավաթակիր, իսկ «Շիրակին» ընդամենը մեկ անգամ, որը նվաճել էր ուղիղ հինգ տարի առաջ։

Շիրակի մարզպետարանի սպորտբաժնի պետ Վաչիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում  պատմեց, որ չի իմացել, թե «Շիրակ-Փյունիկ» խաղը ուղիղ եթերով ցուցադրվում է «Շիրակ» հեռուստաընկերությամբ, դիտել է ինտերնետով՝ «Armsport»-ով։ «Առաջին խաղակեսում 3:0, դա արդեն հաղթանակի լուրջ հայտ էր։ Հենց «Շիրակը» կրեց, ինձ առաջինը շնորհավորեց Գյումրու քաղաքապետարանի սպորտբաժնի պետ Մեխակ Ղազարյանը, հարցրեցի՝ դու ինչո՞վ ես նայում, ասեց «Շիրակով»․․․Դրանից հետո զանգահարել եմ Վարդան Բիչախչյանին, Հարությունյան Արային շնորհավորելու։ Այս հաղթանակը իրոք տրամադրություն փոխեց Գյումրիում։  Էնքան ուրախ եմ, որ «Շիրակը» երկրորդ անգամ  է դառնում գավաթակիր։ «Շիրակը» գավաթակիր դառնալով՝ իրավունք ստացավ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի եվրոպական խաղերին։ Ասեմ, որ Հայաստանի պատմության մեջ բոլոր թիմերից եվրոպական խաղերում ամենաշատ հաղթանակները տարել է «Շիրակը», ամենաշատ փուլ անցել է «Շիրակը», մինչև երրորդ փուլ հասել է «Շիրակը», հայկական ոչ մի թիմի նման բան չի հաջողվել», -ասաց Վաչիկ Վարդանյանը։

Նրա բնութագրմամբ, «Շիրակի» երկրպագուները տարբերվում են աշխարհի բոլոր երկրպագուներից ոչ միայն իրենց կրքոտությամբ, հումորով, ֆուտբոլիստների նկատմամբ խստապահանջությամբ, այլ կին ֆանատների քանակով։ «Որտեղ «Շիրակն» է խաղում, այնտեղ ստադիոնի կեսը կանայք են։ «Խորհրդային Միության տարիներին ստադիոնում, եթե կին տեսնեիր, կշշմեիր, բայց հիմա «Շիրակի» խաղերին կանանց մասնակցությունը պարտադիր է»,- ասում է Վաչիկ Վարդանյանը։

Մարզպետարանի պաշտոնյան անդրադարձավ  նաև երեկ գոլ խփած ֆուտբոլիստներին։ Հիշեցնենք, որ նրանից մեկը 17-ամյա Վահան Բիչախչյանն է՝ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի  որդին։ Հետաքրքիրն այն է, որ 5 տարի առաջ, երբ «Շիրակն» առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը, Վահան Բիչախչյանը գնդակ մատակարարող երեխաների մեջ էր։ Իսկ երեկ 17-ամյա երիտասարդը  դարձավ  «Շիրակ»-ի ֆանտաստիկ գոլերից մեկի հեղինակը։ Նշենք նաև, որ նա Հայաստանի գավաթի եզրափակիչներում գոլ խփածներից ամենաերիտասարդ ֆուտոբլիստն է։ Երկու գոլ էլ  խփեց ամերիկացի հարձակվող, ծագումով նիգերիացի 24-ամյա Կիրիան Նվաբուեզեն։ Նա այսօր հայտարարել է, թե գոլերը նվիրում է իր եղբորը։  «Գավաթային վերջին խաղերում զգում էի, որ բախտս չի բերում, ունենում էի պահեր, բայց չէի կարողանում իրագործել դրանք, բայց Աստված այսօր օրհնեց ինձ և ես իմ խփած երկու գոլերը նվիրում եմ եղբորս»,- ասել է նա։

Մարզպետարանի սպորտբաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, հետևելով 17-ամյա Վահան Բիչախչյանի խաղերին, նշում է, որ նա խոստումնալից ֆուտբոլիստ է, սակայն բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար նրան անհրաժեշտ է դուրս գալ Եվրոպա։ «Մեզ մոտ, իհարկե, մասնագետներ շատ կան, բայց կարծում եմ եվրոպական ակումբներում խաղալն այլ մակարդակ է ապահովում։ Պատկերացրեք մեր Հենրիկ Մխիթարյանը մնար Փյունիկում․․․», ասում է Վաչիկ Վարդանյանը։

Ի դեպ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մեկը՝ Արման Մալոյանը, երեկ նկարահանել է «Շիրակի» մեկօրյա օրագիրը՝ երկրպագուների ապրումները, ֆուտբոլիստների զգացողությունները հաղթանակից  առաջ ու հետո։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031