Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվետու համերգ` Բերձորի արվեստի դպրոցում (Ֆոտոշարք)

Հունիս 03,2017 23:29

«Բերձորի արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ը, որ Բերձորի` 1996-ին ստեղծված երաժշտական դպրոցի իրավահաջորդն է, 2016-17 ուստարում ուներ 286 սան և 25 ուսուցիչ: Մշակութային այս կրթօջախը Քաշաթաղի շրջանում միակն է, և մասնաճյուղեր ունի նաև այլ համայնքներում: Դպրոցում գործում են երաժշտական տարբեր բաժիններ, ինչպես նաև՝ կերպարվեստի և պարարվեստի խմբակներ:

Հունիսի 3-ին դպրոցի դահլիճում հաշվետու համերգով հանդես եկան դաշնամուրի, դհոլի, շեփորի, երգեցողության (վոկալի), քանոնի, կիթառի, ակորդեոնի խմբերի տարբեր դասարանների (սկսնակ ու ավարտական) սաները՝ բացառությամբ այլ համայնքների մասնաճյուղերի: Արվեստի դպրոցի տնօրեն Արարատ Սուջոյանը տեղեկացրեց, որ դաշնամուրի բաժնի մասնաճյուղեր կան Գետամեջի և Վուրգավանի գյուղական համայնքներում՝ համապատասխանաբար՝ 10 և 12 սաներով: Կովսականում 42 երեխաներ ընդգրկված են պարարվեստի խմբակում (պարուսույց՝ Կարեն Մարտիրոսյան):

Խմբի «Թաթուլ» համույթի սաները Պարի միջազգային օրը Ստեփանակերտում մասնակից եղան փառատոնի: Արաքսամերձ Միջնավան քաղաքում գործող կերպարվեստի խմբում կա 24 աշակերտ, իսկ պարարվեստի խմբում՝ 12: Բերձորում պարարվեստի խմբակում սովորում են 55 երեխա, իսկ կերպարվեստինում՝ 48: Կերպարվեստի խմբակի (ղեկավար՝ Տաթև Բաբայան) սաները համահայկական մրցույթում՝ տարբեր անվանակարգերում, վերջերս արժանացել են պատվոգրերի, շնորհակալագրերի, այլ մրցանակների: Երաժշտական թևում 31 սան ունի դաշնամուրի բաժինը:

Այս ուստարում դպրոցն ուներ 26 շրջանավարտ, ովքեր վերջերս բարեհաջող հանձնեցին ավարտական քննությունները: Շրջանավարտներից ևս  մասնակից եղան հաշվետու համերգին: Դահլիճում էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, օգնական Ստեփան Սարգսյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, ծնողներ, ուսուցիչներ, քաղաքում գործող այլ կառույցների ղեկավարներ,  աշխատակիցներ, հյուրեր: Առաջինը հանդես եկան 5 դհոլահարները, որոնցից երկուսն աղջիկներ են:

Արամայիս Եսայանի սաները ներկայացրեցին հայկական պարեղանակներ: Դպրոցի դաշնամուրի դասատու Հասմիկ Գրիգորյանի նվագակցությամբ ելույթ ունեցան քանոնի, դաշնամուրի, երգեցողության, շեփորի, կիթառի բաժինների սաները՝ հաճելի պահեր պարգևելով ներկաներին: Դահլիճում ներկաների տրամադրությունն առավել բարձրացավ համերգի ավարտից առաջ, երբ 4 երգով հանդես եկավ դպրոցի մանկական երգչախումբը՝ խմբավար Հ. Գրիգորյանի նվագակցությամբ:  Կատարվեցին «Հայաստան» և այլ երգեր սիրված մուլտֆիլմերից: Դպրոցի փոխտնօրեն Անահիտ Մուրադյանը գոհ էր մանկավարժների աշխատանքից, սաների կատարումներից: Աշակերտներն ուրախ էին, որ համերգի ընթացքում կարողացան բավականություն պատճառել ներկաներին և շնորհակալ էին իրենց դասատուներին, ովքեր իրենց երգ ու երաժշտություն են սովորեցնում:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930