Լրահոս
Օրվա լրահոսը

Տորթ «Շախմատ»

Հունիս 11,2017 12:30

Անհրաժեշտ մթերքները

Խմորի համար

6 ձու
2 բաժակ շաքարավազ
1 բաժակ բուսական յուղ
2 բաժակ թթվասեր
2 բաժակ մածուն
2 թեյի գդալ սոդա
1 բաժակ ընկույզ (պարտադիր չէ)
3-4 բաժակ ալյուր
2-3 ճաշի գդալ կակաո

Կրեմի համար

200 գրամ կարագ
1 տուփ խտացրած կաթ

1 ճաշի գդալ վանիլի մզվածք կամ մեկ տուփ վանիլի շաքար

կամ

300 գրամ 30% եւ ավելի յուղայնությամբ սերուցք

300 գրամ խտացրած կաթ

1 ճաշի գդալ վանիլի մզվածք կամ 1 տուփ վանիլի շաքար

Պատրաստման եղանակը

3 ձուն 1 բաժակ շաքարավազի հետ շատ լավ հարել, ավելացնել 0,5 բաժակ բուսական յուղ, 1 բաժակ թթվասեր, 1 բաժակ մածուն, 1 թեյի գդալ սոդա: Ցանկության դեպքում ավելացրեք նաեւ 0,5 բաժակ աղացած ընկույզ: Ապա` 1,5-2 բաժակ ալյուր: Եթե ընկույզ լցրել եք` ալյուրի քանակը պակասացրեք: Պետք է ստացվի թթվասերի պնդության խմոր: Լցնել ջեռոցի կլոր թավայի մեջ եւ դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Պատրաստ կլինի մոտ 20 րոպեից` փորձեք ատամի փայտիկով, եթե չոր դուրս գա` պատրաստ է, եթե ոչ` թողեք եւս մի քանի րոպե:

Ապա պատրաստեք շագանակագույն խմորը` մնացած բաղադրիչներով` 3 ձու+ 1 բաժակ շաքարավազ, ապա` 1 բաժակ բուսական յուղ, 1-ական բաժակ մածուն եւ թթվասեր, 1 թեյի գդալ սոդա, 1,5-2 բաժակ ալյուր եւ 3-4 ճաշի գդալ կակաո: Եփել նույն ձեւով` 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-30 րոպե:

Երբ խմորները պատրաստ լինեն, այսինքն` սենյակային ջերմաստիճանի հասած, խմորների մեջտեղի հատվածը շրջանաձեւ կտրեք եւ հանեք: Դա կարող եք անել որեւէ ափսե դնելով խմորի վրա եւ դրա շրջագծով սուր դանակով կտրելով, կամ որեւէ ավելի փոքր տրամագծի կլոր թավայով ուժեղ սեղմելով խմորը եւ կտրելով: Իսկ եթե ունեք որեւէ ամուր օղակ` պատրաստի խմորից 3-4 մատ ավելի փոքր շրջագծով, շատ ավելի հեշտ կլինի հանել մեջտեղի շրջանը: Մինչ այդ խմորների վրայից մի բարակ շերտ «տաշեք», լավ մանրացրեք` ձեւավորման համար:

Ապա սպիտակ խմորի փոքր տրամագծով շրջանը դրեք սեւ խմորի մեծ տրամագծով օղակի մեջ եւ հակառակը` սեւ խմորի միջի փոքր տրամագծով շրջանը դրեք սպիտակ խմորի մեծ տրամագծով օղակի մեջ:

Ի դեպ, եթե ձեր ջեռոցի թավայի շրջանագիծը փոքր է, խմորը լավ բարձր կստացվի, այդ դեպքում կարող եք ե’ւ սեւ, ե’ւ սպիտակ խմորները նախապես մեջտեղից կիսել երկու մասի, որից հետո նույն եղանակով ստանալ արդեն չորս խմորի շերտ: Այդ դեպքում տեսքն ավելի հարուստ կլինի: Բայց ավելի շատ կրեմ կպահանջվի: (Տես լուսանկարը):

 

Երբ կրեմը պատրաստ լինի, կրեմով իրար միացրեք երկու խմորները, վրան նույնպես պատեք կրեմով, ապա վրան դանակով բաժանեք շախմատաձեւ հատվածների եւ մանրած սեւ ու սպիտակ խմորները լցրեք` շախմատաձեւ: Կարող եք խմորի փշրանքների փոխարեն ձեւավորել քերած շոկոլադով եւ նուշի փաթիլներով կամ աղացած ընկույզով: Կարող եք նաեւ ընկուզապատել տորթի եզրերը:
Կրեմի համար լավ հարեք սենյակային ջերմաստիճանի հասած կարագը եւ քիչ-քիչ ավելացրեք խտացրած կաթը, վերջում` մի գդալ վանիլի մզվածք կամ 1 տուփ վանիլի շաքար:

Կարող եք կրեմ պատրաստել նաեւ հարած սերուցքով եւ խտացրած կաթով: Լավ հարեք 300 գրամ բարձր յուղայնության` 30 տոկոսից ոչ պակաս, սերուցքը, ապա գդալ-գդալ ավելացրեք նույնքան խտացրած կաթը, վերջում` վանիլին:


Դրեք սառնարան առնվազն 4-5 ժամով, ապա մատուցեք:


Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

10.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930