Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ դպրոցում տանիքը մի օր փլվելու է երեխաների գլխներին». Անահիտ Բախշյան

Հունիս 05,2017 22:55

«Հայաստանի մոտ 1300 դպրոցից 460-ը հիմնանորոգման կարիք ունի: Դա նշանակում է, որ 460-ում չկան տարրական պայմաններ՝ ջեռուցում, հնարավոր է նաեւ ջուր չլինի, նորմալ զուգարաններ չունեն, որոշ տեղերում զուգարանները շենքից դուրս են կամ փակ է»,- Aravot.am-ին ասաց ԿԳ փորձագետ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով «Մոր եւ մանկան առողջության ալյանսի»  անցկացրած հետազոտության արդյունքներին, որի համաձայն ՀՀ դպրոցների 4 %-ում հոսող ջուր չկա:

«Այդ չորս տոկոսը, որ բացահայտել են, բավականին համեստ թիվ է իրականության հետ համեմատած: Այդպիսի պայմաններում կազմակերպել կրթություն ու ակնկալել, որ այնտեղ որակյալ կրթություն կարող է իրականանալ, մեղմ ասած, երազախաբություն է: Եթե ընդամենը չորս տոկոսն են բացահայտել, ուրեմն վատ են հետազոտել, ես այդ թվի հետ համաձայն չեմ »,- ասաց Անահիտ Բախշյանը:

Ըստ նրա, երեխայի կրթություն ստանալու կարիքը կարիքներից հինգերորդն է. «Առաջին չորս կարիքները երեխայի ընտանիքում լինելն է, սիրո ու հոգատարությամբ շրջապատված լինելը, կուշտ ու տաք տեղում ապրելը, հարմար հագուստ հագնելը»:

Անահիտ Բախշյանի խոսքով, դպրոցին հատկացվող ֆինանսական միջոցները ոչինչ են, լումա են դպրոցին անհրաժեշտ ծախսի դիմաց. «Որ պետք է ջրագիծ քաշվի, զուգարանները ճիշտ ու հարմարավետ կառուցվեն, ջեռուցում, նորմալ դուռ ու լուսամուտ լինի…վերջին տարիներին հետեւում եմ, բայց չեմ տեսնում՝ ինչ ծրագրով են հիմնանորոգման գործընթացն իրականացնում, որովհետեւ տարիներ շարունակ նույն դպրոցների մասին խոսում ենք, թե այս դպրոցում տանիքը մի օր փլվելու է երեխաների գլխներին, բայց որեւէ մեկը չի լսում, եթե կզարմանան իմ ասածից, կոնկրետ օրինակներ ասեմ՝ Պտղունք գյուղի դպրոցը, Արթիկի թիվ յոթ ավագ դպրոցն ու էլի շատ այդպիսի դպրոցներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930