Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծարել, թե չլուծարել Լեզվի պետական տեսչությունը

Մայիս 27,2017 12:00

Այս թեմայով բանավեճերն արդեն սկիզբ են առել, բայց չենք կարող ասել, թե այս թեման հասարակական լայն քննարկման է արժանանում, չնայած որոշ մարդիկ շատ ծանր են տանում այս տեսչության լուծարման գաղափարը: Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր կամ աշխատել ու աշխատում են տվյալ տեսչությունում, կամ էլ մոտիկից են առնչվել այս տեսչության աշխատանքներին: Օրինակ՝ Լեզվի պետական տեսչության նախկին ղեկավար Լավրենտի Միրզոյանը կտրականապես է դեմ տեսչության լուծարմանը՝ համարելով, որ Լեզվի տեսչությունը մեր հանրապետությունում չափազանց կարեւոր դեր ու նշանակություն ունի: Այս առթիվ Միրզոյանն ասել է. «Լեզվի տեսչությունն այսօր միակ տեսչությունն է Հայաստանում, որը ազգային անվտանգության խնդիր է իրականացնում՝ Լեզվի մասին օրենքի պահանջներին համապատասխան»: Հարցին անդրադարձել են նաեւ այլ մտավորականներ՝ Էդվարդ Միլիտոնյանը, Կարինե Խոդիկյանը, Նարինե Դիլբարյանը, Դավիթ Գասպարյանը եւ ուրիշներ:

Նրանք նույնպես դեմ են Լեզվի տեսչությունը լուծարելուն, բայցեւ, ի տարբերություն Լավրենտի Միրզոյանի, այն կարծիքին չեն, թե Լեզվի տեսչությունը Հայաստանում ազգային անվտանգության խնդիրներ է իրականացրել: Ավելին. նրանցից շատերը կարծում են, որ Լեզվի պետական տեսչությունն առանձնապես փայլուն չի աշխատել, եւ դա է պատճառը, որ տվյալ տեսչության լուծարման խնդիր է առաջացել: Եթե Լեզվի պետական տեսչությունն այս տարիներին իսկապես Հայաստանում ազգային անվտանգության խնդիրներ իրականացրած լիներ, ապա դա ոչ միայն Լավրենտի Միրզոյանը կիմանար, այլեւ շատերս իմացած ու զգացած կլինեինք, մինդեռ շատերն այն կարծիքին են, որ Լեզվի պետական տեսչությունն իր առաքելությունն առանձնապես չի կատարել:
Իսկ ո՞րն էր տվյալ տեսչության առաքելությունը:

Խորհրդային տարիներն ապրածներս հիշում ենք, որ մեզանում այն տարիներին խանութների եւ այլ հիմնարկների ցուցափեղկերը գրվում էին բացառապես երկու լեզվով՝ հայերեն եւ ռուսերեն, ավելի ճիշտ՝ ռուսերեն եւ հայերեն, որովհետեւ նախ՝ ռուսերեն էր գրվում, հետո նոր՝ հայերեն, ընդ որում՝ ռուսերենն ավելի խոշորատառ: Դա ավելի շուտ տվյալ հիմնարկատիրոջ ստրկամտության արդյունքն էր, քան վերեւից եկած պարտադրանք, եւ եթե մեկն իր խանութի կամ հիմնարկի ցուցանակը հայերեն ավելի խոշորատառ էր գրում, դա համարվում էր հերոսական արարք: Այդ իմաստով մշտապես օրինակ էին բերվում հարեւան Վրաստանի՝ հատկապես Թբիլիսիի ցուցանակները, որոնք առաջին հերթին վրացերեն էին, հետո նոր՝ ռուսերեն, ընդ որում՝ վրացերենն անհամեմատ խոշորատառ էր:

Անցած դարավերջին, երբ Հայաստանն անկախացավ, հայերեն ու ռուսերեն ցուցանակներին անմիջապես գումարվեցին անգլերեն ցուցանակները, ընդ որում՝ հիմնականում անգլերեն ցուցանակներն էին խոշորատառ ու գերիշխող: Եվ քանի որ անկախացած Հայաստանի միակ պետական լեզուն հայերենն էր, եւ քանի որ Երրորդ հանրապետության հիմնադիրներից ու ղեկավարներից շատերը հումանիտար ու լեզվական կրթություն ունեին, ստեղծվեց Լեզվի պետական տեսչությունը, որն իր ստեղծման առաջին շրջանում, եթե հիշում եք, անխոնջ պայքարում էր հանուն Երեւանում ու Հայաստանում հայատառ ցուցանակների առաջնահերթության: Պայքարում էր, բայց, փաստորեն, որեւէ արդյունքի չհասավ, որովհետեւ ռեալ լծակներ չուներ: Թե ցուցանակներից բացի՝ այլ ի՞նչ անելիքներ ուներ տվյալ տեսչությունը, դժվարանում ենք ասել, բայց որ ինչ-որ բան այն չէր, հաստատ է: Սկսած տեսչության անվանումից:

Եթե տեսչության գործունեության նպատակը հայոց լեզվի խնդիրներն էին, տեսչությունը հենց այդպես էլ պիտի անվանվեր՝ Հայոց լեզվի պետական տեսչություն կամ Պետական լեզվի տեսչություն, թե չէ ինչ ասել է՝ Լեզվի պետական տեսչություն. ո՞ր լեզվի, եւ ընդհանրապես՝ ի՞նչ լեզու, ի՞նչ լեզվի մասին է խոսքը, ի՞նչ է նշանակում՝ լեզու: Եթե անվանումը ճշգրիտ լիներ, նաեւ անելիքներն ավելի հստակ կլինեին: Բայց, իհարկե, գործունեության լծակները պարտադիր էին, որոնցից, փաստորեն, զուրկ էր Լեզվի պետական տեսչությունը: Եթե տվյալ տեսչությունը որոշակի լծակներով օժտված լիներ, կարող էր նաեւ զբաղվել միասնական ուղղագրության եւ ուղղախոսության խնդիրներով, ինչով որ խորհրդային տարիներին զբաղվում էր Տերմինաբանական կոմիտե կոչված հաստատությունը, որը, չնայած պետական տեսչության կարգավիճակ չուներ, բայց ռեալ լծակներ ուներ՝ հատկապես միասնական ուղղագրության հարցում: Մինչդեռ այսօր տարբեր լրագրողներ ու լրատվամիջոցներ մանավանդ օտարամուտ ու փոխառնված բառերը տարբեր ձեւով են գրում: Ամերիկյան դոլարի այս միանձնյա իշխանության ժամանակներում որոշ լրագրողներ դոլարը մի լ-ով են գրում, որոշները՝ երկու լ-ով՝ դոլլար: Եվ այդպես՝ շատ ու շատ բառեր:

Կարծում ենք՝ այսօրինակ հարցերը հենց Լեզվի պետական տեսչությունը պիտի կարգավորեր: Տեսչությունը պիտի նաեւ կտրականապես արգելեր ֆեյսբուքներում, coment-ներում եւ այլուր անգլիատառ հայերենի գործածությունը: Գուցեեւ ցանկություն եղել է, բայց հնարավորություն ու լծակներ չեն եղել: Ահա այս հարցն է, որ պետք է քննարկման առարկա դառնար, այլ ոչ թե տեսչության լուծարման հարցը:

Փաստորեն, շատերը դեմ են լուծարմանը:

Շատերը դեմ են նաեւ դպրոցների օպտիմալացմանը. նույնիսկ ամենաիշխանամետ մտավորականներն ու գործիչները չեն արտահայտվում օպտիմալացման օգտին: Սա առավել ցավոտ հարց է, որին նույնպես կանդրադառնանք:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

26.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031