Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի խախտումները. Հրապարակվեց «Անկախ դիտորդի» զեկույցը

Հունիս 13,2017 17:36

Սահմանադրության պարտադրված փոփոխությունից հետո Երեւանի ավագանու եւ ԱԺ ընտրությունները առաջին մեծ ընտրություններն էին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ սա քննություն էր:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն այսօր խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունների դիտարկման ամփոփիչ զեկույցը ներկայացրեց:

Ըստ զեկույցի, ՀՀԿ-ն ֆինանսական միջոցներով ԱԺ ընտրություններին երեք անգամ գերազանցել է մյուս քաղաքական ուժերին: Գույքի առումով էլ, ըստ զեկույցի, մյուս կուսակցությունները որեւէ գույք չունեն, մեկ բնակարան ունի ՀԺԿ-ն, բավականաչափ գույք ունեն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Երեւանի ավագանու ընտրություններում ամբողջ նախընտրական քարոզչության համար ծախսված գումարի 89 տոկոսը ծախսել է ՀՀԿ-ն:

Ընտրատեղամասերը շատ դեպքերում մատչելի չեն եղել սայլակով տեղաշարժվող մարդկանց համար, եթե նույնիսկ թեքահարթակներ եղել են, դրանք եղել են ոչ գործածելի. «Եթե նույնիսկ մուտքի մոտ էլ հասնեին, ներս մտնելու հնարավորություն չկար, մուտքը նեղ էր»: Դիտարկված 200 տեղամասերից լիովին մատչելի են եղել 40 տեղամաս:

Քվեարկության ընթացքում դիտորդները պարբերաբար ահազանգել են, որ կան կուտակումներ տեղամասերում, կուտակումներ չեն եղել տեղամասերի 60 տոկոսում:

Տեղամասերի 17 տոկոսում մարդկանց կազմակերպված տեղափոխել են: Տեղամասերի 9 տոկոսում օգնելու իրավունք չունեցող անձանց օգնել են, իսկ քվեախցիկում օգնողների տվյալները չգրանցելու տվյալներ եղել են 22 տոկոսում:

Զեկույցի հեղինակները նկատեցին. «Պարբերաբար եղել են դեպքեր, երբ ընտրողի հետ քվեախցիկ է մտել կողմնակի անձ՝ ուղղակի վերահսկելու նպատակով: Քվեաթերթիկները քվեախցիկից դուրս են լրացվել կամ ծրարի մեջ դրվել դիտարկված տեղամասերի կեսից ավելիում: Ունեցել ենք տեղամասեր, որտեղ ծրարով դուրս բերված քվեաթերթիկը հանել, ստուգել են, նորից դրել: Ունենք նաեւ տեսանյութեր: Բարձրաձայնվել են՝ ՀՀԿ-ի կամ 3-րդ համարի օգտին եմ քվեարկել արտահայտություններ, կամ ընտրողին հուշել են՝ գիտես չէ՞ ում ես քվեարկելու կամ ասել են համարը»:

Զեկույցում կեղծ դիտորդների, գունավոր գրիչների մասին նույնպես արծարծված է: Ընդ որում, զեկույցում նշվում է, որ գունավոր գրիչներով ընտրողները քվեարկել են ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի օգտին:

Զեկույցում նաեւ բարեգործությունների՝ քողարկված ընտրակաշառքի մասին բաժնում տեղ է գտել ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանի՝ Վանաձորի շտաբում ընտրակաշառքի բաժանման դեպքը, նաեւ նշված է, որ թեկնածուները բաժանել են բնամթերք, դրամական պարգեւներ, նվերներ, պարեն, ուսման վարձ են փոխհատուցել, ծառայություններ մատուցել, խաղահրապարակներ կառուցել եւ ասֆալտապատում իրականացրել: Նման 42 դեպք է արձանագրվել:

Զեկույցում նշվում են օրինակներ, երբ ընտրողների մոտ հայտնաբերվել են կուսակցությունների համարների նշումով թերթիկներ, քվեաթերթիկներ: Օրինակ, 8/35 տեղամասում մի տարեց ընտրողի գրպանում ՀՀԿ-ի քվեաթերթիկի նմուշ է հայտնաբերվել՝ տարածքային թեկնածու Արայիկ Հովհաննիսյանի օգտին քվեարկած: Հանձնաժողովի նախագահն էլ ընտրողին ասել է՝ «Հետ դիր գրպանդ, մենք քեզ նորերը կտանք»:

Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի, միայն այն գրաֆիկից, որտեղ կուսակցությունների հայտարարագրած գույքն ու ունեցվածքն է, երեւում է, թե որ ուժերն են իշխանության մեջ, որոնք՝ ոչ. «Դիտորդները քվեարկության գաղտնիության խախտումներ էին տեսել դիտարկված տեղամասերից մեծ մասում: ԱԺ ընտրությունների ժամանակ 70 հազարից ավելի ընտրողներ քվեարկել են օգնողների միջնորդությամբ: Համեմատության համար ասեմ, որ տեսողական խնդիրների պատճառով հաշմանդամության կարգ ստացած հայաստանցիների ընդհանուր թիվը չի գերազանցում 20 հազարը: Սա ասեմ, որ պատկերացում լինի, թե այդ 70 հազարից քանիսն էին, որ չէին կարող ինքնուրույն քվեարկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930