Լրահոս
Օրվա լրահոսը

Նարա Ղազումյան. «Քննությունը կպարզի, թե ուր են գնացել գյուղապետի փողերը»

Հունիս 08,2017 23:15

Նախկինում մեր հրապարակած նյութում գրել ենք Իջեւանի 36-ամյա բնակչուհի Նարա Ղազումյանի գործերի վերաբերյալ: Նա ցանկություն հայտնեց հոդվածում նշված տեղեկությունների մասին պարզաբանումներ տալ: Ասաց, որ ինքն աշխատել է որպես «Առողջության պահպանման հյուսիսային հիմնադրամի» Տավուշի մարզի համակարգող: Արեւիկ Օհանյանը եւ Նարան նույն թաղամասի բնակիչներ են: 2011 կամ 2012թ. Նարայի հայրը ՝ Սմբատ Ղազումյանը առողջական խնդիրներ ուներ, պետք էր Ռուսաստանում նրան վիրահատել, դրա համար գումար էր պետք, Նարան իմացել է, որ Արեւիկը տոկոսով գումարներ է տալիս:

Նա վկայում է. «Գնացի Արեւիկի մոտ: Նա ասաց՝ դու խնդիր չունես, ես ընդհանրապես ամսական 20 տոկոսով եմ տալիս: Քեզ, որպես մեր թաղի երեխա, կտամ 15 տոկոսով: Ես Արեւիկ Օհանյանից ստացել եմ 10 հազար դոլար գումար, որն ինձ առձեռն հանձնել է նրա որդի Մովսես Օհանյանը»: Նառայի վկայությամբ՝ տրվել է 10000 դոլար, սակայն ստացականում նշվել է 11 500 դոլար, այսինքն՝ մեկ ամսվա տոկոսի գումարի հավելումով: Նույն ամսվա վերջին Նարան վճարել է վերցված գումարի ամսական տոկոսը՝ 1500 դոլարը:

Նա ասում է , որ մի քանի ամիս անց ,պարտքի տոկոսները վճարելուց հետո, վերադարձրել է պարտքի մայր գումարը: Ղազումյանի խոսքերով՝ Արմինե Օհանյանը չէր ցանկանում փաստաթուղթ տրամադրել, որ 10 հազար դոլարը վերադարձրել է, սակայն իր պնդումներից հետո նա ստացական է տվել: Դրանից հետո Նարան 2 օրով Ա. Օհանյանից 2200 դոլար է վերցրել, պարտքի չափը գրվել է 2400 դոլար: Նարան վկայում է, որ ինքը պարտքի գումարը ՝ տոկոսներով հանդերձ, վերադարձրել է: Նարայի խոսքերով՝ ինքը Ա. Օհանյանից ստացել է 12 000 դոլար, դրանք տոկոսներով վերադարձրել է, սակայն Ա. Օհանյանը իրեն վախեցնելով ոստիկանության Տավուշի քննչական բաժնում ունեցած իր ծանոթով, սպառնալով իրեն ստորագրել է տվել , որ ինքը Արեւիկին 30 հազար դոլար է պարտք:

Ն. Ղազումյանն ասում է, որ 2012թ.աշնանը բարեգործական կազմակերպության միջոցով կանանց առողջությունը ստուգելու համար նրանց տարել է Երեւանի բժշկական հիմնարկներից մեկը: Ա.Օհանյանը խնդրել է,որ իր աղջկան էլ տանի ստուգման, որի ժամանակ այդ աղջկա մոտ առողջական խնդիր է բացահայտվել,նա շտապ պետք է վիրահատվեր: Ն. Ղազումյանի վկայությամբ՝ տիկին Արեւիկն ասել է, որ այդ կազմակերպության միջոցով ինքը պետք է իր աղջկա վիրահատության գումարը հոգա: Ինքն ասել է,որ այդ կազմակերպությունը վիրահատական ծախսեր չի հոգում, սակայն տեղի տալով Ա. Օհանյանի ճնշմանը՝ նրա աղջկա վիրահատության համար 600 հազար դրամ է տվել:

2013թ.Նարան հանդիպել է դիլիջանցի մի երիտասարդի հետ, փոխադարձ համակրանք է առաջացել: Մինչ այդ Նարան կորցրել է 10 հազար դոլարը հանձնելու ստացականը, որի մասին անզգուշություն է ունեցել հայտնելու Արեւիկին: Նույն թվականի սեպտեմբերի 30-ին Ա. Օհանյանը Ն. Ղազումյանի դեմ ոստիկանություն է դիմել, հոկտեմբերի 16-ին խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցվել:

