Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԵՆԱՑՆԵՐ

Հունիս 02,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ ութսունյոթերորդ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԵՆԱՑՆԵՐ

Եվ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «մի հատ բաժակները թարմացրու», եւ Ֆելոն բաժակները բերնեբերան լցրեց, եւ հայրս ոտքի կանգնելով՝ բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «ես չգիտեմ՝ ով ում ինչ ա նվիրել, բայց ուզում եմ մի հատ կենաց ասեմ», եւ Ֆելոն ասաց՝ «ասա, Ուստա Հակոբ ջան», եւ հայրս նայեց Ստանիսլավսկու գրքին ու ասաց՝ «էս բաժակով ուզում եմ էդ գիրքն առնողի կենացը խմենք», եւ Ֆելոն գոհունակությամբ ժպտալով ասաց՝ «էդ կենացը բոլորիս սրտից ա, Ուստա Հակոբ», եւ Ֆրունզիկն անակնկալի գալով ասաց՝ «արի էսօր անհատական  կենացներ չխմենք, Ուստա Հակոբ», եւ հայրս Ֆրունզիկին հարցրեց՝ «բայց ինչի՞ չխմենք», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ամեն մեկիս կենացն առանձին-առանձին խմենք, արաղը քչություն կանի», եւ Ֆելոն  ասաց՝ «որ քչություն անի, էլի կբերենք», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «արդեն շատ ես քո վրա վերցնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ մոռանում ես, որ Ֆրունզն էսօր ներկայացման ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էս երկրորդ բաժակն էլ որ խմի, իրան լրիվ հերիք ա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դեպք ա էղել, որ մի լրիվ շիշ խմել ու բարեհաջող խաղացել եմ», եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էն էլ՝ գլխավոր դեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խեղճ Հրաչյա Ներսիսյանի անունն ա դուս եկել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելեցրեց՝ «Խորիկի հետ մարդա մի շիշ խմել ու նույն պիեսում խաղացել ենք», եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «Աճեմյանը հեչ գլխի էլ չի ընկել, որ խմած ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ներկայացումից հետո էրկուսիս էլ գովեց», եւ հայրս բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «կենացդ, Ֆրունզ ջան», եւ Ֆրունզիկը բաժակը բարձրացնելով ասաց՝ «մերսի, Ուստա Հակոբ», եւ հայրս բաժակը Ֆրունզիկի բաժակին խփելով ասաց՝ «դու մեր պարծանքն ես, Ֆրունզ ջան» ու էդ ասելով՝ հայրս մի շնչով խմեց, եւ Ֆրունզիկը փռթկացնելով հորս ասաց՝ «տղիդ պես մի շնչով ես խմում» եւ մի քիչ մտածեց ու բաժակը բարձրացնելով ավելացրեց՝ «հպարտ եմ, որ քո պես ուստա մարդն իմ կենացն ա խմում», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «բայց հեչ պարտադիր չի, որ դու էլ խմես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մի բաժակ խմել ես՝ հերիք ա», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «ո՞նց կարամ իմ կենացը չխմեմ», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «ներկայացման ես, դրա համար եմ ասում», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «մի բաժակն ինձ բան չի անի», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «բայց էդ երկրորդ բաժակն ա», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «էրկու բաժակին էլ մի կերպ կդիմանամ», եւ հայրս մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «դու գիտես», եւ Ֆելոն Ֆրունզիկին ասաց՝ «մի խմեք», եւ Ֆրունզիկն ապշահար նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «դու էլ ե՞ս արգելում», եւ Ֆելոն ասաց՝ «չեմ արգելում», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «բա ի՞նչ ես անում», եւ Ֆելոն Ֆրունզիկին ասաց՝ «ուզում եմ ձեր կենացի վրա արտահայտվեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «արտահայտվեմ, հետո կխմենք», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «հեչ չեմ սիրում, որ իմ կենացի վրա արտահայտվում են», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «որ չեք ուզում, չեմ արտահայտվի» եւ ոտքի կանգնելով ու բաժակը բարձրացնելով ավելացրեց՝ «չնայած… ինչ էլ ասեմ, Ուստա Հակոբից լավ չեմ ասի» եւ բաժակը Ֆրունզիկի բաժակին խփելով ասաց՝ «դուք իսկապես մեր պարծանքն եք» ու էդ ասելով՝ կիսատ խմեց, եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «իմ կենացը կիսատ ե՞ս խմում», եւ Ֆելոն ժպտալով ասաց՝ «որովհետեւ կիսատ արտահայտվեցի»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Jean says:

    Ներսիսյանը 61-ին է մահացել

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930