Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազությունը զբաղվում էր դրանով եւ գնահատականը պետք է լինի». Մուկուչյանը՝ ՍԱՍ-ի Արտակի ձայնագրության մասին

Հունիս 15,2017 15:19

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵԽ-ի կազմակերպած «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողովի ժամանակ ԿԸՀ-ին ասել էր, որ պետք է փոխել իրենց կազմը, որ մարդիկ վստահեն:

Համաժողովի ընդմիջմանը Տիգրան Մուկուչյանին հարցրեցինք՝ չնայած ասացիք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներում կարող էին ընդգրկվել քաղհասարակության, ընդդիմության ներկայացուցիչներ, բայց որեւէ դիմում չի եղել, ամեն դեպքում Պյոտր Սվիտալսկին խորհուրդ տվեց, հորդորեց ԿԸՀ-ի կազմում ընդգրկել ընդդիմադիրներ, քաղհասարակության անդամներ, որ հանրության վստահությունը մեծանա:

Նա պատասխանեց. «Դա ընտրական հանձնաժողովի ձեւավորման խնդրին է վերաբերում: ԿԸՀ-ն անկախ մարմին է, ըստ էության, ամրագրված են իրավանորմեր Սահմանադրությամբ, ԸՕ-ում, ինչ մոդելով պետք է ձեւավորվի՝ որոշում է բացառապես ՀՀ ԱԺ-ն: Հետեւաբար դրա վերաբերյալ կարող են լինել տեսակետներ, կարծիքներ, գաղափարներ եւ այլն, բայց այդ ամեն ինչը պետք է դիտարկել՝ սոսկ կարծիքի ենթատեքստում: Եթե ԱԺ-ում ընտրվել է հանձնաժողովի ձեւավորման այս մոդելը, դա բնավ չի նշանակում, որ այդ մոդելը վատ մոդել է եւ ի զորու չէ իրականացնել ԸՕ-ով ամրագրված կանոնակարգումները»:

Դիտարկմանը, որ մտահոգություն եղավ անարժանահավատության մասին, Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Ես չգիտեմ որտեղից են ձեւավորվել այդ մոտեցումները, ԿԸՀ-ի աշխատանքի եւ ընդհանրապես ընտրությունների հետ կապված անարժանահավատության վերաբերյալ ներկայացված գնահատականները, եթե դա ընկալվել է այդքան ծայրահեղ, ապա երեւի թե նաեւ ընկալման առումով է սխալ եղել: Ինչ վերաբերում է ընդհանրապես արժանահավատության հետ կապված խնդիրներին, ԱԺ ընտրությունների ավարտից հետո եւ հանրային վերաբերմունքը, եւ հանրության գնահատականը լիարժեք ծավալով են արտահայտում ընդհանուր վերաբերմունքը: Ես շեշտադրում անելով ազնվության մասին՝ բոլորին կոչ էի անում, որ դիտարկվի կատարված այն հսկայածավալ դրականը, որը իրականացվեց թե՛ նոր ԸՕ-ի ընդունմամբ, թե՛ դրա իրավադրույթների կիրառմամբ»:

Մեր հարցին՝ Սվիտալսկին նշեց, որ կա ընկալում ԿԸՀ-ի մասին, չեն վստահում, խնդիր չկա՞ այդտեղ՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Այդ վստահության խնդրի առումով, եթե բացարձակության կամ ծայրահեղության մեջ է ընկալվել այդ գնահատականը, ես, համենայնդեպս, այդպես չեմ ընկալել: Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի հրապարակած թվերի արժանահավատությանը, դրա դրսեւորումը տեսել ենք հետընտրական ժամանակաշրջանում»:

Ընտրատեղամասից դուրս խախտումների հետ կապված Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դրանք պետք է արձանագրվեն եւ դառնան քննության առարկա. «Իհարկե, եթե մի օրվա հաշված ժամերի ընթացքում իրավահարաբերության մեջ են մտնում բազմաթիվ քաղաքացիներ, հնարավոր են նաեւ առանձին դեպքեր: Բայց ես միաժամանակ ճիշտ չեմ համարում, երբ վերցվում են առանձին դեպքեր եւ դրանց վրա արվում հանրային ընդհանրական բնույթ կրող դատողություններ: Դա, կարծում եմ, ճիշտ եզրահանգման չի կարող հանգեցնել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է, որ ԵՄ դեսպանի ուշադրությունը գրավել էր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի նախընտրական ժողովը, ձայնագրությունը, իսկ մեր իշխանությունները, ԿԸՀ-ն դրա վրա ուշադրություն չի դարձնում՝ պարոն Մուկուչյանը պատասխանեց. «Դա եղել է հետընտրական շրջանում, դրա վերաբերյալ կային նյութեր, դատախազությունը զբաղվում էր դրանով եւ գնահատականը պետք է լինի: Բայց մասնավոր վերցնել ինչ-որ մի դեպք ու դրա վրա կառուցել ամբողջ դատողությունը ընտրական գործընթացների՝ ճիշտ մոտեցում չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930