Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջարիայում վրացական գրեթե ոչինչ չի մնացել, ամեն ինչ դառնում է թուրքական». Գառնիկ Իսագուլյան

Հունիս 01,2017 21:40

ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին խուճապի չմատնվել ու չմտածել՝ Վրաստանից ադրբեջանցիների կողմից առեւանգված լրագրող Աֆղան Մուխթարլիի դեպքն իրենց հետ էլ կարող է պատահել:

«Մեր հատուկ ծառայություններն էլ ձեռքները ծալած չեն նստած, եւ վերջերս տեսահոլովակներ են տարածվում… Ադրբեջանը տնտեսության անկում ունի, քաղաքական բարդ իրավիճակ է, ինչը կարող է տանել նրան, որ գնան ցանկացած սադրանքի: Հունիսի 4-14-ը Վրաստանում՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա զորավարժություններ են, մեր հարեւան պետությունն էլ լավ հարաբերություններ ունի նրանց հետ, ցավոք սրտի, այն գիծը, որ բռնել են, առաջին հերթին վնասելու է հենց Վրաստանին»,- նման կարծիք հայտնեց Գառնիկ Իսագուլյանը:

Հիշեցնենք, որ Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում եւ ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առեւանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա եւ դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը եւ տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, եւ այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման եւ սահմանը հատելու մեջ: Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան եւ փաստել, որ ոչ քթի եւ ճակատի հատվածում երեւում են ծեծի հետքերը, աչքերի տակ կապտուկներ են:

Պարոն Իսագուլյանի խոսքով, եթե հիմա այցելենք Աջարիա, ապա կտեսնենք, որ, ըստ էության, այնտեղ վրացական գրեթե ոչինչ չի մնացել, ամեն ինչ դառնում է թուրքական. «Վրաստանի ամբողջ տնտեսությունը կուլ է գնում թուրքական տնտեսությանը, բավականին լուրջ դեմոգրաֆիկ փոփոխություններ էլ կարող են լինել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930