Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Համասյանը վաստակավորի կոչում չունի, և ի՞նչ»․Տիգրան Վիրաբյանը՝ Ռազմիկ Ամյանի կոչում ստանալու մասին

Մայիս 31,2017 23:40

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրապետության տոնի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ռազմիկ Ամյանին վաստակավոր արտիստի կոչում շնորհելուն, որի պատճառով տարատեսակ քննարկումներ են ընթանում, ասաց․«Արվեստում կոչումն այնպիսի բան է, որ մի քանի հոգի չեն կարող որոշել էդ մարդու վաստակի չափը։ Ովքե՞ր են որոշում ինչ-որ մեկի վաստակի չափը։ Այս երկրում արդյոք ո՞վ կարող է որոշել մաեստրո Մանսուրյանը ի՞նչ կոչման է արժանի, ո՞վ կարող է մաեստրոյի մեծությունը չափել։ Մատնանշեք մեկին, որը կարող է չափել, բնականաբար չկա․․․Դրա համար ես գտնում եմ, որ էս կոչումներ կոչվածը կարող է և չլինել»։

Տիգրան Վիրաբյանը մեջբերում է Ճապոնիայի օրինակը, որտեղ մի կոչում գոյություն ունի, այն կոչվում է «Ազգային արժեք»։

«Ինձ համար շատ լավն է Ճապոնիայի օրինակը․ մի հատ կոչում գոյություն ունի, որը կոչվում է ազգային արժեք․ կամ ազգային արժեք ես, կամ ազգային արժեք չես։ Ինձ համար մաեստրո Մանսուրյանը ազգային արժեք է, իսկ Մանսուրյանի կոչումներից, երբ որ ունեն շատերը, արդեն մենք հավասարեցնում ենք Մանսուրյանին մնացածի հետ։ Դրա համար կոչումների ինստիտուտներն, ըստ ինձ, այնքան էլ կարևոր չեն, չնայած հասկանում եմ, որ դրա մեջ կա ոգևորող բան, բայց ամեն դեպքում վերջնական գնահատականը տալիս է բեմը։ էս մասով մի հայտնի պատմություն կա, դերասանները մոտեցել են հայտնի բեմադրիչներից մեկին ՝ ասելով ինձ էս դերը տվեք, էս տվեք, էն տվեք, ասել է՝ ազիզ ջան, կարող եմ միջնորդեմ տուն ստանաք, կարող եմ միջնորդեմ ինչ-որ բան ունենաք, ամեն ինչ կարող եմ անել, բայց էդ անտեր վարագույրը որ բացվեց, ես էլ բան չեմ կարող անել։

Հիմա սա շատ կարևոր բան է, որ վերջիվերջո էդ վարագույրը բացվելու է, ու մարդը մնալու է իր հանդիսատեսի հետ։ Տիգրան Համասյանը հիմա որ մի տեղ համերգ է տալիս, մենք հարցնո՞ւմ ենք Համասյանն ի՞նչ կոչում ունի։ Ըստ ձեզ՝ Համասյանին հետաքրքրո՞ւմ է ինքը կոչում ունի, թե ՞ չունի։Համասյանը շատ ավելի մեծ արվեստագետ է, քան շատ կոչում ունեցողներ, մարդն աշխարհին ներկայացնում է Հայաստանը, դրա համար Համասյանին կոչո՞ւմ է պետք։ Կոչումը պիտի Համասյանին ճանաչելի դարձնի՞։ Ասում է՝ կոստյո՞ւմն է, որ քեզի պիտի զարդարե։ Հիմա Համասյանին վաստակավոր արտի՞ստն է , որ պիտի գեղեցկացնի, ժողովրդական արտի՞ստն է, որ պիտի Համասյանին դարձնի Համասյան»։

Ըստ Տիգրան Վիրաբյանի, մարդիկ կան, որոնք չեն մտածում ու իրենց չի էլ հետաքրքրում այդ կոչումները։ «Հիմա մենք կարո՞ղ ենք Համասյանի տաղանդի, մեծ երաժիշտ լինելու վրա կասկածենք, որովհետև ինքը վաստակավոր արտիստ չէ։ Նա Տիգրան Համասյանն է ՝ անկախ նրանից ինքը վաստակավոր է, ժողովրդական է, մշակույթի վաստակավոր գործիչ է․․․ Արտիստները պիտի կոչումներին վերաբերվեն էդպես, ավելի լավ է քո կոչումը լինի քո անուն-ազգանունը, քան որոշակի ստացած պարգևները, մեդալները։ Էդ պարագայում ամեն ինչ կխաղաղվի, և մարդիկ չեն ջանա տարբեր մեթոդներով արժանանալ, գտնել ճանապարհներ․․ ․Ես առավել քան վստահ եմ, որ էն արտիստները, որոնք որ շատ լուրջ անում են իրենց գործը, իրենք չեն էլ մտածում կոչման մասին, եթե տալիս են, ուրեմն տալիս են։

