Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննիչի գործը ես եմ արել». Անի Զախարյանը դժգոհ է նախաքննությունից

Հունիս 14,2017 21:24

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը պնդում է, որ մեղադրողը որեւէ հիմք չունի իր գործով թեկուզ պայմանական ազատազրկում պահանջել:

«Որովհետեւ այստեղ գործում որեւէ դատավճիռ կայացնելու համար կարեւոր է մի հարց՝ կա՞ն փաստեր, թե՞ չկան: Փաստեր չկան, կան ընդամենը ցուցմունքներ, իսկ փաստերի ոչ առկայության դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք արժանահավատ են ոստիկանների  ցուցմուքնները, թե՝ ոչ: Միայն ցուցմունքը չի կարող հանդիսանալ ապացույց, բացի այդ մեքենայի զննություններ են անցկացվել առանց ընթերականների, թույլ են տրվել քրեաիրավական  անօրինականություններ, համակողմանի քննություն չի իրականացվել, քննիչի աշխատանքը ես եմ իրականացրել՝ պրպտելով համացանցը, գտնելով տեսանյութեր, որտեղ հստակ երեւում է , որ ՊՊԾ գնդում հնչած կրակոցներն են հետեւանք հանդիսացել, որ ժողովրդին թվացել է, որ հարձակվել են տղաների վրա, իրենք էլ դիմել են ոչ իրավաչափ քայլերի… հավաքվածներից մեկն էլ կամայական ձեւով որոշել է կոտրել ոստիկանական մեքենան, ահա ամբողջ ճշմարտությունը, որը բացահայտել ենք դատարանում»,- ասաց Անի Զախարյանը:

Նրա խոսքով, իր վերջնական ճառի ժամանակ ասելու է, որ այս գործը հիմքեր չունի. «Չեմ կարծում, որ քավության նոխազ են ուզում ինձ սարքել, պարզապես կարծում եմ՝ ոստիկանական համակարգի գլխավերեւում կանգնած մարդիկ  շատ լավ հասկացել են, որ ես շատ  վճռական եմ տրամադրված իրենց ապօրինությունների նկատմամբ,  հետեւողական ձեւով Հատուկ քննչական ծառայությանն անհանգստացնում եմ եւ պահանջում եմ հետաքննություն անել ու պատժել քաղաքացիական հագուստով այն ոստիկաններին, որոնք ապօրինությունների են դիմել, առնվազն ոստիկանապետի պաշտոնանկություն պետք է լինի, սա պատասխան քայլն է  պաշտպանվելու ու ինձ այն իրավիճակում են փորձում դնել, որ չկարողանամ իմ սկսած իրավական գործընթացը հասցնել ավարտին»:

Հիշեցնենք, որ Անի Զախարյանը  մեղադրվում է հուլիսի 19-ին ժամը 20-ի սահմաններում Երեւանի Խորենացի եւ Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով կոչեր հնչեցնելու  եւ մի խումբ ինքնությունները չպարզված անձանց դրդելու կոտրել եւ վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ: Անի Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք նաեւ, որ այսօր մեղադրող դատախազը Անի Զախարյանի գործով դատական նիստին պահանջեց պայմանական ազատազրկման դատապարտել նրան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930