Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է գտնել բալանսավորված կետը. Կարեն Կարապետյան

Մայիս 27,2017 17:10

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է տարբեր երկրներից ժամանած ուսանողների և գիտնականների մասնակցությամբ նման հարթակներում հանդիպումների կազմակերպումը: «Նմանատիպ հանդիպումներում ակտիվ, համանման հետաքրքրություններ ունեցող մարդիկ կարող են արդյունավետ քննարկումներ անցկացնել, շփումներ կազմակերպել: Շատ դեպքերում նման հանդիպումների կիրառական արդյունքը լինում է ավելի մեծ, քան հետազոտություններ իրականացնելու ընթացքում: Դուք ունեք հետաքրքիր և հեռանկարային ապագա և ցանկանում եմ, որ այս գիտաժողովից հետո այդ համոզմունքը ձեզ մոտ մեծանա, որովհետև այսօր աշխարհը կանգնած է մեծ մարտահրավերների առջև: Յուրաքանչյուր դարաշրջան, ժամանակահատված ունի իր մարտահրավերները, բայց այսօր դրանք որակապես այլ են»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, այսօր կան կասկածներ՝ կապված կառավարման համակարգի հետ և երկրները կանգնած են խնդիրների առջև, թե ինչպե՞ս կառավարել, ո՞րն է լինելու պետության, հասարակության դերը: «Կարծում եմ, որ պետք է գտնել այն բալանսավորված կետը, որի դեպքում վստահ ենք լինելու, որ պետությունն ու հասարակությունը զարգանալու են ճիշտ ուղղությամբ: Կոչ եմ անում նման հարթակներ շատ ստեղծել, որպեսզի հանդիպեք, զրուցեք, 2-3-օրվա քննարկումները կարող են հավասար լինել մեկ տարվա ձեր հետազոտությունների իրականացմանը»,- ասել է վարչապետը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Այնուհետև Կարեն Կարապետյանը լսել է գիտաժողովի մասնակիցների մի քանի զեկույցներ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի:
«Տնտեսագիտությունն ավելի լավ տնտեսություն ունենալու համար» խորագրով գիտաժողովին մասնակցում է աշխարհի 14 երկրի շուրջ 100 ուսանող ու երիտասարդ գիտնական՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Հնդկաստանից, Սիրիայից և այլն: Աշխատանքային երեք օրվա ընթացքում գիտաժողովի մասնակիցները հանդես են գալիս զեկույցներով և մրցութային 3 բաժիններում ներկայացնում միջազգային տնտեսական հարաբերությունների և ազգային մրցունակության բարձրացման հարցերին վերաբերող զեկույցներ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031