Լրահոս
Օրվա լրահոսը

Ծուլության արմատները

Մայիս 27,2017 10:00

«Բարեգործությունը, օգնությունը, միջազգային դրամաշնորհները Հայաստանի ապագան են սպանում, օգնում են նորմալ յոլա գնալուն, բայց ոչ թե` լավագույնը դառնալուն», – վերջերս ասել է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը: Ինչպես միշտ, դիպուկ է ասված, բայց այդ «յոլա գնալն» ունի շատ խորն արմատներ եւ գալիս է ծուլության բավականին յուրահատուկ դրսեւորումից:

Հայաստանում հնարավոր չէ դառնալ դոլարային միլիոնատեր` իշխանության հետ սերտ հարաբերություններ չունենալով կամ, ավելի շուտ, իշխանության մասը չլինելով: Դա շատ վատ է, որովհետեւ կոռուպցիայի, մենաշնորհների եւ այլ արատավոր երեւույթների արտացոլումն է: Բայց Հայաստանում հնարավոր է  ստանալ նորմալ աշխատավարձ կամ եկամուտ, որը կապահովի արժանապատիվ կյանք քեզ ու քո ընտանիքին: (Խոսքն, իհարկե, գործունակ տարիքում գտնվող մարդկանց մասին է): Խնդիրն այն է, որ արժանապատիվ կյանքի մասին պատկերացումները տարբեր են: Կան մարդին, որոնք հնարավորություն ունեն ստանալու 2-3 հարյուր հազար դրամ, բայց հրաժարվում են աշխատել նման աշխատավարձի դիմաց` հետեւյալ, բավականին տարօրինակ  պատճառաբանությամբ` «բա ինչո՞ւ այսինչ օրիգարխը 4 «յաշչիկ» հետեւը քցած  կարող է ֆռֆռալ Երեւանի փողոցներով, իսկ ես` ոչ», կամ` «ինչու այսինչ պաշտոնյան կարող է իր համար 4 հարկանի դղյակ սարքել, իսկ ես ապրում եմ 3 սենյականոց բնակարանում»:

Չգիտեմ, գուցե այդ հարցադրումները զուտ տեսականորեն արդար են, բայց ինձ չի թվում, որ պետք է ողջ կյանքը վատնել անհասանելի «յաշչիկների» եւ դղյակների մասին երազանքների վրա ու մատը մատին չխփել` շատ ավելի համեստ, բայց գուցե ավելի բովանդակալից կյանք վարելու համար: (Ընդհանրապես չեմ հասկանում, երբ մարդիկ իրենց որեւէ մեկի հետ համեմատում են՝ մոռանալով, որ ամեն մեկն ունի իր առաքելությունը):

Այնուհետեւ տրամաբանությունը հետեւյալն է.  քանի որ ես, միեւնույն է, Ծառուկյան կամ Ալեքսանյան չեմ դառնա՝ էս անտեր երկրում դա հնարավոր չէ, ուրեմն, մնում է երկու ճանապարհ՝ կա՛մ ես նստած սպասում եմ, որ ինչ-որ մեկը՝ իմ պետությունը, այլ պետություններ, մեծահարուստ, արտատասահմանում ապրող բարեկամ, ինձ օգնի, կամ էլ՝ գնում եմ Ռուսաստան, որն, իհարկե, ավելի անտեր երկիր է՝ ավելի ավազակ չինովնիկներով ու ավելի չտես օլիգարխներով, բայց դե դրանք իմը չեն, յոլա կգնամ: Երկու դեպքում էլ իշխում է «յոլա գնալու» գաղափարախոսությունը:

…Շուրջ 10 տարի ես չեմ կարողանում այգեպան գտնել: Կա’մ գալիս եւ պատմում են, որ իրենք աշխարհի ամենալավ գյուղատնտեսն են եւ հրաժարվում են որեւէ աշխատավարձի դիմաց աշխատել կամ էլ գալիս են, վերցնում են աշխատավարձը (ոչ փոքր) եւ… գլուխ են պահում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անհատական զարգացումից կամ առաքելության իրականացումից մարդուն հետ են պահում Ձեր նշած Ծուլությունը (Յունգը այն համարում էր մարդկային ամենուժեղ բնազդը՝ անգամ սեքսուալ ու սննդի բնազդից էլ ուժեղ), ինչպես նաև՝ Վախը։ Մնացյալը ինֆանտիլ արդարացումներ են՝ սեփական ծնողներից սկսած՝ մինչև նախագահ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031