Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պատասխան ԿԳՆ-ի հայտարարության՝ «Լեզվի տեսչությունն ընդամենը պրիմիտիվ ստուգումներ էր անում» (Տեսանյութ)

Մայիս 31,2017 16:24

«Նախ այդ ուռա հայրենասիրական ինչ բառ կար՝ համաձայն ենք միայն այն մասով, եթե վերաբերեր լեզվին, ոչ թե ինչ-որ տեսչությանը: Լեզուն, այո, ազգային անվտանգության հարց է, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է եւ այլն: Լեզվի տեսչությունը չի կարող այդ ամենը հանդիսանալ»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե ինչ կարծիք ունի կրթության եւ գիտության նախարարության՝ Լեզվի պետական տեսչության լուծարելու մասին տեսակետին, այսօր «Արմենպրես» ակումբում այսպես արձագանքեց կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը:

Հիշեցնենք, որ ԿԳՆ-ն տեսչության լուծարման վերաբերյալ հայտարարել էր՝ «Լեզվի պետական տեսչությունն իր բնույթով ռազմավարական նշանակության կառույց է, ուստի նրա կարգավիճակին վերաբերող յուրաքանչյուր փոփոխություն կատարելիս նախ եւ առաջ պետք է հաշվի առնել լեզվի` ազգային անվտանգության գործոնը եւ հանրության ընդգծված հետաքրքրության առարկա լինելու հանգամանքները»:

Մեր ճշտող հարցին՝ տեսչությունը ռազմավարական նշանակության գործառույթ չունե՞ր, Հայկ Այվազյանն ասաց. «Ոչ»:

Այվազյանն ապա շարունակեց՝ ի պատասխան նախարարության հայտարարության. «Նույնիսկ եթե այդ մարմնի վրա դրված է այդ շատ վեհ առաքելությունը, Լեզվի պետական տեսչությունը երբեւիցե չի իրականացրել դա: Իրականացրել է պրիմիտիվ ստուգում, ուրիշ ոչինչ: Այնինչ, իր կանոնադրությամբ շատ ավելի լուրջ լիազորություններ են վերապահված եղել: Արդյունք չունի ընդհանրապես, բացի այդ, ընդհանուր առմամբ, այն գործունեությունը, որն իրականացնում է Լեզվի տեսչությունը, չի բխում օրենսդրությունից»:

Այվազյանն ասաց, որ լեզվի տեսչության իրական գործառույթը ստուգումները չէին:

Մեր այն հարցին՝ կանոնադրությամբ ինչ գործառույթներ էին վերապահված տեսչությանը, Այվազյանը սկսեց դրանք թվարկել՝ «Լեզվաքաղաքականության մշակում: լեզվաքաղաքականության բնագավառում տարեկան ծրագրերի մշակում, ծրագրերի իրականացում: Ստուգում արտահայտություն, կամ լիազորություն կանոնադրության մեջ չկա, օրենքով, ընդհանրապես, վերահսկողություն հասկացողություն չկա: Կանոնադրությամբ վերապահված է լիազորություն վարչական վարույթներ հարուցելու ու դրանց հիման վրա դատարան դիմելու: Բայց, փաստորեն, լեզվի տեսչությունը կենտրոնացած է եղել բացառապես վարույթներ հարուցելու գործառույթի վրա, իսկ մնացած մասը մնացել է բաց»:

Ըստ Այվազյանի, տարբեր ոլորտներում հայերենի գործածությունն ու հայերենի պարտադիր լինելը վերահսկվում է շատ վաղուց՝ առանց Լեզվի պետական տեսչության՝ կլինի դա ցուցանակները, կլինի՝ դեղերի ոլորտում, ոչ պարենային ապրանքները, եթե լեզվի տեսչությունը չկա, դա չի նշանակում, որ դրանք չեն վերահսկվելու. «Լեզվի տեսչությունը իրեն վերապահել է հայոց լեզվի նկատմամբ ցանկացած վերահսկողություն, ու ըստ իրենց, ամեն ինչ պիտի վերահսկի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Այվազյանի խոսքերով՝ տեսչությունը վարույթներ հարուցելու գործում ընդհանրապես ազատ է եղել, եւ եթե այսօր բողոքում են, որ հեռուստատեսությամբ սերիալները վատ հայերենով են, ուրեմն տեսչությունը թերացել է:

ՀՀ-ում լեզվաքաղաքականության մշակումը, ինչպես վստահեցրեց Այվազյանը, շարունակվելու է մնալ կրթության եւ գիտության նախարարության գործառույթներում, ինչպես նաեւ ստեղծվել է ՀՀ վարչապետին կից հայերենի բարձրագույն խորհուրդ, որտեղ ներգրավված են հայոց լեզվի լավագույն մասնագետները, նրանք էլ պետք է քննարկեն լեզվի խնդիրների առնչվող որոշակի հարցեր:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինե Հովյան says:

    Այս մամուլի ասուլիսի ընթացքում հնչած հարցադրումների պատասխանները տե’ս իմ` 01.06.2017թ. «Առավոտ.ամ»-ին տված հարցազրույցում: Քանի որ ես մամուլի ասուլիսին ներկա չեմ եղել, հարցադրումներին ծանոթացել եմ սույն տեսանյութից: Տեսչական բարեփոխումների խմբի անդամներից մեկը, որպես Լեզվի պետական տեսչության գործառույթ, հրապարակում է մի հատված , իբր, տեսչության կանոնադրությունից:
    Իրականում այն Լեզվի տեսչության 1993 թվականի` ուժը կորցրած, կանոնադրությունից է: Հենց սա նկատի ունեմ, որ պնդում եմ, որ այս խումբը միտումնավոր և հետևողականորեն մոլորեցնում է պետական պաշտոնյաներին, զանգվածային լրատվամիջոցներին և հանրությանը:
    Ժամանակն է կանգ առնելու:

  2. Լիլիթ Հարությունյան says:

    Այս ասուլիսի ընթացքում էլ խումբը վերստին փորձեց ապատեղեկատվության միջոցով, այսպես ասած, արդարացնել իրենց մեր ազգային ու պետական շահից չբխող ծրագիրը: Քանի որ, ի պատասխան սույն ասուլիսի, Լեզվի պետական տեսչության պետի տեղակալը ս. թ. հունիսի 1-ի հարցազրույց է տվել «Առավոտ» ամ. լրատվամիջոցին, կանդրադառնամ երկու հարցադրման. Լեզվի պետական տեսչության գործառույթներին և ստուգում իրականացնելու իրավասությանը:
    1. Լեզվի պետական տեսչությունը «Լեզվի մասին» ՀՀ օրենքի, հայերենի կիրառությունը կարգավորողայլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է`
    – պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացումը.
    – պաշտոնատար անձանց և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիների կողմից հայերենի տիրապետման պահանջի կատարումը.
    – կրթական համակարգում դասավանդման և դաստիարակության լեզվի` գրական հայերենի գործածության պահանջի կատարումը.
    – միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննության և հայոց լեզվի ուսուցման պարտադիր պահանջի կատարումը.
    – գործավարությունը հայերեն կատարելու պահանջի կատարումը.
    – ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշերը, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդները հայերեն ձևավորելու, իսկ ան-հրաժեշտության դեպքում դրանք այլ լեզուներով զուգակցելու պահանջի կատարումը.
    – օտարերկրյա պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների` պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով զուգակցելու պահանջի կատարումը.
    – ազգային փոքրամասնությունների համայնքներում հայերենի պարտադիր ուսուցման, նրանց կազմակերպությունների փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները հայերեն լեզվով ձևավորելու և դրանք իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ ապահովելու պահանջի կատարումը.
    – գրական հայերենի կանոնարկմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջների կատարումը` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում:
    2. Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարի այն փաստարկը, որ Լեզվի պետական տեսչությունը ստուգում կատարելու իրավունք չունի, ակնհայտ ապատեղեկատվություն է` միտված Լեզվի պետական տեսչության գործունեությունը ապօրինի ներկայացնելուն, այն հիմնավորմամբ, որ Լեզվի պետական տեսչության` լեզվի բնագավառում ստուգում իրականացնելու իրավունքն ամրագրված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով (2-րդ հոդված. այն որևէ դրույթով հղում չի կատարում որևէ ոլորտային օրենքի) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով (254-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ, 1892-1896-րդ հոդվածներ):
    Լեզվի պետական տեսչության ստուգում չի իրականացնում, տեսչական բարեփոխումների խմբի անպատասխանատու ու վնասարար գործունեության պատճառով: 2011 թվականի 2-րդ կիսամյակից, օրենսդրության փոփոխությամբ պայմանա¬վորված, ստուգումները պետք է իրականացվեն ստուգաթերթերի հիման վրա: Սահմանված կարգով տեսչական բարեփոխումների խմբի փորձագետների մասնակցությամբ 2011 թ. 2-րդ կիսամյակում մշակվել, փորձարկվել և տեսչական բարեփոխումների խմբին են ներկայացվել այն ստուգաթերթերը, որոնցով Լեզվի պետական տեսչությունը պետք է իրականացնի ստուգումներ: Վերոնշյալ խումբը Լեզվի պետական տեսչության մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, ինչպես նաև երկու տասնյակից ավել ստուգաթերթերը տեսչական բարեփոխումների խորհրդի քննարկմանը մինչ օրս չի ներկայացրել` պարտադրելով, որ Լեզվի պետական տեսչությունը ստուգաթերթերից հանի հայերենի գործառությունը ապահովող հիմնական հարցերը. բնականաբար, Լեզվի պետական տեսչությունը չէր կարող համաձայնել օրենսդրությունից չբխող այս պարտադրանքին. հետևանքը եղավ այն, որ ընտրությունների նախաշեմին շրջանառության մեջ դրվեց ՀՀ Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում էր լուծարել Լեզվի պետական տեսչությունը. ընդ որում` մինչ այդ կառույցը լուծարելու հարց երբևէ չի քննարկվել. քննարկվել է ավել բարձր կարգավիճակ ունեցող մարմնի (մասնավորապես` կոմիտեի) վերակազմակերպելու հարց: Հարց է ծագում. եթե Լեզվի պետական տեսչությունը չունի վերահսկողական գործառույթներ, ապա ի՞նչ սկզբունքով տեսչական բարեփոխումների խմբի անդամների անմիջական մասնակցությամբ մշակվեցին Լեզվի պետական տեսչության մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, ինչպես նաև երկու տասնյակից ավել ստուգաթերթերը:
    Բազմաթիվ քննարկումների ժամանակ Լեզվի պետական տեսչությունը պարզաբանել ու բացատրել է իր գործունեության իրավական հիմքերը, բայց քանի որ այդ խումբը լեզվի հարցում մեր ազգային ու պետական շահից չբխող քաղաքական խնդիր լուծելու գործունեություն է ծավալել, այդ հիմքերը նրան առանձնապես չեն էլ հետաքրքրում. հեգնանքի ու ծաղրի առարկա են դառնում նաև հրապարակավ:

    Լեզվի պետական տեսչության վարչական
    իրավախախտումների բաժնի պետ

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031