Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի շուրջ պատերազմի ամպեր են կուտակվում. ICG-ն զեկույց է հրապարակել

Հունիս 01,2017 23:21

Միջազգային ճգնաժամային խումբը հունիսի 1-ին հրապարակել է «Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ամպեր են կուտակվում» վերտառությամբ զեկույց, ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը հակված չեն երկխոսության և տարածաշրջանում պատերազմի վտանգը հասունանում է:

«Լեռնային Ղարաբաղում 2016թ. ապրիլին լարվածության աճից հետո Հայաստանը և Ադրբեջանը շատ ավելի մոտ են պատերազմին, քան երբևէ 1994թ. հրադադարից հետո: 2016թ. ապրիլի էսկալացիայի քաղաքական և անվտանգության դրդապատճառներն ավելի են սրացել, և կողմերից յուրաքանչյուրը լարվածության հերթական ալիքի համար արդեն սկսել է մեղադրել մյուսին»,-ասվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ 2017թ. հունվարի կեսերից սկսած տարբեր ինտենսիվությամբ մահացու ելքով միջադեպեր են գրանցվել ծանր հրետանու և հակատանկային սպառազինության կիրառմամբ: Մայիսին այդ միջադեպերը շատացել են, զեկույցներ կան նաև շփման գծում խիտ բնակեցված տարածքներում ավտոմատ կառավարվող հրթիռների կիրառման վերաբերյալ: Կարգավորման գործընթացը ձգձգվում է, ինչը ուժի օգտագործումը գրավիչ է դարձնում գոնե մարտավարական նպատակներով. երկու կողմերն էլ, հաշվի առնելով նրանց կողմից մոբիլիզացված ռեսուրսները, թվում է՝ արդեն պատրաստ են դիմակայության: Այս լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ հակամարտության՝ հանգեցնելով զգալի քաղաքացիական զոհերի և ամենայն հավանականությամբ, ստիպելով տարածաշրջանի հիմնական ուժերին միջամտել: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետք  մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և համաձայնեցված բարձր մակարդակով ճնշում գործադրեն կողմերի վրա՝ հաղթահարելու համար ներկայիս անելանելի վիճակը և թուլացնելու բռնության նոր վտանգը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ չնայած 2016թ. ապրիլյան պատերազմին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հետևեցին երկու հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, այնուամենայնիվ, դրանք ոչ մի էական արդյունքի չհանգեցրին: Փոխարենը, 2016թ. ամռան վերջից սկսած էսկալացիան թուլանում և ուժեղանում է՝ խլելով տասնյակ կյանքեր: Պետությունների ղեկավարները մերժել են բանակցությունները վերսկսելու կոչերը՝ նախընտրելով այցելել «շփման գիծ» և հրապարակավ սարսռեցնող հայտարարություններ անել:

Անցյալ տարին ակնհայտ դարձավ՝ որքան նուրբ են այսօր արդեն փակուղի մտած հակամարտության կարգավորման ջանքերը: Լեռնային Ղարաբաղի անվտանգությամբ մտահոգված և Բաքվի աճող ինքնավստահությունից զայրացած Հայաստանը պնդում է, որ իրական բանակցություններ սկսելուց առաջ պետք է նվազեցնել անվտանգության ռիսկերը: Ադրբեջանն էլ, զայրացած երկարատև ստատուս քվոյից և անհանգստացած, որ լրացուցիչ անվտանգության միջոցառումները հետագայում կարող են ամրապնդել ստատուս քվոն, պնդում է, որ իրական բանակցությունները չեն կարող հետաձգվել: 2016թ. մայիսին ու հունիսին տեղի ունեցած բանակցություններում երկու նախագահները համաձայնեցին խաղաղության մոնիտորինգն ամրապնդելու և հետաքննական մեխանիզմներ ներկայացնելու սկզբունքին, ինչպես նաև պայմանավորվեցին իրական բանակցություններ անցկացնել կարգավորման գործընթացում առանցքային հարցերի շուրջ: Չնայած դրանք այդպես էլ չհստակեցվեցին, այնուամենայնիվ, դրանք պետք է ներառեին Հայաստանի կողմից վերահսկվող որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին և վիճելի տարածքի մնացած հայաբնակ հատվածի կարգավիճակի հստակեցում, ինչպես նաև ամբողջ հակամարտության գոտում անվտանգության շուրջ  համաձայնություն: Մինչ այժմ չի եղել ո՛չ մոնիթորինգ, ո՛չ հետաքննական մեխանիզմ, ո՛չ իրական բանակցություններ:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները միմյանց նայում են խորը փոխադարձ անվստահությամբ և ի վիճակի չեն հասկանալ միմյանց շահերը: Հաղորդակցության արդյունավետ խողովակներ ոչ միայն նրանց, այլև կառավարությունների, ռազմական հրամանատարների միջև գոյություն չունի: Արդյունքում ունենք մեռյալ կետ, որտեղ յուրաքանչյուր միջադեպ կարող է իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից՝ հատկապես հաշվի առնելով երկու հասարակությունների այն տեսակետը, որ ևս մեկ հակամարտությունն անխուսափելի է, և «վերջնական լուծումը» անհրաժեշտ է, անգամ եթե դա նշանակում է նոր պատերազմ:

