Լրահոս
Օրվա լրահոսը

«7» նախագիծ. Հունիսի 1-ը կնշվի դասական երաժշտությամբ

Մայիս 29,2017 16:36

7 նոտաները, ծիածանի 7 գույները, շաբաթվա 7 օրերը, 7 հրաշալիքները և բազմաթիվ այլ հետաքրքրաշարժ տեղեկություններ կներկայացվեն հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, երեկոյան ժամը 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք երեկոյի ընթացքում։ Այս մասին Երևանի թիվ 12 մանկապարտեզում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին «7» նախագծի հեղինակները՝ հաղորդավար Ավետ Բարսեղյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ինտերակտիվ համերգ-երեկոն ուղեկցվելու է դասական երաժշտությամբ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարելու է դասական կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները, որոնք ընդմիջվելու են ուսուցողական-տեղեկատվական պատմություններով։

Ավետ Բարսեղյանը նշեց, որ այս նախագծով ցանկանում են երեխաների մեջ սերմանել անհրաժեշտ գիտելիքներ՝ ինչու է նվագախմբին պետք դիրիժոր, կներկայացվեն երաժշտական գործիքների մասին մանրամասներ, կփորձեն բացահայտել, թե ինչ գույների հետ են ասոցացվում նոտաները։ Ավետ Բարսեղյանը շեշտեց, որ նախագծի հաջողության դեպքում այն կլինի շարունակական և ավելի մեծ ընդգրկում կունենա։

Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ փորձել են երեխաների համար հետաքրքիր ձևաչափ ընտրել։ Երեխաները պետք է փոքր տարիքից սովորեն՝ ինչպես այցելել, պահել իրենց դասական երաժշտության համերգներին։ Համերգին ակտիվ մասնակցություն կունենա նաև հանդիսատեսը։ Դիրիժորը տեղեկացրեց, որ համերգի ընթացքում սպասվում են բազմաթիվ անակնկալներ։

Նշենք, որ «7» նախագիծն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

Ասուլիսի ավարտին Երևանի թիվ 12 մանկապարտեզի սաները երգեցին հյուրերի համար։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031