«Մենք՝ լիտվացիներս, շատ ենք սիրում հայերիդ»

«Մենք՝ լիտվացիներս,  շատ ենք սիրում հայերիդ»

Հայաստանում էր ճանաչված
թատերական գործիչ Գիտիս Պադեգիմասը

Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում «Էպսիդոն» թատերախմբի հիմնադիրներից դերասան, ռեժիսոր, սցենարիստ Արմեն Սարգսյանը հայտնել էր, թե իր նպատակն է եղել «ունենալ երիտասարդական խումբ, չգնալ պետական թատրոն, լինել անկախ»: Թատերախումբն արդեն 5 տարեկան է եւ ընդլայնելով սեփական «անկախ» դաշտը, առաջին անգամ Հայաստան է հրավիրել լիտվացի ճանաչված թատերական գործիչ, Միխայիլ Չեխովի տեսության գիտակ Գիտիս Պադեգիմասին (լուսանկարում): Վերջինս վարպետության դասընթացներ է անցկացրել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

«Առավոտի» հետ զրույցում Գիտիս Պադեգիմասը նշեց, որ իր առաջին այցն է մեր երկիր, նախաձեռնողներն էլ «Էպսիդոն» թատերախումբն ու նրա գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանն է եւ ոլորտի որոշ երիտասարդներ: «Տաղանդավոր եւ ամենակարեւորը՝ նպատակասլաց երիտասարդ է Արմենը, որի հետ ծանոթացել եմ Մոսկվայի թատերական գործիչների միության կազմակերպած ամառային դպրոցում,- հայտնեց մեր զրուցակիցը, ապա հավելեց,- թեեւ Հայաստան առաջին այցս է, սակայն հիանալի գիտեմ ձեր մշակույթն ու արվեստագետներին, շատերի հետ մտերմությունը վերածվել է բարեկամության: Ընտանիքս ծանոթ էր Գուրգեն Մահարու հետ: Նրա կինը համերկրացիս էր: Լիտվացիների թարգմանությամբ քանիցս հրատարակվել են Մահարու գործերը. ո՞վ չի հիացել Գոհար Գասպարյանի, Զառա Դոլուխանովայի, Պավել Լիսիցյանի եւ մյուս երգիչների արվեստով: Ափսոսում եմ իմ բարեկամ Գեղամ Գրիգորյանի, որի տիկինը նույնպես համերկրացիս է, վաղաժամ մահվան կապակցությամբ, բայց մի փոքր էլ սփոփվում եմ, որ նրա դուստրը՝ Հասմիկը, մեծ կարիերա է անում արեւմտյան ճանաչված բեմերում: Էլ չեմ խոսում Փարաջանովի եւ ձեր գեղանկարիչների մասին: Ի վերջո, ԳԻՏԻՍ-ում ուսանելու տարիներին ինձ դասավանդել է թատերագետ, արվեստագիտության դոկտոր Գեորգ Գոյանը…»:
Տարբեր բեմերում ավելի քան 100 ներկայացում իրականացրած ռեժիսորից եւ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, չեխովյան ուսմունքի տարածողից հետաքրքրվեցինք այդ ուղղությամբ, քանի որ Միխայիլ Չեխովը 1920-ականներին արտաքսվել էր ԽՍՀՄ-ից, ապրել ու գործունեություն ծավալել ԱՄՆ-ում, հանգչում է Լաս Վեգասի գերեզմանատանը, իսկ Գիտիս Պադեգիմասը նրա ուսմունքի եզակի տարածողներից է:

Գիտիս Պադեգիմասի դասերը մեր թատերական ինստիտուտում:

«Չեխովյան ստեղծագործական մեթոդի առանցքում, բնականաբար, դերասանն է, որը հենց ինքն իրեն պետք է գտնի, բացահայտի եւ լիարժեք զարգացնի սեփական ստեղծագործական տաղանդը: Տպավորիչ լինելու համար նշեմ, որ սա յուրօրինակ իմպրովիզացիա է, այն էլ ջազային: Գիտեմ, որ հայերդ ջազի մեծ սիրահար եք: Ընդ որում, այս ուսմունքը վաղուց Արեւմուտքում հետաքրքրել է ոչ միայն թատրոնի մարդկանց:

Չեխովի մոտ են ուսանել այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Մերիլին Մոնրոն, Մարլոն Բրանդոն եւ այլք: Ավելին՝ այս ուսմունքը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են սովորել, բացահայտել եւ լիարժեք զարգացնել իրենց ստեղծագործական տաղանդը որեւէ կոնկրետ գործունեությամբ: Ինձ մոտ դասընթացների են հաճախում տարբեր ոլորտի մարդիկ՝ բիզնեսմեններ, քաղաքական գործիչներ եւ այլն,- տեղեկացրեց մեր զրուցակիցը, ապա սահուն անցում կատարեց, գովեստի խոսքեր շռայլելով մեր թատերական ինստիտուտի ուսանողների հասցեին,- ոչ միայն ուսանողները, այլեւ ընդհանրապես հիացա ձեր երիտասարդներով: Գիտեն մեծին հարգել, այլ ոչ թե մեր երիտասարդների նման. բոլորը անխտիր աստղեր են, հաճախ նույնիսկ արհամարհում են մասնագետի, այդ թվում՝ մեծ արվեստագետի խոսքը, եւ այլն: Հիացած եմ Երեւանով: Ոչ մի քաղաքում չեմ տեսել այսքան արվեստագետների հուշարձաններ, եւ ոչ միայն արվեստագետների: Ամեն քայլափոխի հանդիպում եմ հայ մեծանուն գիտնականների, շինարարների, ճարտարապետների եւ այլ ոլորտների երախտավորների անունը հավերժացնող հուշատախտակների: Վերադառնալով Լիտվա՝ պետք է խնդրեմ, որ հայերի օրինակով մենք էլ կարողանանք հավերժացնել մեր մեծերին»:

Զրույցի ընթացքում Գիտիս Պադեգիմասը իր տպավորությունները ներկայացրեց Եղեռնի հուշարձանից ու Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից:

Մեր զրուցակիցը մի փոքր էլ մենախոսեց, առանց մեկնաբանության էլ ասաց. «Մենք՝ լիտվացիներս, իսկապես սիրում ենք հայերիդ եւ շատ էինք ուզում, որ Ձեր երկիրն էլ դառնա Եվրամիության անդամ»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

13.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք