Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գևորգ Կոստանյանը պատրաստ է Հանրապետության հրապարակում ներողություն խնդրել (Տեսանյութ)

Մայիս 31,2017 12:43

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում այսօր կրկին բանավեճ ծավալվեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի շուրջ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախագծում փոփոխություններ են կատարվել. նախատեսվում է՝ այն անձինք, որոնք պաշտպանության, քննչական մարմիններից և ոստիկանությունից են տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե, ևս պիտի կարողանան օգտվել քննչական կոմիտեի ծառայողի կողմից 20 տարվա ստաժի անցնելու իրավունքից:

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հավաստիացրեց, որ այսպիսով փորձում են համակարգում բոլորին բերել նույն հարթության վրա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ իրենց դիրքորոշումը նույնն է. «Ինչո՞ւ պիտի կրթական համակարգի հարգարժան ներկայացուցիչները ստանան, օրինակ, տարիքային թոշակ, իսկ որևէ դատավոր կամ քննիչ ստանա 600.000, 800.000 դրամ թոշակ կամ աշխատավարձ, երբ կոռուպցիայի նվազում չկա, այլ կա խայտառակ վիճակ ոլորտում»:

ՀՀ կառավարության կատարած փոփոխությունը Նիկոլ Փաշինյանն այսպես մեկնաբանեց. «Хотели как лучше, а получилось как всегда. Ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում կա երկու դատախազ, որոնք հարևան սենյակներում են նստում, երկուսի 20 տարվա աշխատանքային ստաժն էլ լրանում է հուլիսի 1-ին: Նրանցից մեկը, սակայն, այս օրենքով իրավունք է ձեռք բերում ստանալ 400.000 դրամ թոշակ, մյուսը՝ ուղիղ կեսը: Ո՞րն է տարբերությունը նրանց միջև: Տարբերությունն այն է, որ նա, ով պետք է ստանա 400 հազար դրամ թոշակ, նա քննչական կոմիտեից է եկել, մյուսն էլ միշտ աշխատել է դատախազությունում: Ահա այսպիսի սոցիալական երաշխիքներ: Հանձնաժողովի նախագահն էլ ասում է, թե բոլորին ուզում ենք հավասարության դաշտում դնել: Բայց եթե ներքաղաքական կոնյուկտուրան, ինտրիգներն իմանանք, կհասկանանք, թե ինչու ե քննչական կոմիտեի հետ կապված անձն առավել արտոնյալ կարգավիճակ ստանում: Երբ Աղվան Հովսեփյանը դատախազ էր, այդ ժամանակ էլ դատախազության ներկայացուցիչներն էին ավելի արտոնյալ կարգավիճակ ստանում: Այս երևույթը կիրառական պրակտիկայում լավ գիտի նախկին գլխավոր դատախազ, ներկայումս պատգամավոր Գևորգ Կոստանյանը»: Պարոն Փաշինյանը հավաստիացրեց, որ իրենք «դեմ» են քվեարկելու:

Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքեց Գևորգ Կոստանյանը՝ նշելով, թե որոշ գործընկերներ միշտ շեղվում են էությունից, փորձում ամեն ինչ անձնական, անհատական դաշտ մտցնել: Այնուհետև պատրաստակամություն հայտնեց երկու ուղղությամբ էլ պատասխանել. «Ժողովուրդ, ոչ մեկին այս օրենքով արտոնություն չի տրվում: Այն արտոնությունները, որոնք տրված են նախկին օրենքով, հիմա այս օրենքով ժամանակն է երկարացվում: Այս օրենքը վերաբերում է և՛ քննիչներին, և՛ դատախազներին: Այստեղ համակարգային դրվածք ընդհանրապես չկա: Եթե որևէ մեկդ հիմա կարող եք ասել, թե այս օրենքը եղել է կոնկրետ սուբյեկտի ուղղված՝ քննիչի կամ, ասենք, Քննչական կոմիտեի քննիչի, ՀՔԾ-ի, հարկայինի կամ ԱԱԾ քննիչի, ես հրապարակային ներողություն կխնդրեմ Հանրապետության հրապարակից: Չկա տենց բան»:

Հակոբ Հակոբյանն էլ արձագանքեց, որ խառնաշփոթը գալիս է նրանից, երբ օրենքի քննարկումը փորձում են անձնավորել:

ԱԺ-ի այսօրվա նիստում նաև փոփոխություններ կատարվեցին «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդմ՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի և օգնականի համապատասխան դրույքաչափերը բարձրացվեցին՝ համապատասխանեցվեցին կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի դրույքաչափերին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031