Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է՝ Շմայսը ամենաակտիվ պատգամավորներից է եղել եւ ԱԺ-ում հետաքրքիր հարցադրումներ արել

Հունիս 04,2017 18:49

Կորյուն Նահապետյանը համաձայն չէ, որ Առաքել Մովսիսյանը միայն կոճակ է սեղմել: Նա սկսեց հիշել, թե ինչքան ակտիվ է եղել Շմայսն ԱԺ-ում եւ իր ղեկավարած հանձնաժողովում: Առաքել Մովսիսյանը հարցեր է հնչեցրել, մասնակցել է հանձնաժողովի կազմակերպած մշտադիտարկման այցերին սահմանային հենակետեր, տարբեր ռազմական հաստատություններ, զորամասեր:

ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, նախընտրական շրջանում վստահեցրել էր, թե ինքը ԱԺ-ում բավականին ակտիվ պատգամավոր է եղել: Նա ասել էր, թե իր ակտիվությունը դրսեւորվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, որի անդամն էր, նույնիսկ վստահեցրել էր, որ օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ մեծ դեր է ունեցել, պարզապես ռազմական գաղտնիքներ կան, չի կարող ամեն ինչ բաց ասել, հասարակության աչքից հեռու է եղել:

Այդ իսկ պատճառով Aravot.am-ը այդ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեց՝ դուք կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ նախաձեռնությունների մասին է խոսքը, ի՞նչ է արել օրենսդիր Առաքել Մովսիսյանը հանձնաժողովում: Նա պատասխանեց. «Ես շատ հարգանքով եմ վերաբերվում իմ բոլոր գործընկերներին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու նախորդ գումարման ԱԺ-ում: Մեր հանձնաժողովի անդամների գործունեությունը միայն չի սահմանափակվել օրենքների նախագծերի ներկայացումով եւ դրանց քննարկմանը մասնակցելով: Կան նախագծեր, որ ներկայացվել են կառավարության կողմից, մենք իրականացրել ենք մշտադիտարկման այցեր, կազմակերպել ենք խորհրդարանական լսումներ:

Ես չէի ուզենա որեւէ պատգամավորի առանձնացնել եւ գնահատել, թե ինքը ինչ չափով ու ինչ ակտիվություն է դրսեւորել հանձնաժողովում՝ անցած 5 տարիների ընթացքում: Քանի որ նրա պատգամավորական գործունեությունը ավարտվել է, կոռեկտ էլ չի լինի հիմա ուղղակի գնահատականներ հնչեցնել»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, չե՞ք կարող ասել, թե կոնկրետ ո՞ր նախաձեռնության համար ենք պարտական Առաքել Մովսիսյանին՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Գիտեք, այս պահին երեւի չկարողանամ կոնկրետացնել, թե որ նախագծերն են, որ ներկայացվել են»: Հետո Կորյուն Նահապետյանը հիշեց, որ փակ նիստերի, լսումների ժամանակ նրա կողմից հարցադրումներ են հնչեցվել. «Ես հիշում եմ, հատկապես վերջին շրջանում Առաքել Մովսիսյանը, այո, շատ հետաքրքիր հարցադրումներ է հնչեցրել, արձագանքներ է ունեցել: Մեր պատգամավորներն ունեն նաեւ անցած ճանապարհ եւ իրենց կուտակած փորձը օգտակար է եղել հանձնաժողովում տարբեր հարցերի քննարկման ժամանակ: Պրակտիկ տեսանկյունից ներկայացնել իրենց մտահոգությունները, լսել պատասխաններ, տալ լրացուցիչ պարզաբանումներ, այդ ամենը ձեւավորել է մի միջավայր, որի արդյունքում մենք կարողացել ենք համապատասխան որոշումներ կայացնել հանձնաժողովում»:

Մեր դիտարկմանը, որ կար տպավորություն, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Առաքել Մովսիսյանն անցած 5 տարիներին չի եղել, եղել է մարդ, որը ժամանակ առ ժամանակ կոճակ է սեղմել ու գնացել, օրենսդիր չի աշխատել՝ Կորյուն Նահապետյանը արձագանքեց. «Չէ, ես համաձայն չեմ այդ մոտեցման  հետ, որովհետեւ իրականում ես տեսել եմ եւ բարձր եմ գնահատում իր եւ մնացած մեր բոլոր գործընկերների կատարած աշխատանքը: Գիտեք, այս բնագավառի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի պատգամավորները ոչ միայն պետք է օրենքների նախագծերով հանդես գան, եթե դրա անհրաժեշտությունը իրենք տեսնում են, այլ կարող են այնպիսի առաջարկություն  ներկայացնել, որը ամբողջապես փոխի ներկայացված օրենքի բովանդակությունը կամ դրա տրամաբանությունը, ելույթներ ունենան, հարցադրումներ հնչեցնեն: Պատգամավորի աշխատանքը հանձնաժողովում եւ ԱԺ-ում միայն օրենքի նախագիծ բերելը չէ, շատ ընդարձակ բաղադրիչներ կան, որոնք անպայման պետք է տեսնել եւ ըստ արժանվույն գնահատել»:

Մեր զարմանքին, որ Առաքել Մովսիսյանը ելո՞ւյթ է ունեցել, հարցադրումնե՞ր է հնչեցրել, առաջարկո՞վ է հանդես եկել, որը փոխել է օրենքի ողջ տրամաբանությունը՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Առաքել Մովսիսյանը հարցեր է հնչեցրել, մասնակցել է հանձնաժողովի կազմակերպած մշտադիտարկման այցերին սահմանային հենակետեր, տարբեր ռազմական հաստատություններ, զորամասեր, ընդ որում, ամենաակտիվ մասնակցությունն ունեցող պատգամավորներից է եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Այս հոդվածը հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե ո՞վ է Կորյուն Նահապետյանը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930