Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքի առնչություն

Հունիս 10,2017 16:30
merujan Ter-Gulanyan

Կյանքս այնպես ընթացավ, որ ես իմ չունեցածով կամ ունեցածով, այսինքն թե` խոսքով եւ ոչ միայն խոսքով, այլեւ իմ ունեցած-չունեցածով փորձեցի պահել-պահպանել իշխանության կողմից երես չտված մտավորական իմ ընկերներին, հընթացս օգնեցի բոլորին` երբեմն նաեւ այդ նույն իշխանության օգնությամբ՝ նույնիսկ խնդրելով այդ օգնությունը, ու մոռացա ինձ եւ իմ սիրելիներին…

Եվ թերեւս երկու թե երեք ամիս առաջ էր, երբ ես վախով մտածում եւ գրում էի ձեր եւ իմ բախտի մասին եւ տագնապով ասում, թե շտապելը ձեռնտու չէ, իսկ ուշանալը՝ վտանգավոր: Չգիտեի ու չէի ձեւակերպել, թե ինչ նկատի ունեի շտապել ու ուշանալ ասելով:

Այնինչ իմ ամենամեծ սարսափն այն է, որ սեփական շահի-ծախսի հետեւից գնացող մարդիկ` անտարբեր ազգին եւ պետության ճակատագրին, դառնալով անձնապաստան, կգնան մինչեւ վերջ, ինչպես գնացել են, այսինքն թե` նույնիսկ հեղափոխության, որպեսզի եռապատկեն իրենց ծախսած փողը, որից, ներեցեք ինձ, ես անձնապես խորշում եմ, քանզի հեղափոխությունը շահի եւ իշխանության հասնելու եւ քանդելու ճանապարհ է: Այնինչ բարեփոխություններն են Աստծո եւ բարեհարդար պետության ուղին: Չի կարելի ուրանալ պետությունը՝ հանուն սեփական շահի եւ շահախնդրության:

Սերը, երբ դառնում է սովորություն, ափսոս, չափազանց հաճախ նաեւ՝ սննդարար, մենք էլ չենք զգում, որ մի օր այն դառնում է հոգս…

Շատ ավելի լավ է, որ սերն ու նվիրումը լինեն գաղափարի, այսինքն թե` մենք ոտքի ելնենք երթի հանուն մեր հավատամքի, հանուն հայրենյաց, որն է՝ մեր երկիրը, պետությունն ու պետականությունը մեր: Եվ ինչպես կասեր իմ սիրելի գրող Էքզյուպերին` սիրել իրար չի նշանակում նայել իրար, այլ նայել մեկ ուղղությամբ:

Կա պարզ նաեւ մի այլ բան. այսօր Հայաստանում աղքատներից, կիսաաղքատներից մինչեւ հարուստներ, վատ-լավ, տրտում սեփականության տեր են, մեկը` շատ-շատ, մյուսը` կիսաշատ, երրորդը` այնքանով՝ որքանով: Այնինչ սեփականատերը պետության ամենաամուր հիմքն է, եւ ըստ մերօրյա երկիր-կյանքի՝ հենց սեփականատերն է պետության խաղաղության եւ անվտանգության հիմքը:

Ես իմ կյանքում շատ եմ տեսել մարդկանց, որոնք նախանձել են ուրիշի ունեցվածքին եւ, ջղային զրույց-ցանկություններով հավերժ բողոքական, ուզեցել են հասնել իշխանական թախտին, բայց մի՞թե իշխանությունը փող է, եթե մենք պետություն ենք:
Շատ եմ տեսել նաեւ իշխանավորների, որոնք ժպիտի՝ համառորեն չմաշվող պաստառը դեմքերին ինձ հիշեցրել են մի տարօրինակ ուտելիք, եթե չեմ սխալվում, անունը զեֆիր էր` ուտելիք, որը քաղցր էր եւ շոկոլադապատ, բայց զարմանալիորեն մեջը փուչ, այսինքն թե` դատարկ:

Եվ հիշելով այսօր իմ այդ չսիրած ուտելիքը` մտածում եմ մեր՝ իշխանության միջոցով զարմանալի հարստացածների մասին, որոնք ինձ հիշեցնում են այդ տարաշխարհիկ ուտելիքը՝ փայլփլուն երեսով ու դատարկությամբ լցված անբովանդակությամբ:
Ավարտելով գիրս՝ ես զգում եմ, թե ինչպես եմ ուզում վերադառնալ տուն՝ անառակ որդու նման, որպեսզի հաշտվեմ իմ ներսում իմ չնչին վաստակի եւ մեծ չվաստակածի հետ:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

09.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930