Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Առանձին-առանձին համայնքները չունեն հնարավորություններ և ռեսուրսներ` ծրագրային գաղափար դնելու, բյուջե մեծացնելու». Դ. Լոքյան

Մայիս 31,2017 13:58

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը նախօրեին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր՝ Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով:

Գեղարքունիքի մարզպետարանում Դավիթ Լոքյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հանդիպել են Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Դ. Լոքյանի խոսքով, ՀՀ կառավարության կողմից որդեգրվել է մի սկզբունք, ըստ որի, աստիճանաբար պետք է իրականացվի համայնքների խոշորացումը և պետք է գնալ վարչատարածքային փոփոխությունների: «Առանձին-առանձին համայնքները չունեն հնարավորություններ և ռեսուրսներ` ծրագրային գաղափար դնելու, բյուջե մեծացնելու և մնացած խնդիրները լուծելու համար: Մենք Հայաստանում ունենք մոտավորապես 400 համայնք, որոնց բյուջետային եկամուտները հնարավորություն չեն տալիս զարգանալու: Մեր երկրում պետք է բարեփոխումներ իրականացվի, սա պետական քաղաքականություն է, որի արդյունքում մենք պետք է գնանք վարչատարածքային փոփոխությունների»,-ասել է Դ. Լոքյանը:

Նա համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել արդեն խոշորացված համայնքներում իրականացված և իրականացվող աշխատանքների մասին: «Համայնքի բյուջեով իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ, կառուցվել են ջրագծեր, մաքրվել սելավատարներ, անցկացվել է գիշերային լուսավորություն, համայնքի համար գնվել է անհրաժեշտ տեխնիկա, գնվել է սերմացու՝ բնակիչներին անվճար տրամադրելու նպատակով, ստեղծվել են աշխատատեղեր՝ ըստ անհրաժեշտության, և կրճատվել են այն աշխատողները, որոնք համայնքում որևէ գործառույթ չեն իրականացնում»,-նշել է Դավիթ Լոքյանը: Նրա տեղեկացմամբ, ՀՀ ՏԿԶ նախարարությունը հատուկ ձեռնարկ է սահմանել, թե ինչ կարգով պետք է աշխատի խոշորացված համայնքի ղեկավարը:

Նույն օրը ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը հանդիպել են Գեղարքունիքի մարզի խոշորացվող Ճամբարակի բնակավայրերի ղեկավարների հետ, ներկայացրել և քննարկել Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերը: ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով Գեղարքունիքում նախատեսվում է ձևավորել խոշորացված 3 փունջ:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031