Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Նման բաների մեջ մտածված ձեւով չեմ խորանում»

Մայիս 26,2017 20:22

Երեկ`մայիսի 25-ին ժամը 18.00-ին լրացավ կանոնակարգով սահմանված ժամկետը, եւ արդեն պետք է հայտնի լինեն այն մարդկանց անունները, որոնք կփոխարինեն «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ հայտնած պատգամավորներին: Հիշեցնենք, դաշինքում «մանդատակռվի» շրջանակներում տեղի ունեցած բազում վայրիվերումներից հետո, նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկի երկրորդ օրը, երեք պատգամավորներ ինքնաբացարկի դիմումներ  էին ներկայացրել ԱԺ նախագահին: Նրանք էին`Հարություն Կարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը եւ Խաչիկ Մանուկյանը: Մինչ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված վերջնաժամկետի ավարտն այս պատգամավորները չէին դիմել ԱԺ նախագահին`դիմումները ետ վերցնելու համար: Ըստ շրջանառվող լուրերի, նրանց պետք է փոխարինեն Հակոբ Նազարյանը, Նորա Առուստամյանը եւ Գեւորգ Պետրոսյանը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանից Aravot.am-ը հետաքրքրվեց`դաշինքում քննարկումներ եղե՞լ են, արդեն հստա՞կ են դաշինքի նոր պատգամավորների անունները: «Մենք գիտենք, որ խորհրդարան պետք է գան Գեւորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը եւ Հակոբ Նազարյանը»,- ասաց Վարդան Բոստանջյանը` հավելելով, որ առաջիկայում`ամսի 30-ին, տեղի ունենալիք խորհրդարանի արտահերթ նիստում, հավանաբար կհայտարարվեն նրանց անունները:

Հետաքրքրվեցինք`հնարավո՞ր է խմբակցությունում էլի ինքնաբացարկի դիմումներ հրապարակվեն: Խոսակցություններ կան, որ դաշինքի եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլի մարդկանց է խոստացել խորհրդարան բերել, իսկ դրա համար մանդատ ստացած որոշ մարդիկ եվս պետք է ինքնաբացարկ հայտնեն: «Չգիտեմ: Նման բաների մեջ մտածված ձեւով  ընդհանրապես չեմ խորանում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031