Ն. Ղազումյանի վկայությամբ՝ մինչ այդ Արեւիկն իր փոքր աղջկա ամուսնական բաժինքը տալու համար խանութից 3000 դոլարի կահույք է վերցրել,դրա դիմաց բանկում իր ոսկեղենը գրավ դնելով: Ա. Օհանյանը պահանջել է,որպեսզի Նարան փակի այդ վարկը: Վերջինիս հարազատը Ռուսաստանից գումար է ուղարկել, որով Նարան Ա. Օհանյանի վարկը մարել է: Ն. Ղազումյանը 2013թ. հոկտեմբերի 29-ին նշանվել է դիլիջանցի երիտասարդի հետ, հաջորդ օրը նրան ոստիկանություն են կանչել: Նարան հայտնում է, որ Արեւիկը ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում «մեծ թիկունք« ուներ, ով իրեն համոզում էր Արեւիկի համար բարենպաստ ցուցմունք տալ, որպեսզի գործը փակվեր:

Նարան մտածելով, որ շուտով ամուսնանալու է, ավելորդ աղմուկի հարկ չկա, նման ցուցմունք է տվել: Հետո հասկանալով, որ սխալ է վարվել, նա Տավուշի քննչական բաժնի գործողությունների դեմ բողոքել է մարզի դատախազի տեղակալ Յուրա Բաղյանին: Դրանից հետո Ն. Ղազումյանին, որպես խարդախի, ցուցադրել են ոստիկանության «Օ2» հաղորդաշարով: Ն. Ղազումյանը պայմանագիր է կնքել«Գալիկյան» փաստաբանական գրասենյակի հետ,որի փաստաբան Մերի Ալավերդյանը արդյունավետ կերպով պաշտպանել է նրա շահերը: Մինչ այդ Նարան տան թղթերի մեջից գտել է Ա. Օհանյանին 10 հազար դոլար վճարելու մասին ստացականը: Խարդախության գործով քրեական գործը, ի վերջո, փակվել է:

Նարան ասաց, որ ինքը չէր կարող Իջեւանում ամսական 1500 դոլարով որպես կազմակերպության գրասենյակ վարձակալել Ա. Օհանյանի տունը: Նրա խոսքերով՝ բարեգործական կազմակերպության գույքը Իջեւանի մի առանձնատնից տեղափոխել են մեկ այլ տեղ, ավելացած գույքը՝ 2 մահճակալը եւ 4 աթոռը տեղավորելու տեղ չկար, Արեւիկի առաջարկով դրանք տեղավորել են նրա ավտոտնակում: Նարայի խոսքերով՝ ինքը Արեւիկի տունը վարձակալելու պայմանագիր չի կնքել,նրա հավաքարարների վճարելու կարիք չուներ: Նա հայտնեց, որ եթե 1500 դոլարով տուն վարձակալելու հարկ լիներ, Իջեւանի իրենց տունը կվարձակալեր: Ասաց, որ ինքը չէր կարող Արեւիկին որպես օգնական, վերջինիս տղային որպես վարորդ, աշխատանքի ընդունել , դա իր իրավասության շրջանակներում չէր:

Նարան հայտնեց, որ ինքը Արեւիկ Օհանյանին գումարներ պարտք չէ, ոստիկանության հետ սերտ կապեր ունեցող տղամարդու միջոցով են իր վրա «գործ սարքել», իրեն շարունակ վախեցրել: Նա ասում է, որ ինքը դիլիջանցի երիտասարդի հետ ամուսնացել, հարս է գնացել Դիլիջան, սակայն ամուսնությունը «Զագսով» չեն գրանցել, քանի որ քրեական գործն ընթացքի մեջ էր, ամուսնու ունեցվածքին կարող էին արգելանք դնել:

Բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ Ն. Ղազումյանն ասաց, որ Արեւիկ Օհանյանի պատճառով ինքը զրկվել է բարեգործական կազմակերպությունում իր աշխատանքից, ընտանեկան երջանկությունից, այժմ միայնակ է մեծացնում 2 տարեկան աղջկան: Իր դեմ Ա. Օհանյանի քաղ. հայցով դատավարության հունիսի 5-ին նիստի մասին Նարան ասաց, որ այդ օրը ոչ թե ինքը, այլ իր փաստաբան Մարինե Եսայանն է այլ քաղաքացիական գործով դատի մասնակցել ու չի կարողացել Իջեւանում դատին մասնակցել: Նարան հայտարարեց, որ ինքը Իջեւանի, Բերդի, ճամբարակի տարածաշրջանների բնակիչերի կամ այլ անձանց պարտքեր չունի:

Իր կողմից Բերդի տարածաշրջանի գյուղապետերից մեկից 200 հազար դոլար վերցնելու մասին տեղեկության մասին նա հայտնեց, որ 2003 թվականից ինքն աշխատել է բարեգործական կազմակերպությունում, որն այդ գյուղում բուժկետ է կառուցել, կահավորվել, բնակիչներին առողջապահական ծառայություններ մատուցել: Գյուղապետից 200 հազար դոլար վերցնելու մասին մեր հարցին ի պատասխան Նարան ասաց. «Քննությունը կպարզի, թե ուր են գնացել գյուղապետի փողերը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930