Իսկ էս պարագայում մենք անընդհատ բախվում ենք էս կոչումների պատմության հետ, մի խումբ մարդիկ գտնում են, որ արժանի է, իսկ մի խումբ մարդիկ գտնում են, որ արժանի չէ։ Միշտ էդ տարակարծությունը կա, չի կարող չլինել էդ տարակարծությունը։ Ամեն դեպքում ես գտնում եմ, որ մարդու ամենամեծ կոչումը պիտի լինի իր անուն-ազգանունը։ Մենք ունենք դրա վառ ապացույցը, մենք չգիտենք, չի էլ հետաքրքրում Տիգրան Մանսուրյանը կոչում ունի, թե չէ, բայց վստահ եմ՝ ամենաբաձրագույն կոչումներ ունի, բայց ոչ մեկը չի հետաքրքրվում դրանով, նույնիսկ իրեն չի հետաքրքրում դա։ Մենք չենք հետաքրքրվում Համասյան Տիգրանն ունի կոչում, թե՞ չունի․․ Ինձ համար էդքան արժեքավոր չէ, և ես գտնում եմ, որ դրա շուրջ պետք չեն մեծ քննարկումներ անել, արժանի էր, թե արժանի չէր, կարող էր, թե կարող չէր։ Ես չեմ տեսել շատ խորը ու լուրջ արվեստագետ մարդիկ, որոնք որ շատ լուրջ տառապեն կոչում չունենալուց, որովհետև էն մարդը, որն աշխատում է, իրեն բացարձակապես էդ կոչումը չի էլ հետաքրքրում։

Բայց, ցավոք սրտի, կոչումները հետաքրքրում են էն մարդկանց, որոնք որ քիչ բան են անում և ամենակարևորը ճանապարհները գտնում են էդ կոչումը ստանալու։ Իհարկե, կան արժանավորները, որոնք որ տարիների ընթացքում արժանացել են դրան, բայց ինձ համար նաև էն մարդիկ, որոնք ճիգ ու ջանք չեն խնայել ստանալու համար, էդ մարդկանց մի զանգվածը էդ կոչումների արժեքային համակարգը խախտում են։ Բայց ամեն դեպքում գտնում եմ, որ գուցե այլ տարբերակ է պետք գտնելու մարդկանց խրախուսելու, ինչքան հասկանում ենք ժամանակային առումով այս կոչումների կարգն ու ձևը խանգարում են մարդկանց ճիշտ ընկալելու համար, բայց, երևի թե, արվեստագետների որոշ շրջանակ կա, որ ուրիշ ձև են վերաբերվում կոչումներին»։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Ովքե՞ր են որոշում ինչ-որ մեկի վաստակի չափը։
    Հիմա ես հասկանում եմ, թե ինչու են Արմենչիկին վաստակավորի կոչում տվել:
    Ռազմիկ Ամյանը նրա համեմատ լավ էլ արժանի է:
    Հասկացանք:

  2. Սիրելի Տիգրան, 100% համաձայն եմ…
    Ո՞վ է մեղավոր…
    Միայն նախագա՞հն ու մշակույթի նախարարությունն է մեղավոր, որ Արմենչիկներն ու Ռազմիկներն են կոչումների արժանանում(թեկուզ արժեզրկված):
    Ուզում ենք ազգային արժեքները գնահատվե՞ն – արժեքներ գնահատողներ են պետք, ճաշակ թելադրողներ են պետք: Հայաստանում Տիգրան Համասյանին գնահատողների 90%-ը չի էլ ընկալում նրա արվեստը, ուղղակի “դրսում” նրան արդեն գնահատել են…. Փառք Աստծո, որ այդ “դուրսն” էլ կա, այլապես չէինք կարողանա հիմա պարծենալ Տիգրաններով ու էլի շատ -շատերով` Արամ Խաչատրյան, Շարլ Ազնաուր, System of a Down, Սերգեյ Փարաջանով…..անվերջ կարող եմ թվարկել…… Պատկերացնում եմ այդ մարդկանց վիճակը Հայաստանում` նախքան հայտնի դառնալը…….. կոչնչացնեին անտարբերությամբ (լավագույն դեպքում), կխանգարեին, կսպանեին չարությամբ ու նախանձով…. Ահա, թե ովքեր ենք մենք…
    Ու՞ր են մեր արվեստաբաններն ու քննադատները, review գրողները, գրագետ ու ճաշակով լրագրողները, ովքեր լավագույն դեպքում սահմանափակվում են կենսագրականներ ու իրադարձություններ փաստելով ու կիսատ-պռատ միջակություններին «աստղեր» սարքելով: երևակայությունը դրանից այն կողմ չի գնում, քանզի չունեն համապատասխան կրթական մակարդակ, չգիտեն համաշխարհային մշակույթ, հաղորդակից չեն ժամանակակից արվեսին, դեսից-դենից մի բան լսել են, ավելին չեն էլ ուզում իմանալ: Ավելի վախենալու են մեր արվեստից հասկացողները, ովքեր լավ էլ հասկանում են, բայց լռու՜մ են…
    Ու այդպես էլ «լայն փակված» աչքերով ու ականջներով դիմադրում ենք ամեն մի լավ բանի…ու շարունակում զարկ տալ ինքնագործունեությանն ու միջակությանը…
    …… իսկ հետո ազգովի զարմանու՜մ….
    #ArmenianCultureArtMusic

  3. Լիովին համամիտ եմ Անահիտ Միրիջանյանի հետ եվ մի ավելացում եվս; ինձ թվում է Տիգրան Համասյանը չէր ցանկավա ստանալ մի կոչում; որը տրվում է երկրում մշակույթն ու բոլոր արժեքային համակարգերը կործանող մարդկանց կողմից

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031