Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ այլընտրանքային էներգիային, որպեսզի «Գազպրոմը» չնեղանա

Հունիս 14,2017 22:00

Համաշխարհային էներգետիկ հեղափոխությունը
ՀՀ կառավարությանը «չի հետաքրքրում»

Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի մայիսյան հայտարարությունը՝ Հայաստանում արեւային էներգետիկան զարգացնելու հնարավորությունների վերաբերյալ, այդպես էլ չի արժանանում ՀՀ կառավարության բարեհաճությանը: Խոսքը այդ շուկայի 8 միլիարդ դոլարի տարողության մասին է, կոնկրետ առաջարկների, որով հանդես եկան վեց ամերիկյան ընկերություններ, նրանց թվում՝ այնպիսի հսկաներ, ինչպիսիք են է «Ջեներալ Էլեկտրիկը» եւ «Կատերպիլերը»:

Միացյալ Նահանգների առաջարկությունը միայն բիզնես չէ: Հասկանալի է, որ Հայաստանում արեւային էլեկտրակայանների ցանցը ձեւավորվելու եւ զարգանալու պարագայում, այն էլ ամերիկյան բազմամիլիոն եւ, ինչու ոչ՝ բազմամիլիարդ ներդրումների արդյունքում, էապես նվազեցվելու են Հայաստան գազի ներկրման պահանջարկը եւ անհրաժեշտությունը: Իսկ սա էլ նշանակում է, որ ոչ միայն թուլանալու է ռուսական «Գազպրոմի» լծակը Հայաստանում, այլեւ մեր երկիրը ձեռք է բերելու Ռուսաստանի հետ համեմատած միանգամայն այլ տեխնոլոգիական մակարդակ եւ մշակույթ: Բացի դրանից, ահռելի ներդրումների ներհոսքը ԱՄՆ-ից թուլացնելու է Հայաստանի կախվածությունը ռուսական տարածաշրջանային քաղաքականության քմահաճույքներից՝ դրանով իսկ ստանալով ռազմավարական նշանակություն Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ապագայի համար, ընդ որում՝ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգության:
ՀՀ կառավարության պաշտոնական լրահոսը նույնիսկ տեղ չի հատկացրել այս առաջարկությանը: Իսկ խոսքն ընդամենը այն մասին է, որ ՀՀ իշխանություններն ընդամենը պիտի երաշխավորեն հավասար պայմաններ բոլոր ընկերությունների համար, ոչ ավելին: Այսինքն՝ այդպիսի երաշխիք կառավարությունն ըստ ամենայնի չի էլ պատրաստվում տալ եւ իր դժկամությամբ հասկացնել է տալիս, որ այս առաջարկությունն իր սրտով չէ: Այդպես է ստացվում:

Մինչդեռ եթե ֆիքսենք իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի տնտեսությունն՝ ընդհանրապես, էներգետիկան եւ գազից կախված տրանսպորտը՝ մասնավորապես, թելադրում է, որ կառավարությունն օր առաջ գործուն քայլեր ձեռնարկի այս առաջարկությունը կյանքի կոչելու ուղղությամբ: Սակայն, ինչպես տեսնում ենք, իրականությունն այլ է:

Մենաշնորհն իրենով արած «Գազպրոմ Արմենիան» վերածվել է մի հնդկական կովի, եւ ամեն ինչ պետք է ծառայի նրա գերշահութաբեր ռեժիմի պահպանմանը: Հայաստանին չի թույլատրվում գազ ներկրել Իրանից՝ բացառությամբ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով, որը պետք է ռուսական կողմն արտահանի Իրան: Իսկ «Ռոսնեֆտին» նվիրաբերած մենաշնորհի բերումով բենզինի եւ դիզվառելիքի աննորմալ բարձր գները եւ նրանց «սպասարկող» ակցիզները հանգեցրել են նաեւ տրանսպորտի կախվածությանը գազից:

Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում տեղի է ունենում մասշտաբային էներգետիկ հեղափոխություն, եւ ամբողջական ավաններ եւ քաղաքներ են անջատվում ընդհանուր էներգամատակարարման համակարգից, որովհետեւ տանիքների վրա սկսել են կղմինդրի փոխարեն տեղադրել արեւային պանելներ, ազատ, հողագործության համար չօգտագործվող տարածքներում էլ տեղադրում են քամու գեներատորներ, ինչը վերականգնվող, էկոլոգիապես մաքուր էներգիայի անսպառ աղբյուր է: Բացի դրանից, Իլոն Մասկի ընկերությունները՝ «Տեսլան» եւ նրան հետապնդող մրցակիցներն անցած՝ ընդամենը մի քանի տարվա ընթացքում նոր տիպի ավտոմոբիլների մոդելային շարքեր են առաջարկել միլիոնավոր սպառողների, ինչի հետեւանքով ածխաջրածնային վառելիքը դարձել է խմելու ջրից էլ էժան: Եվ հաստատապես այս միտումը շարունակվելու եւ խորանալու է, քանզի դեռ իրենց խոսքը չեն ասել, օրինակ, ճապոնացիները եւ գերմանացիները, որոնք միլիարդավոր դոլարներ են ծախսում այս նոր տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ:

Եվ դեսպան Միլսի առաջարկը նաեւ առաջարկ է Հայաստանին օգտվելու այս չափազանց հեռանկարային, տեխնոլոգիական եւ տնտեսական ճեղքում երաշխավորող հնարավորություններից:

Իսկ եթե Հայաստանը փաստորեն մերժում է այս հեռանկարը, ապա հարց է ծագում, թե ուրիշ ինչի՞ վրա է հույս դրել Կարեն Կարապետյանի կառավարությունը: Ակնհայտ է, որ Վերին Լարսով կոռումպացված եւ մեռնող ռուսական շուկա լոլիկի, ծիրանի եւ այլ գյուղմթերքի արտահանումն այլեւս իրեն սպառել է տնտեսական աճի առումով եւ որակական փոփոխություններ բերել չի կարող:

Մոսկվան ռուսական ԶԼՄ-ներով եւ ռուսական «փորձագետների» շուրթերով փնթփնթում է, որ ռուսներին «դեռ չի հաջողվել» ներթափանցել Հայաստանի ՏՏ-շուկա եւ այնտեղ էլ «ազդեցություն» ունենալ: Դե, իհարկե՛, այդ մի բանը չեն հասցրել ապականել, կոռումպացնել, մոնոպոլիզացնել, ենթարկել «ատկատի» եվրասիական «արժեքներին», եւ դժվար չէ պատկերացնել նաեւ, թե ինչպես կվերաբերվեն ամերիկացիների այս առաջարկին «Գազպրոմի» պրոպագանդիստական գվարդիայի «հետեւակայինները»: Առաջին անգամ չէ եւ նորություն չէ, որ ռուսներն ուղղակի դիրեկտիվ կերպով կարող են արգելել իրենց «դաշնակիցներին» օգտվել Արեւմուտքի, ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորություններից: Նույն կերպ նրանք վարվեցին անցյալ դարի 40-ականներին, երբ արգելեցին Չեխոսլովակիային, Լեհաստանին եւ այն տարիների Արեւելյան Եվրոպայի այլ երկրների օգտվել Մարշալի պլանից, ինչը նրանց կես դարով հետ գցեց Արեւմտյան Եվրոպայի հարեւաններից՝ ստիպելով բացը լրացնել միայն Վարշավյան պակտի եւ ԽՍՀՄ փլուզումից հետո:

Եվ եթե այս տրամաբանությունն է գերիշխում Հայաստանի պարագայում, իսկ ոնց որ թե այլ բացատրություն սրան չկա, եւ Արեւելյան Եվրոպան հիմա մենք ենք, ապա զարմանալի չէ նման վերաբերմունքը ՀՀ կառավարության կողմից: Զարմանալին ուրիշ բանն է:
Զարմանալին այն է, որ Հայաստանում քաղաքական ուժ համարվող կազմավորումներից գրեթե ոչ մեկն այդպես էլ համարժեք արձագանքի չարժանացրեց ԱՄՆ առաջարկը:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

14.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930