Ցանկացած կենսունակ կարգավորման հիմնական սկզբունքները լավ հայտնի են. «հող հանուն կարգավիճակի»՝ ամրապնդված կայուն միջազգային անվտանգության երաշխիքներով: Բայց սա կարող է հաստատվել միայն փոխզիջումների արդյունքում, որին կողմերից ոչ մեկ հակված չէ: Փոխարենը, 2016թ. ապրիլից հետո դիրքորոշումներն ավելի են կոշտացել: Բաքուն ավելի ագրեսիվ է դարձել՝ շեշտելով իր պահանջների իրավական հիմքը և պահանջելով միջազգայնորեն ճանաչել, որ իր տարածքները բռնակցվել են: Նա նաև փորձում է սահմանափակել միջազգային դերակատարների ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում՝ սահմանափակումներ կիրառելով նրանց տնտեսական գործունեության կամ տարածաշրջան այցելությունների վրա: Նա միաժամանակ փորձում է ավելի մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա: Իր հերթին Հայաստանն ասում է, որ կպատասխանի նույն ձևով: Անվտանգության ՝ գնալով վատթարացող մթնոլորտում Հայաստանը քննարկումների ոչ մի տրամադրվածություն չի դրսևորում և սկսել է նոր «ազգ-բանակ» ծրագիր, որով ավելացնում է պատերազմական հռետորաբանությունը և ընդլայնում սոցիալական ռազմականացումը: Դե ֆակտո Լեռնային Ղարաբաղն անգամ պատրաստակամություն է հայտնել հարձակման ենթարկվելու դեպքում շփման գծից ավելի խորանալ Ադրբեջանի խիտ բնակեցված տարածքներ՝ անվտանգության նոր գոտին գրավելու և հետագա բանակցություններում դիրքերն ամրապնդելու համար:

Մինչ լարվածությունն աճում է, միջազգային միջնորդությունը լճացման մեջ է: Ռուսաստանը շարունակում է մնալ ամենաազդեցիկ միջազգային դերակատարը, սակայն նրա դերակատարությունը խիստ խճճված է: Մինսկի խմբում նա առաջինն է հավասարների մեջ, բայց նաև Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինության առաջին մատակարարը: Ընդ որում, երկու երկրներն էլ կասկածներ ունեն, որ Ռուսաստանն առավել շահագրգռված է տարածաշրջանում իր ազդեցությունը ընդլայնելու, քան խնդիրը լուծելու մեջ: Միայն, երբ արդեն միայնակ հնարավոր չի լինում, Ռուսաստանը կիսում է պատասխանատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ, բայց Փարիզը և Վաշինգտոնը զբաղված են ներքին քաղաքական խնդիրներով: Ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը չեն վստահում Ռուսաստանին, Մինսկի խմբին կամ այլ միջազգային համակարգերի:

Ռուսաստանի մղումների վերաբերյալ կասկածները Բաքվում, Երևանում և այլ տեղերում մնում են բարձր: Բայց դիվանագիտական անօգնականությունը կլինի չափազանց վտանգավոր և չափազանց թանկ կարժենա, իսկ արդյունավետ միջնորդության համար ժամանակն արագ է անցնում, ասվում է զեկույցում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930